Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե երգեհոնը տեղադրվեր Կաթողիկե եկեղեցում, նման ճակատագրի չէր արժանանա»

Հոկտեմբեր 18,2021 12:30

Հարցազրույց ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահար Նարինե Սիմոնյանի հետ

– Տիկին Սիմոնյան, շուրջ 30 տարի ապրում եւ ստեղծագործում եք Փարիզում: Դաշնամուրային եւ երգեհոնային համերգներով հանդես եք եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում Ամերիկայի, Շվեյցարիայի, նաեւ՝ Փարիզի Աստվածամոր տաճարների ցանկալի հյուր երգեհոնահարուհին եք: Մեր դիտարկմամբ արտերկրում ապրող եզակի երաժիշտներից եք, որի «մեկ ոտքը դրսում է, մյուսը՝ հայրենիքում», մասնավորապես ձեր ծննդավայր Գյումրիում: Հիշում ենք, երբ 2008թ. հերթական համերգի ժամանակ, Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարող կենտրոնական հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել երգեհոնային երաժշտություն ունկնդրելու, այդ ժամանակ, Դուք մեզ հավաստիացրիք, որ երգեհոն եք նվիրելու քաղաքին եւ տարիներ անց՝ 2018թ. ձեր խոստումի տերը եղաք: Տասնամյակների ընթացքում էլ ձեր համերգային շրջագայությունների ողջ հասույթը, նաեւ հովանավորների հանգանակած գումարներն ուղղեցիք մեկ նպատակի. գնվեց երգեհոն ու տեղադրվեց Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում: Սակայն վերջին շրջանում մեզ ահազանգում են, հավաստիացնելով, որ երգեհոնը գտնվում է անմխիթար վիճակում…

– Ցավոք, ձեզ հասած տեղեկությունն իրականություն է: Այն Ստրասբուգում հայտնի երգեհոնաշինարար Ռոտինգերի 1961թ. գործիքն է: Սուրբ Նշան եկեղեցում տեղադրելը պատահական չէր, քանի որ մանկությունս այս եկեղեցու բակում է անցել: Մինչեւ այսօր չեմ կարողանում ուշքի գալ, հասկանալ, թե ինչպես կարելի է վերաբերվել գործիքի հետ: Ըստ պարտավորությունների, բացարձակ ոչ մի խնամքի չի արժանացել գործիքը…

– Իսկ ով կամ ովքեր են մեղավոր այս հարցում:

– Դե գիտեք, եթե երգեհոնը Սուրբ Նշան եկեղեցում է, չեմ ուզում օգտագործել մեղավոր բառը, բայց այդ ամենի պատասխանատուն իմ կարծիքով սրբազան Աջապահյանն է: Թույլ տվեք ասել՝ այս դեպքում ինքս ինձ եմ մեղադրում, որովհետեւ պայմանագրի կազմման ժամանակ չպետք է նվիրաբերություն ձեւակերպեի, ինչը փաստորեն աշխատեց իմ դեմ: Առանց մանրամասնելու էլ նշեմ, եթե երգեհոնը տեղադրվեր Կաթողիկե եկեղեցում, նման ճակատագրի չէր արժանանա:

– Շատ լավ, հիմա ինչ է լինելու գործիքի ճակատագիրը:

– Վիրավորված եմ ու հիասթափված: Ոչ մի քայլ չեմ ձեռնարկի մինչ եկեղեցին ինձ հետ չքննարկի այդ հարցը: Ինձ հետ Երեւան էին ժամանել Եվրոպայի լավագույն երկու երգեհոնային մասնագետներ-վարպետներ: Ինձ ճիշտ հասկացեք, այսօր էլ պատրաստ եմ դարձյալ միջնորդելու, որպեսզի լավագույն երգեհոնաշինարարները այցելեն Հայաստան, ավելին, նրանք նվազագույն գումարով կնորոգեն ոչ միայն Գյումրիի, այլեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան երգեհոնները, եթե իհարկե, դրանց կարիքը զգացվում է: Ախր, ինչպես չբարձրաձայնեմ` ֆրանսիացի երգեհոնաշինարար-վարպետ Դանիել Բիռուստը, որը 25 գործիք է պատրաստել, 36 հին երգեհոններ է վերանորոգել, ինձ հավաստիացրել էր, որ Գյումրիի երգեհոնը կծառայի մինչեւ 200 տարի…

– Հիմա գանք հայաստանյան երգեհոնային երաժշտության երեկոներին, որոնք եթե չասենք վերջին տարիներին դադարել են, ապա կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել շուրջ 10 տարիների ընթացքում տեղի ունեցած այդ համերգները: Լայն լսարանին էլ տեղեկացնենք, որ իսկապես հարուստ ավանդույթներ ենք ունեցել այդ ժանրում, սկսած երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանից, ապա՝ Արթուր Ադամյան… մեր ժամանակներում Թերեզա Ոսկանյան, Հովհաննես Մանուկյան եւ այլն…

– Հայաստանյան մշակույթում վերացել է հոգեւոր բաղադրիչը: Հարցի լուծումը պետք է որոնել:Համոզված եմ, ցանկության դեպքում կգտնվի ելքը:

– Ըստ մեր տեղեկությունների, օրերս ձեր հրավերով Հայաստան է ժամանելու իտալացի ճանաչված երգեհոնահար, կլավեսինահար Ստեֆանո Ինտրիերին: Կուզեինք լսել, թե ինչ նպատակով:

– Ստեֆանոն ոչ միայն հայտնի երաժիշտ է, այլեւ Վերսալի Բարոկկ օպերային թատրոնի երգեցողության վարպետը: Շուրջ քսան օր գտնվելու է Գյումրիում, եւ աշխատելու ենք Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերային ներկայացման բեմադրությունների վրա: Ըստ էության, սա կրթական ծրագիր է նաեւ, իսկ բեմադրական աշխատանքներին ընդգրկված են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նվագախումբը, Մարիամ Կաթողիկե եկեղեցու երգչախումբը, օպերային երգիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայից:
Բեմադրիչն էլ հանրահայտ խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն է: Կարող եմ նաեւ տեղեկացնել պրեմերիայի օրերը` նոյեմբերի 13 եւ 15, վայրն էլ՝ Գյումրիի մշակույթի եւ սպորտի պալատ:

Զրուցեց՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031