Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզական ընկալումներին ընդառաջ

Նոյեմբեր 20,2021 10:00

Մեր արտաքին քաղաքական ձախողումները, որոնք ես համարում եմ նաեւ պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը, պայմանավորված են նրանով, որ 1998-ից հետո այդ քաղաքականությունն առաջնորդվում է «ժողովրդի», հասարակական մեծամասնության մտածելակերպով:

Իհարկե, ժողովրդահաճո լինելու բացարձակ «չեմպիոնը» ներկայիս իշխանությունն է: Իմ կարծիքով, ամբողջ խնդիրն այն է, որ կարեւոր, նուրբ եւ գիտելիքներ պահանջող հարցերում իշխանությունը ՉՊԻՏԻ կողմնորոշվի բնակչության մեծամասնության կարծիքով: Սա խանութ չէ, որտեղ «հաճախորդը միշտ ճիշտ է», եւ կարիք կա ապրանքատեսակը հարմարեցնել սպառողների ճաշակին: Արտաքին քաղաքականության մեջ հոխորտալը, ծափահարություններ կորզելը, հրճվանքի արժանանալն առաջնահերթ խնդիր չէ:

Մեծամասնությունը, զանգվածը, բնականաբար, առաջնորդվում է հույզերով. «Ինչ էլ լինի, ռուսը մեզ կփրկի»: Երբ չի փրկում՝ «վայ, էս ինչ անիրավ աշխարհ է, էլի մեր ազգին բոլորը քցեցին, ռուսն էլ ուխտադրուժ դուրս եկավ»: Այդ մտածողության հայելանման արտապատկերն է որոշ քաղաքական ուժերի եւ նրանց փոքրաթիվ համակիրների համոզմունքը, որը կարելի է ձեւակերպել Օստապ Իբրահիմովիչի խրոխտ կոչով՝ «Գոտեպնդվեք, Արեւմուտքը մեզ կօգնի»: Այս՝ երկրորդ բեւեռը կարծիք ունի (ինձ թվում է, սխալ), որ, ասենք, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան նույնքան հետաքրքրված են, շահագրգռված են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, որքան Ռուսաստանը:

Դառնալով այդ երկրին: Ինչպես ցանկացած այլ պետություն՝ Ռուսաստանը ղեկավարվում է իր, բացարձակապես ի՛ր շահերով, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին միայն 20 տոկոսով են համընկնում մեր շահերի հետ եւ 80 տոկոսով համապատասխանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին: Թե ինչու է այդպես, երկար խոսակցություն է, բայց, կարծում եմ, այստեղ մեր մեղքն էլ կա: Սակայն մյուս կողմից՝ թույլ տվեք հիշեցնել. ադրբեջանցիները հանգիստ, առանց կրակոցների մտնում են մեր դիրքերը եւ առանց որեւէ դիմադրության այնտեղից հեռացնում են մեր զինվորներին: Խնդրում եմ ինձ բացատրել՝ ո՞րն է այստեղ Ռուսաստանի մեղքը: Այո, ինչ-որ պայմանագրերով Ռուսաստանը մեր առջեւ պարտավորություններ ունի: Բայց նախ՝ արդյո՞ք մենք 20-21-րդ դարերում չենք համոզվել, որ բոլոր տեսակի պայմանագրերը որոշ դեպքերում կարող են թղթի կտոր լինել: Երկրորդ՝ արդյո՞ք այդ պայմանագրերը նախատեսված են վերը շարադրված դեպքերի համար:

Առաջարկում եմ բոլոր ընթերցողներին ինձ հետ միասին մտածել՝ ինչո՞ւ Ռուսաստանը 90-ականներին մեզ օգնում էր, իսկ հիմա, ըստ էության, չի օգնում: Որպես հուշում մեջբերեմ ամերիկացի նշանավոր բանաստեղծ Էդգար Ալան Պոյի միտքը. «Ոչ մի փոխադրամիջոց համընթաց չի լինի, եթե չգիտես, թե որ ուղղությամբ ես գնում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Harutyun Karapetyan says:

    Շատ վիճելի եզրահանգումներ են: Նախ, ռուսները «Կալցո» օպերացիան 90-ականներին չիրականացրի՞ն: Այսօր, գրեթե մոռացված Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը ռուսները չնվիրեցի՞ն Ադրբեջանին: Մի երկու խոսք էլ, այսօրվա իրականության շուրջ Ձեր եզրահանգումների մասին: Միանգամայն համամիտ եմ, որ «Ռուսաստանը ղեկավարվում է իր, բացարձակապես ի՛ր շահերով» , և, միգուցե և իրավմամբ, գնահատում եք ռուսակաան շահերը Հայաստանի նկատմամբ. «այս պահին միայն 20 տոկոսով են համընկնում մեր շահերի հետ եւ 80 տոկոսով համապատասխանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին:»: Այսինքն, փաստացի, եզրահանգում եք, որ ներկայիս Հայաստանը 20 տոկոսանոց գործիք է ռուսների համար՝ իրենց շահերը սպասարկելու գործընթացում: Լավ, ընդունում եմ որպես փաստ: Բայց, որ եզրահանգում եք, որ «Այս՝ երկրորդ բեւեռը կարծիք ունի (ինձ թվում է, սխալ), որ, ասենք, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան նույնքան հետաքրքրված են, շահագրգռված են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, որքան Ռուսաստանը:», ակնհայտորեն, բացահայտում է, որ Ձեր խմբագրականը, առնվազն, իշխանական պրոպագանդա է, եթե ոչ ռուսական: Քանի որ, չեք գնահատել ԱՄՆ-Հայաստան, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան շահագրգռվածությունների տոկոսային հարաբերությունը: Մի գուցե, ԱՄՆ-Հայաստանը 60:40 է, իսկ Եվրոպան՝ 50:50, չգիտեմ և հետևելով Ձեր համեմատությանը օրինակ կբերեմ Վիսոցկուց՝ «Жираф большой, ему видней»:

  2. Harutyun Karapetyan says:

    Ի դեպ, նախորդ մեկնաբանությունս էլ էր, փաստորեն, Ձեր առաջարկությամբ պայմանավորված. «Առաջարկում եմ բոլոր ընթերցողներին ինձ հետ միասին մտածել»: Փաստորեն, փորձեցի մի քիչ մտածել և պարզվեց, որ Դուք հետևում եք «ամերիկացի նշանավոր բանաստեղծ Էդգար Ալան Պոյի» մտքին՝ «Ոչ մի փոխադրամիջոց համընթաց չի լինի, եթե չգիտես, թե որ ուղղությամբ ես գնում» ու հստակ ու միարժեք գիտեք, թե ո՞ր ուղությամբ եք գնում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/11/20/1230467/?unapproved=1245506&moderation-hash=2d0f1af1b7ed3a9f6be39698da13ecbb#comment-1245506

    © 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. Ruben says:

    «Մեր արտաքին քաղաքական ձախողումները, որոնք ես համարում եմ նաեւ պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը, պայմանավորված են նրանով, որ 1998-ից հետո այդ քաղաքականությունն առաջնորդվում է «ժողովրդի», հասարակական մեծամասնության մտածելակերպով:»

    Իսկ մինչև 1998 թվականը զանգվածներն ու նրանց առաջնորդները սրբե՞ր էին։
    Քանի դեռ կա ԼՏՊ-ն ու նրա բանդան՝ թունելի վերջում լույսը չի երևա։
    1990 թվականին հիմարները դիակ գցեցին ջրհորը…

  4. Հ.Շ. says:

    բայց վստա՞հ ենք, որ «չի օգնում»…

    այսինքն, թերեւս օգնում է,
    որքան որ կարողանում է օգնել՝ օգնում է,
    սակայն այդ՝ այժմ բաւարար չէ

    նաեւ, եթէ լրիւ չօգնէր, կացութիւնը կրնար դեռ աւելի վատ լինել, մեզի համար

    ասոնք ալ դեռ հարցականներ են

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
    https://haytougchamlian.blog/

  5. Hay says:

    Նախ, ռուսը չլիներ, թուրքը նոյեմբերի 9-ին մտնելու էր հանրապետության հրապարակ, երկրորդ, պատերազմի թիկունքում կանգնած էր ձեր սիրելի արևմուտքը, և ամենակարևորը. աշխարհում ոչ ոքի մի մեղադրեք, միայն մեզ: նիկոլ ընտրող ազգին սա էլ շատ է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930