Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակվում են դեռ տնակում

Դեկտեմբեր 08,2023 14:30

Խնդրում են երկրաշարժից անօթեւան մնացած արտահերթ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձանց հերթացուցակում հաշվառել

Ըստ հայցվոր Մանուկյանների՝ «1988 թվականի աղետալի երկրաշարժից 35 տարի անց, որպես աղետալի երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիք, դուրս ենք մնացել պետության հոգածությունից եւ մնացել առանց օթեւանի: Տարիներ շարունակ հետաքրքրվել ենք Գյումրու համայնքապետարանից բնակարան ստանալու ժամկետների հետ կապված, ինչի կապակցությամբ տեղեկացվել ենք, որ գտնվում ենք հերթացուցակի մեջ եւ պետք է սպասենք»: Դեկտեմբերի 21-ին Շիրակի մարզի բնակիչների գործով հերթական դատական նիստն է նշանակվել վերաքննիչ վարչական դատարանում:

Հայցվոր Հասմիկ Մանուկյանը հանդիսանում է Կատյա Մանուկյանի որդու՝ Հովհաննես Յուրիկի Մանուկյանի կինը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից առաջ հայցվորի ամուսինը, նրա հայրը, մայրը բնակվել են Գյումրիի Գերցենի փողոցի 8-րդ շենքի թիվ 8 բնակարանում: Աղետալի երկրաշարժից հետո նշված շենքը փլուզվել է, որի արդյունքում ամուսինը, հայրը, մայրը մնացել են առանց տան եւ ձեռք են բերել անօթեւանի կարգավիճակ:

Գործում առկա ապացույցներից մեկի համաձայն, Հայաստանի Հանրապետության ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14.03.1985 թվականի 10-րդ որոշման հիման վրա ընդունված թիվ 8 միասնական օրդերի հիման վրա է Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի 8-րդ շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկի 3 սենյականոց բնակարանը հատկացվել Կատյա Խաչատուրի Մանուկյանին՝ 4 հոգանոց ընտանիքը հետեւյալ կազմով՝ Կատյա Մանուկյան, Յուրիկ Մանուկյան, Արեգնազ Մանուկյան, Հովհաննես Մանուկյան:

Շիրակի մարզպետի 16.01.2004 թվականի թիվ 9 որոշման համաձայն՝ հաշվի առնելով աղետի գոտու վերականգնման շրջանակներում կառուցված պետական բնակարանային ֆոնդի բաշխումն իրականացնող հանձնաժողովի 16.01.2004 թվականի թիվ 34 արձանագրությունը եւ ղեկավարվելով ՀՀ կառավարության 21.11.2002 թվականի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխման եւ 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» թիվ 1935-Ն որոշմամբ՝ աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով Շիրակացի 1 հասցեում գտնվող թիվ 3 բնակարանը հատկացվել է Կատյա Մանուկյանի 6 անձից բաղկացած ընտանիքին: Մինչդեռ, Շիրակի մարզպետի 31.03.2004 թվականի թիվ 65 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Շիրակի մարզպետի 16.01.2004 թվականի թիվ 9 որոշմամբ Կատյա Մանուկյանին Շիրակացի 1-ին շենքի 3 սենյականոց բնակարանը հատկացնելու մասին կետը:

Ըստ հայցվորների` նշված կետի ուժը կորցնելուց հետո՝ 2005 թվականին, իրենք կրկին դիմել են Գյումրու համայնքապետարան իրենց անօթեւանների հաշվառման ցուցակում ընդգրկելու համար: Ասել են՝ սպասեք: Այդպես էլ իր բնակարանը չտեսած Հովհաննես Մանուկյանը մահացել է 2017 թվականի հունիսի 12-ին, իսկ մայրը՝ Կատյա Մանուկյանը՝ 2018 թվականի հուլիսի 3-ին: Վերջիններիս մահից հետո հայցվոր Հ. Մանուկյանը որդու եւ դստեր հետ բնակվում են Տիմիրյազեւ փողոցի թիվ 215/070 տնակում:

Իսկ ամենաանհասկանալին այն է, որ 2021 թվականի դեկտեմբերին Գյումրու համայնքապետարանից տեղեկացրել են, որ հայցվորները երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրով հաստատված հերթացուցակի շահառու չեն հանդիսանում:

Դատարանում առկա գործի նյութերի համաձայն, հայցվոր Հ. Մանուկյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման մինչեւ 01.11.2008 թվականի դրությամբ Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված ճանաչելու խնդրանքով, սակայն «այն մերժվել է երկրաշարժից անօթեւան քաղաքացիների բնակապահովման հետ կապված հանրային իրավահարաբերությունների ոլորտում Գյումրու քաղաքապետի լիազորություններն որպես վարչական մարմին, Գյումրի քաղաքի մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը վերահաշվառված երկրաշարժից անօթեւան քաղաքացիների հերթացուցակը 2008 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնելով, դադարելու» պատճառաբանությամբ:

Միեւնույն ժամանակ դիմել են Գյումրու քաղաքապետարան՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում հաշվառված լինելու վերաբերյալ փաստաթղթերը տրամադրելու խնդրանքով, սակայն պատասխանել են, թե՝ «նման փաստաթղթեր Գյումրու համայնքապետարանում պահպանված չեն»:

2005 թվականին կրկին հերթագրվելու դիմումը ներկայացնելու վերաբերյալ ապացույց ստանալու համար Գյումրու համայնքապետարանից հետո Մանուկյանները դիմել են նաեւ Ազգային արխիվ, սակայն ի պատասխան՝ հայտնել են, որ ՀՀ կառավարության 04.04.2019 թվականի թիվ 397-Ն որոշման համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի 2005 թվականի քաղաքացիների դիմումները առանձնացվել են ոչնչացման համար՝ ժամկետը լրանալու պատճառով, հետեւաբար, Հասմիկ Մանուկյանի բնակարան ստանալու համար հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

Դատական գործընթացների ժամանակ, նրանք պնդել են, որ այդ մերժումներն անհիմն են, քանի որ հայցվոր կողմը պահպանել է բնակարան ստանալու իրենց իրավունքը, իսկ 2004 թվականին հատկացված բնակարանը իրենցից վերցնելուց հետո Գյումրու համայնքապետարան նոր դիմում են ներկայացրել 2005 թվականին: Ավելին, առկա չեն բնակարան ստանալու հերթից հանելու հիմքերից որեւէ մեկը, չկա նաեւ հայցվորներին հաշվառումից հանելու վերաբերյալ համայնքի ղեկավարի համապատասխան որոշում:

Տարիներ շարունակ Մանուկյանների ընտանիքը խնդրում է պարտավորեցնել Գյումրի համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է՝ իրենց 1988 թվականի երկրաշարժից անօթեւան մնացած արտահերթ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձանց հերթացուցակում հաշվառել, ղեկավարվելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 եւ 11.09.2008 թվականի թիվ 1024-Ն որոշումներով:

Դատավոր Ռոբերտ Մաքեյանի անցյալ տարվա մայիսի 25-ի վճռով Հասմիկ, Գրետա, Կարապետ Մանուկյանների հայցն ընդդեմ Գյումրի համայնքի` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել էր:

Դատարանն արձանագրել էր՝ «Հայցվորների ընտանիքը աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման համար մշտական բնակավայրի համայնքի ղեկավարին համապատասխան դիմում պետք է ներկայացներ մինչեւ Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանված վերահաշվառման վերջնաժամկետը՝ 2008 թվականի նոյեմբերի 1-ը, այնինչ ներկայացրել է 24.05.2011 թվականին: Ինչ վերաբերում է 2005 թվականին համապատասխան դիմում ներկայացրած լինելու վերաբերյալ փաստարկին, ապա դա հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացվել դատարանին, ավելին` գործի դատաքննության ընթացքում դատարանի հարցին ի պատասխան, թե արդյոք առկա է որեւէ ապացույց առ այն, որ հայցվորների ընտանիքը մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքի հաշվառման համար դիմել է համայնքի ղեկավարին` հայցվոր Կարապետ Մանուկյանը հայտնել է, որ որեւէ ապացույց չկա, հետեւաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հայցվոր կողմը կրում է այդ փաստի չապացուցման բացասական հետեւանքները»:

Թե դատարանը, թե պատասխանողն իրենց առարկություններում «հիշեցրել էին» հետեւյալի մասին. ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» 11.09.2008 թվականի թիվ 1024-Ն որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի կառավարությունը որոշել է սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ՝ 2008 թվականի նոյեմբերի 1-ը:

Նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների վերահաշվառման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն եւ այդ ժամկետում սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված: Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝ քաղաքացիների կողմից արտահերթ բնակարան ստանալու համար մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը ներկայացված դիմումները համարվում են սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վերահաշվառման վերջնաժամկետում նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ: Մինչեւ ՀՀ կառավարության 11.09.2008 թվականի թիվ 1024-Ն որոշումն ուժի մեջ մտնելը քաղաքացիների կողմից արտահերթ բնակարան ստանալու համար մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը ներկայացված դիմումները համարվում են վերահաշվառման վերջնաժամկետում նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:

Գործի նյութերում կան բազմաթիվ ապացույցներ, որով հիմնավորվում է, որ Մանուկյանները մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը…դիմել են համայնքային կառավարման մարմիններին, եւ այն էլ, ոչ մեկ անգամ:

Ըստ «գրավոր» պատասխանողի (նշված չէ կոնկրետ ով է ներկայացրել այս ծանրակշիռ գործով) իրավական դիրքորոշման, գրավոր առարկությունների՝ 24.05.2011 թվականին Կատյա Մանուկյանը իբր տեղեկացված է եղել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին վերահաշվառման վերջնական ժամկետ սահմանելու որոշմամբ հաստատված կարգի մասին եւ տեղյակ են պահվել, որ բնակարանային հերթացուցակ չեն ընդգրկվել: Նույն օրը քաղաքացի Կ. Մանուկյանը դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետին՝ հայտնելով, որ 1988 թվականին երկրաշարժին կորցրել է Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի 8-րդ շենքի թիվ 8 բնակարանը, ուստի խնդրում է փաստագրել:

…«Ի պատասխան՝ 16.03.2022 թվականին հայտնվել է, որ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիների բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 13-րդ կետի համաձայն՝ պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում եւ հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն՝ դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով: Ուստի խնդրանքը բավարարել հնարավոր չէ»,-առարկել էր պատասխանողը: 2022թ. հուլիսի 1-ին բողոքարկվում է վարչական դատարանի որոշումը: 2022թ. սեպտեմբերի 2-ին վարչական վերաքննիչը հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի 24-Ա հրամանը՝ դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքով դատական կազմերը համալրելու մասին, բողոքը կրկին վարույթում է: Համալրող դատավորը Սամվել Հովակիմյանն էր:

Մտահոգիչ է, բայց փաստ, որ վարչական վերաքննիչ դատարանը 2022թ. սեպտեմբերից մինչ այս տարվա՝ 2023թ. նոյեմբերի 30-ը մատը մատին չի խփել, եւ միայն նոյեմբերի 30-ին է նշանակել դեկտեմբերի՝ գուցե տարեվերջյան անդրանիկ նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

 

Չտեսնված գրքերից ու «տան տղուց»,

«թաղի տղուց» մինչեւ իշխանության

«գրքատյաց» քաղաքականություն

 

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

 

– Պարոն Մարտիրոսյան, վաղուց ծանոթ ենք ձեր հնչյունային, երաժշտական գրքերին, իսկ օրերս «Դարան» գրքի սրահում հանդիպեցինք մինչ օրս չտեսնված երեւույթի՝ Չայկովսկու «Կարապի լիճը», «Մարդուկ-Ջարդուկը» նվագապատկերներով գրքերի եւ «Հեքիաթային բալետ» գիրք-թատրոնի՝ դարձյալ նվագապատկերներով, որտեղ ներառված են «Կարապի լիճը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհին», «Կոպելիա» եւ «Մարդուկ-Ջարդուկը» բալետների երաժշտությունները։ Իհարկե, այս ձեւաչափով գրքերն աշխարհում նորություն չեն, բայց ձեզ համար ռիսկային չէ՞ նման գրքերի արտադրությունը, այն էլ միայն դասական ստեղծագործություններով։ Հետաքրքիր է՝ արդարացվո՞ւմ են սպասելիքները՝ սպառման առումով։

– Մեր խնդիրը ի սկզբանե մի փոքր այլ է. փորձում ենք աշխարհում եղած լավագույնը բերել, տեղայնացնել եւ ստեղծել մերը՝ հայաստանյանը, որն աշխարհի նորաստեղծ նման գրքերի մակարդակին չի զիջի։ Զուգահեռ աշխատում ենք «Ալմաստ» եւ «Անուշ» օպերաների գիրք-նվագապատումների ուղղությամբ եւս։ Գիրք-նվագապատումների առաջին խմբաքանակը սպառվել է։ «Դարանում» արդեն նոր խմբաքանակն է։ Խոսքը «Կարապի լճի» եւ «Մարդուկ-Ջարդուկի» մասին է, իսկ «Հեքիաթային բալետը» մեկ-երկու օր է, ինչ վաճառքի է հանված։

– Մտադրություն չունե՞ք համագործակցել օպերային թատրոնի հետ։

– 30 տարի բոլոր տնօրենների հետ հանդիպել եմ, համագործակցության առաջարկ ներկայացրել, բայց, կարճ ասած՝ չի ստացվել։ Ներկայիս տնօրենի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հույսով եմ, որ մաեստրո Կարեն Դուրգարյանին կհետաքրքրեն  առաջարկներս, որոնք միտված են օպերային եւ բալետային արվեստների հանրահռչակմանը։ Ընդհանրապես, մարդու, քաղաքացու հիմնական ձեւավորման շրջանը նախադպրոցական եւ դպրոցական տարիներն են։ Չափազանց կարեւոր են ընտանիքում ծնող-բալիկ զրույցի թեմաները։ Ինչի՞ մասին են խոսում նրանք. զիջե՞լը, թե՞ զոռբայությունն է շնորհք, խաղաղությո՞ւնն է արժեք, թե՞ պատերազմելը… Կարեւորը ընտանիքի նիստուկացն է։ Երբեւէ մտածե՞լ եք՝ ո՞նց եղավ, որ նույն էթնոսի, տարբեր կրոնների ներկայացուցիչներ ունեն տարբեր վարքագիծ։ Ո՞նց եղավ, որ պրոտեստանտ ժողովրդի ՀՆԱ/1 շնչի ցուցանիշով ամենաառաջատարն են աշխարհում։ Ո՞նց եղավ, որ ֆրանկը՝ կաթոլիկ հայը, սկզբից ավլում է փողոցը, հետո բակը, հետո տունը, իսկ չֆրանկը ավլում է տունը ու աղբը հանում բակ։ Ո՞նց է ստացվում, որ ունենք «տան տղա», «պադեզդի տղա», «թաղի տղա», անգամ՝ «քաղաքի տղա» եւ, որպես կանոն՝ չունենք պետական այր։ Այս ամենը, միանշանակ, ձեւավորվում է ընտանիքում։ Եվ դրան նպաստում են նման գրքերը, որոնք ձեւավորում են համապատասխան արժեքներ։ Եթե կուզեք՝ ավելին ասեմ. պատերազմը խրամատում չենք պարտվել, այլ ընտանիքում եւ դպրոցական նստարանի առջեւ։

– «Անտարեսի» 31 տարիների հրատարակչական գործունեության ընթացքում հրատարակված մանկական դիտարժան, երգող գրքերից մինչեւ համաշխարհային դասականների շարքերը ազդե՞լ են հասարակության վրա, խթանե՞լ են ընթերցանությունը։

– Այդ տասնամյակների ընթացքում այնպես է ստացվել, որ պետությունը կամա թե ակամա վարում է հակագրքային քաղաքականություն, ինչի արդյունքում տարվա ընթացքում 21 հազար մարդ է գիրք գնում (հետազոտությունն անցկացվել է 5 տարի առաջ)։ Վրաստանում, 2022թ. տվյալներով, մեկ շնչին ընկնում է 2 գնված գիրք, մինչդեռ Հայաստանում՝ 7 շնչին մեկ գիրք։ Ստացվում է՝ մեկ շնչի կտրվածքով վրացին 14 անգամ ավելի շատ է սպառում…

– Դա ինչի՞ հետեւանք է կամ ինչո՞վ է պայմանավորված։

– Ես դա կապում եմ նրանց իշխանությունների վարած պրոգրքային քաղաքականության հետ։ Այնտեղ սպառողը գիրք գնելուց չի վճարում ԱԱՀ, այնինչ մեզ մոտ վճարում է 20 տոկոս։ Ավելին՝ վրացալեզու գրքերի հրատարակիչները ազատված են շահութահարկից։ Այդուհանդերձ, մեզ մոտ դրական տեղաշարժ նկատվում է։ Կարծում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ դա մեր մանկական գրքերի շնորհիվ է։ Իսկ մեր գրքերում պայքարում ենք, այսպես կոչված՝ լեզվական անեծքների դեմ։ Նկատի ունեմ ասացվածքները կամ հաճախ օգտագործվող մտքերը, օրինակ՝ «խելոք մնա, թե չէ ոստիկան կկանչեմ», «խելոք մնա, թե չէ բժիշկը կգա կսրսկի»… Հենց սրա արդյունքում է, որ ոստիկանի հետ հակադրվում ենք, կանխարգելիչ նպատակով բժշկի չենք այցելում, չենք պատվաստվում։ Կամ հաճախ հնչող մյուս մտքերը՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց», «գլուխդ կախ գործդ արա», «եղունգ ունես՝ գլուխդ քորի» եւ այլն։ Նշեցի, թե մեր մանկական գրքերի շնորհիվ է դրական տեղաշարժը։ Այդ առիթով ընդամենը մեկ փաստ ներկայացնեմ. վերջերս «Դարանում» աշակերտների հետ հանդիպման ժամանակ ուրախություն ապրեցի, երբ երեխաներից ոչ մեկը չգիտեր, օրինակ՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը։ Այո, ուրախացա, որովհետեւ վստահ եմ՝ այս երեխաներից ոչ մեկը վաղը չի գաղթելու…

– Ձեր հնչեցրած մտահոգություններով ինչո՞ւ չեք կիսվել նախկին եւ ներկա իշխանությունների հետ, մանավանդ որ դրա հնարավորությունը ունեցել եք, ուղիղ ասած՝ մոտ եք եղել նրանց հետ։

– Ուրեմն իմացեք. թե նախկին, թե այսօրվա իշխանությունների ընդդիմադիրն եմ, չնայած դրան՝ միշտ փորձել եմ ոլորտի խնդիրները բարձրաձայնել։ Ցավում եմ, որ այդ հարցում այսօրվանները նախկիններից չեն տարբերվում, գրքին ու ընթերցանությանը չեն նպաստում, ավելին՝ մանկական գրքի ԱԱՀ-ի փոփոխման գործընթացն այս իշխանությունը վիժեցրել է…

Զրույցը՝

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

 

Մտորումներ երեւանյան մի պատկերի առիթով

 

Ծառերը բնության մեջ միակն են, որ անտեսում են երկրի ձգողականության օրենքները ու վեր են ձգտում: Հետո ծառերը միակն են, որ կանգնած են մեռնում: Ի՞նչ վերաբերմունք ունի երեւանցին մայրաքաղաքի կանաչ պահապանների հանդեպ, որոնք բարելավում են օդային ավազանը: Երեւանում աճում են հացենի, թեղի, բարդի, սոսի, ակացիա, կաղնի, ուռենի, նաեւ՝ սակուրա. կան տարեց ծառեր, որոնք մշակութային արժեք ունեն:

Ասում են՝ իսկական հայը նա է, ով տուն է կառուցում, որդի է մեծացնում ու ծառ է տնկում: Հիմա այն տպավորությունն եմ ստանում, որ համաքաղաքացիներս խմբագրել են այս ասացվածքը: Խորենացու փողոցի բանուկ մասում հաստաբուն ծառի կոճղը վաղուց արդեն սնամեջ է դարձել: Մի ժամանակ երիտասարդ ծառ էր, չէր ենթարկվում երկրի ձգողության օրենքներին, դեպի վեր էր ձգտում ու կանգնած էլ պիտի մեռներ: Փչակ է գոյացել կոճղի մեջ, անցորդների համար դարձել է աղբաման՝ ստիպողաբար ու անողոքաբար նոր «գործառույթ» ձեռք բերելով: Ծառն էլ հիշատակ ունի, ինչպես նաեւ ճակատագիր: Պատկերը տեսնելիս մտածում ես՝ աղբի տեղը աղբամանն է, թե՞ ծառի բունը: Աղբ չթափելու ավանդույթը չի ձեւավորվում: Դե, իսկ աղբի տեսակավորման մասին էլ չենք խոսում, ինչն առավել կարեւոր է 21-րդ դարում:

Ճակատագիրը թոռներիս յոթ տարի առաջ տարավ Եվրոպա: Տատ ու թոռ կապն էլ թվայնացավ: Համացանցում գտա գողտրիկ մի լուսանկար, ուղարկեցի Նոեմի թոռնուհուս ու գրեցի. «Մաքուր եւ գեղեցիկ քաղաքային տեսարան»: Թոռնուհիս ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որը սղագրում եմ բառ առ բառ. «Տատիկ, սիրուն քաղաք էր, մաքուրը շատ չհասկացա՝ ինչն է մաքուր, բայց, այո, սիրուն քաղաք էր՝ քաղաքի տեսարանը, այո, իսկապես սիրուն էր, եւ ես շնորհակալ եմ՝ ինձ ուղարկեցիր այդ նկարը…»:

Այն, ինչ բնական է՝ բանական է… Մանկահասակ երեխան միայն մաքրություն է տեսել, աչքը սովորել է դրան, ուրիշ ի՛նչ պիտի լիներ: Զարմացել էր, որ մաքրությունը հայաստանցու համար պիտի լինի արտասովոր բան, բերկրանքի աղբյուր: Հետո մաքուր է այնտեղ, որտեղ ոչ միայն մաքրում են, այլ նաեւ մաքուր են պահում: Երեւի մարդիկ արդեն սովորել են աղբին, այն կենցաղի անբաժան մաս է դարձել: Չնախատեսված տեղում աղբ թափելը, աղբամանի կողքին աղբի տոպրակը դնելը, ցավալիորեն, դարձել է նորմ:

Մեր բազմաբնակարան շենքի շքամուտքը պարբերաբար ինքս եմ մաքրում, ինչպես ասում են՝ ուսադիրներս չեն ընկնում, իսկ հարեւաններս ասում են. «Քեզ պե՞տք ա՝ մաքրում ես»… Պատասխանում եմ. «Ինձ է պետք, մաքրում եմ ինձ համար, վայելեք դուք»: Եթե թատրոնը սկսվում է կախիչից, տունն էլ սկսվում է շքամուտքից եւ ոչ միայն:

Իսկ գլխատված ծառի փչակում ավելանում են պլաստիկ շշերը, ծխախոտի կոթուկները, սննդի մնացորդները, թղթե թափոնը… Իսկ այդ ծառը որքա՞ն թուղթ է տվել: Ի դեպ, ըստ վիճակագրության՝ մեկ տոննա գրասենյակային թուղթ արտադրելու համար հատվում է 24 ծառ:

Առակին բնորոշ խրատական եզրահանգում՝ աղբի տեղը ծառաբունը չէ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ

03.12.2023թ.

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

 

«Բարի լույս, հրեշտակներ» ներկայացումը ՊՀԹ-ում

 

Տանիք, հնչում է իտալական երգ, տարեց կին ու տղամարդ իրար զուգահեռ հարթություններում են։ Այդպիսով Պաոլո Կապելլոնի իտալական «տարօրինակ կատակերգությունը» սկսում է իր բեմական պատմությունը 94 տարին բոլորած Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Թատրոնի հինգ վաստակաշատ տարեց դերասան-դերասանուհիները, որոնց ընդհանուր տարիքը 450 է, ինչպես ներկայացումից առաջ ասաց բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը, շուրջ երկու ժամ իտալական հյութեղ կոլորիտով ձեւաստեղծված իրենց կերպարների հետ զարմանում, ըմբոստանում, կարեկցում, տխրում, զվարճանում ու զվարճացնում էին հանդիսատեսին։ Այդ հերոսներից յուրաքանչյուրը, որ ներկայանում էր էպատաժային հագ ու կապով, չնայած իրադարձությունների զավեշտական ընթացքին, իրականում կարոտ էր կարեկցանքի, սիրո, ջերմության, ուշադրության եւ ընկերակցության։

Ռեժիսորը, որն իր ներկայացման գրեթե բոլոր հերոսների բնութագրերը մատուցում է միանգամից «ափսեի մեջ», միեւնույն ժամանակ գլխավոր դերակատարի իրական նպատակները երկար ժամանակ թաքցնում է։ Առաջին գործողությունում Էդուարդո-Արմեն Սանթրոսյանի կերպարը, անկախ հերոսի խոստովանությունից՝ իբրեւ թե հարյուր տարեկան լինելու մասին, համակրելի է, ոճային հագուստով, բայց եւ վարքագծային տարօրինակ դրսեւորումներով։ Գլխավոր հերոսի հմայիչ կերպարանքը, ապա եւ անհասկանալի շարժումների զիգզագները գրավում են տանիքի աջակողմյան կղզյակում լվացք փռող տարեց, սակայն նրբակազմ ու ինքնահավան հարեւանուհու (Զիտա-Ա. Ղուկասյան) ուշադրությունը։ Եթե հարեւանուհու սկզբնական նպատակը սեթեւեթելն էր եւ ոճային պարոնի ուշադրությանն արժանանալը, ապա լսելով հերոսի տանիքից ցած նետվելու մտադրությունը, նա դառնում է վրա հասնող աղետի կանխման պատասխանատուն։ Այդ առաքելությանն են միանում նրա քույր Ամանդան, որը քրոջ հակապատկերն է՝ գեր եւ պարզամիտ (Ա. Սանթրոսյան), հարեւան հաշվապահ Առնոլդոն (Ա. Մաթեւոսյան), ում ոգեւորում է անծանոթ պարոնին՝ ջրմուղի վարպետին իր տանը տեսնելու հեռանկարը, ինքնասիրահարված մյուս հարեւանուհին, որն աղետի հանդեպ հակադարձ արձագանքով՝ ամենայն ոգեւորվածությամբ դիպվածն ուղիղ եթեր է հեռարձակում ձեռքի հեռախոսով։ Ռեժիսորական այդ թեթեւ ուրվագծերի արդյունքում հումորն ու ընկճվածությունը գոյակցում էին կողք կողքի, ինչ խոսք՝ հումորի գերակայությամբ։ Ամեն անգամ, երբ հերոսի ցած նետվելու վճռականությունն ուղեկցվում էր հարեւանների կանխարգելիչ բղավոցներով, Սանթրոսյանի հերոսը պատրաստակամ ետ էր դառնում՝ ասես չնետվելու հիմնավորումներ լսելու համար։ Անկման սահմանագծից հերոսի ոտքի ետդարձով ռեժիսորը հանդիսատեսին նախապատրաստում էր իրադարձությունների նոր շրջափուլի։ Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ Սանթրոսյանի հերոսը հիմնավոր առաջարկ է ստանում՝ կյանքի հիասթափություններից դեպի կյանքի իմաստ գտնելու կամրջով քայլ անելու։

Երկրորդ գործողությունը սկսվում է լուսավոր տրամադրությամբ։ Տանիքից տեղափոխվում ենք քույրերի բնակարան եւ տեսնում նրանց մի տասը տարով երիտասարդացած ու զվարթ տրամադրությամբ։ Միայնակ քույրերի կյանքը՝ իրենց կացարանում Էդուարդոյին անհատույց հյուրընկալելով, հետայսու իմաստավորվում է։ Սակայն ինչքան որ ուժգնանում  է քույրերի սրտացավությունն ու կարեկցանքը մերձավորի հանդեպ, այնքան Էդուարդոն հուսահատ պարոնից վերածվում է ինքնիշխան պարոնի։ Վերջինս սկսում է ապրել եսասիրական նկրտումներով՝  հաճույքներ վայելել՝ օգտվելով քույրերի վստահությունից, դեռ ավելին՝ բողոքներ ներկայացնել։ Զավեշտական տեսարանները կարծես թե նահանջում են, եւ հերոսի պահանջների ու դեսպոտ վարքագծին զուգընթաց՝ քույրերի լավատեսական տրամադրությունը փոխակերպվում է հուսախաբության։ Միեւնույն ժամանակ տրտմությունը սոսկ ակնթարթ է տեւում. հմայիչ սրիկայի դիմակը պատռելուց հետո քույրերը, ինչպես արագ ընտելացել էին Էդուարդոյին, այնպես էլ արագ որոշում են ազատվել նրանից՝ քնած ժամանակ լուսամուտից՝ թերեւս ենթադրաբար ցած նետելով։ Բարի հրեշտակներ քույրերն իրենց «սխրանքի» մասին՝ որպես եղելություն, հայտնում են հարեւաններին եւ իրենց ներքին ընկճվածությունը հաղթահարելով՝ գոհացում ապրում։ Ներկայացման վերնագիրն էլ՝ «Բարի լույս, հրեշտակներ», որ հերոսի խոսքերն են, հանդիսատեսին թույլ է տալիս խորհելու վերջաբանի՝ իրենց ցանկալի վարկածի մասին։

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

արվեստագիտության թեկնածու,

պրոֆեսոր

Լուսանկարը՝ Bravo.am-ի

 

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

 

Իրականացած երազանք եւ վերականգնված

ներկայացում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում

 

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը չորս տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսին է ներկայացրել Ալ. Շիրվանզադեի «Արտիստը»  ներկայացման վերականգնված ու նոր տարբերակը: 2015-ին բեմադրված  ներկայացումը  գրեթե չորս տարի խաղալուց հետո  թատրոնի մշտական խաղացանկից  հանվել էր՝ գլխավոր կերպարը մարմնավորող պատանի դերասանի  մեծանալու պատճառով: Այդ ընթացքում ներկայացման ռեժիսոր Նունե Խեչումյանը զբաղված էր Լեւոնի դերակատարի փնտրտուքներով:

«Այս ներկայացումը ես բեմադրեցի երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի առաջարկով: Ներկայացումը  կրթական կարեւոր դեր խաղաց պատանի հանդիսատեսի համար ու շատ պահանջված էր: Բացի մեր թատրոնի  պրոֆեսիոնալ դերասաններից, մասսայական տեսարաններում ընդգրկված էին նաեւ ուսանողներ, որոնց համար  ավագ սերնդի հետ միեւնույն բեմում գտնվելը մեծ փորձ էր: 2019 թ. ապրիլին խաղացինք «Արտիստի» վերջին ներկայացումը: Լեւոնի  դերակատարն այս ընթացքում հասունացել  էր, տարիքով ու արտաքինով  այլեւս չէր համապատասխանում իր կերպարին: Ես փնտրում էի մեկին, ով  կհամապատասխաներ այս  դերին ու մի օր շատ պատահական կուլիսներում տեսա մի տղայի, նա անմիջապես գրավեց իմ ուշադրությունը, նրանից կարծես արվեստ էր հորդում: Պարոն Շահվերդյանին հայացքով ցույց տվեցի պատանուն, նա եւս իր լուռ համաձայնությունը տվեց ու սկսեցի հետաքրքրվել այդ գեղեցկադեմ տղայով»,-հիշում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նունե Խեչումյանը:

Իսկ կուլիսներում կանգնած տղան գյումրեցի Սերգեյ Եղիկյանն էր, որը մշտապես Գյումրիից հասնում էր Վանաձոր  ու ներկա գտնվում բոլոր ներկայացումներին, հետաքրքրությամբ հետեւում դերասանների խաղին ու այն ամենին, ինչ կատարվում էր  հետնաբեմում:

«Ես դեռ 11 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք  դրեցի Վանաձորի դրամատիկական թատրոն ու հենց այդ պահից սիրահարվեցի այդ թատրոնին: Միշտ գնում էի այնտեղ ներկայացումներ դիտելու, հատկապես, երբ բեմադրվում էին թումանյանական գործեր: Մի անգամ էլ հնարավորություն ունեցա անձամբ ծանոթանալու Վահե Շահվերդյանի հետ, ով այդ տարիներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Նա իր մակագրությամբ ինձ գիրք նվիրեց ու երբ իմացավ, որ իմ երազանքը դերասան դառնալն ու իրենց թատրոնի բեմում խաղալն է, ասաց՝  մի քիչ էլ մեծացիր, ես քեզ դեր կտամ: Ափսոս, իր բեմադրություններում խաղալու հնարավորություն չունեցա, բայց Լեւոնի դերը մարմնավորելու  առաջարկ ստացա, ինչը ինձ համար անհավանական էր»,-պատմում է 16-ամյա դերասան Սերգեյ Եղիկյանը: Ամառային արձակուրդներին սկսվում են ներկայացման բեմադրական աշխատանքները: Սերգեյը շաբաթական մի քանի անգամ Գյումրիից մեծ սիրով ու ոգեւորությամբ հասնում է Վանաձոր ու մասնակցում  նախապատրաստական աշխատանքներին:

«Սկզբում մտածում էի, որ հնարավոր է բարդություններ լինեն, բայց երբ տեսա Սերգեյի ոգեւորությունը, հասկացա, որ  նա ամեն  դժվարություն հաղթահարող տեսակ է: Միշտ ներկայանում էր տեքստերն անգիր սովորած ու պատրաստված: Գիտեք, եզակի է լինում, երբ դերը գտնում է դերասանին, սա հենց այդ դեպքն է, ինձ հիացնում էր իր աշխատասիրությունը, իր համար  երկրորդական ոչ մի բան չկար, նույնիսկ իր հատվածները խաղալուց հետո նա մնում էր բեմում, դուրս չէր գալիս, օգնում էր  նույնիսկ դեկորացիաները  տեղադրելու աշխատանքներում, Սերգեյը կարճ ժամանակահատվածում դարձավ մեր թատրոնի աշխատակազմի սիրելին»,- նշում է ռեժիսորը:

«Մի ուրիշ աշխարհ էր ինձ համար կարծես բացվել, առաջին անգամ էի մեծ բեմում եւ այդ փորձերն ինձ համար կարծես վարպետության դաս լինեին: Ինձ բոլոր դերասանները շատ լավ ընդունեցին, նրանց կողքին գլխավոր դեր մարմնավորելը ինձ համար շատ պատասխանատու  էր: Իսկ կերպարն ինձ շատ նման էր ու ես մեծ սիրով մոտեցա Լեւոնին կերտելու գործին»,- իր ապրումներն է նկարագրում պատանի դերասանը:

Վերականգնված ներկայացումը նաեւ կերպարային ու տեսարանային որոշ փոփոխությունների է ենթարկվել, այն հանդիսատեսին նորովի ներկայացվեց վերջերս եւ արժանացավ ջերմ ընդունելության: «Ներկայացումը ոչ թե վերականգնվեց, այլ կարծես նորովի վերածնվեց՝ շնորհիվ Լեւոնի եւ մյուս դերակատարների: Ես Սերգեյի խաղով կարողացա հասնել այն հույզերի փոխանցմանը հանդիսատեսին, որը նախկին դերակատարի մոտ այդքան էլ լավ  չէր ստացվում: Սերգեյի հետ դեռ երկար կշարունակեմ աշխատել, ուրախ եմ, որ ինքը ընտրել է այս ճանապարհն ու նաեւ զբաղվում է ռեժիսուրայով»,-իր խոսքը եզրափակում է Նունե Խեչումյանը:

Ռեժիսորը բեմում մարմնավորում է նաեւ  Լեւոնի մոր կերպարը եւ իր ներկայությամբ միշտ ոգեւորում է Սերգեյին: Իսկ գյումրեցի տղան սովորում է Գյումրիի Մտորումների թատրոնի ստուդիայում, որը ղեկավարում է ՀՀ վաստակավոր դերասան Հովհաննես Հովհաննիսյանն ու հարթակ տրամադրում ստեղծարար պատանիներին: 2022 թ. «Նռան հատիկ» հանրապետական թատերական մանկապատանեկան փառատոնում  Սերգեյ Եղիկյանը արժանացել է  «Լավագույն ռեժիսորական աշխատանք»  մրցանակին՝ իր «Լոռեցի Սաքոն»  բեմադրության համար, իսկ այս տարի նույն փառատոնին  նա արժանացավ «Լավագույն բեմական խոսքի մշակույթ» մրցանակին՝ «Անհաղթ աքլորը» ստվերային ներկայացման մեջ կերտած դերի համար:

ԱԼԵՔՍԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031