Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Զաքարիան՝ հնդկահայ համայնքի  դերակատարության, կալկաթահայության բաբախող սիրտ Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին

Նոյեմբեր 25,2021 23:15

Ինչպես Խո­ջա Իս­րա­յել Սար­հա­դիի դիր­քի շնոր­հիվ անգ­լիա­ցի­նե­րը հաստատվեցին Հնդկաս­տա­նում

Հայաստանի ազգային գրադարանում «Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանը» թեմայով հանրային դասախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, որը շուրջ երեք տարի ծառայել է որպես ճեմարանի վարչական տնօրեն և սպասավոր սարկավագ հնդկահայոց եկեղեցիներում։

Հայր Սուրբը բանախոսության ընթացքում անդրադարձավ հնդկահայ գաղութի պատմությանը, Բենգալիայում կառուցված եկեղեցիներին, հնդկահայերի հոգեկերտվածքին, սովորություններին, վերելքներին և անկումներին, ինչպես նաև Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման պատմությանն ու անցած ուղուն։

Հայր Զաքարիան 2007 թ․ հրատարակել է «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» աշխատությունը, որտեղ ուսումնասիրությանը զուգահեռ զետեղված է շուրջ 200 արժեքավոր լուսանկարներ։  «Հնդկահայերը միշտ սիրով և հավատարմությամբ են կապված եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մշտապես աջակցելով համայն հայության հոգևոր կենտրոնի պայծառությանը։ Ուստի քանի դեռ կանգուն է մեր սրբություն սրբոցը, այնքան ժամանակ կգործի նաև Հայոց Մարդասիրական ճեմարանը, որը կալկաթահայության բաբախող սիրտն է, հայախոս և հայաշունչ միակ միջավայրը»,- նշեց Հայր Զաքարիան։

Հայոց Մարդասիրական ճեմարանը

Նրա խոսքով, հնդկահայ գա­ղու­թի կյան­քում իր ու­րույն և ինք­նա­տիպ դերակատարությունն է ու­նե­ցել Բենգալիա նա­հան­գը, որտեղ հա­յերը սկսել են բնակվել անգ­լիա­ցի­նե­րից շատ ա­ռաջ` ԺԷ դա­րում: «Այն հատ­կա­պես ծաղ­կում ապ­րեց Մու­ղալ կայս­րու­թյան թա­գա­վոր­ների օրոք, երբ նպաս­տա­վոր պայ­ման­ներ էին ստեղծվել մի­ջազ­գա­յին առևտրի հա­մար, որից էլ շա­հե­կա­նո­րեն օգտ­վե­ցին եվրոպացի և հայ վա­ճա­ռա­կան­նե­րը: Չնա­յած ԺԸ դա­րի սկզբում Մու­ղա­լի թագավորնե­րը երկ­րի տնտե­սա­կան հզո­րու­թյու­նը կենտրոնացնում էին Հյու­սի­սա­յին Հնդկաս­տա­նում, բայց Բեն­գա­լիան այն ե­զա­կի բացառությունն էր, ուր տնտե­սու­թյու­նը զար­գա­նում էր տե­ղի կա­ռա­վա­րիչ­նե­րի վարած ի­մաս­տուն քա­ղա­քա­կա­նու­թյան շնորհիվ: Մինչ ա­սիա­ցի­նե­րը Բեն­գա­լիա­յից հիմ­նա­կա­նում ար­տա­հա­նում էին կտորեղեն և հում մե­տաքս, եվ­րո­պա­ցի­նե­րը բա­ցի նշվա­ծից` նաև պա­րար­տան­յութ եւ  աղ:

Հայոց Մարդասիրական ճեմարանը

Այ­սօր դժվար է հստա­կո­րեն ա­սել, թե երբ հա­յերն սկսե­ցին առևտրով զբաղ­վել Բենգա­լիա­յում, բայց ինչ­պես ցույց են տա­լիս պատ­մա­կան փաս­տե­րը, նրանք նահանգում ար­դեն ԺԸ դա­րի ա­ռա­ջին կե­սում դար­ձան լուրջ առևտրա­կան գոր­ծոն, ում հետ ստիպ­ված էին հաշ­վի նստել: Այս մա­սին է պարզ ի պար­զո վկա­յում այն իրողու­թյու­նը, որ 1688 թ. հու­նի­սի 28-ին Անգ­լիա­կան Արևե­լահնդ­կա­կան ընկերությունը պայ­մա­նա­գիր կնքեց Խո­ջա Փա­նոս Քա­լան­թա­րի հետ: Այս պայմանագրով հա­յերն անգ­լիա­ցի վա­ճա­ռա­կան­նե­րի նման նույն ի­րա­վունք­ներն էին ստա­նում, ա­զատ ե­լու­մու­տի ի­րա­վունք ու­նեին անգ­լիա­կան բո­լոր առևտրա­կան կենտ­րոն­նե­րում, կա­րող էին ապ­րել ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող քա­ղաք­նե­րում և այլ վայ­րե­րում, ու­նե­նալ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վունք, ի­րենց կրո­նա­կան զգաց­մունք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար ե­կե­ղե­ցի­ներ շի­նել, առևտրա­կան բեռ­ներն ա­ռանց մաք­սի տեղա­փո­խել անգ­լիա­կան նա­վե­րով և այլն: Անգ­լիա­ցի­նե­րի հա­մար հատ­կա­պես կարևոր էր այն կե­տը, ուր մաս­նա­վո­րա­պես նշվում էր, որ ե­թե նախ­կի­նում հա­յե­րը հնդկա­կան ապ­րանք­նե­րի մեծ մասն ար­տա­հա­նում էին Պարս­կաս­տա­նից, Ա­րա­բիա­յից և Թուր­քիա­յից, ա­պա այժմ պար­տա­վոր­վում էին բո­լոր ապ­րանք­նե­րը հա­նել միայն անգ­լիա­կան ճա­նա­պար­հով և բա­ցա­ռա­պես անգ­լիա­կան նա­վե­րով` չօգտ­վե­լով հոլան­դա­կան և ա­րա­բա­կան նա­վե­րից»:

Հայր Սուրբը նշում է, որ ան­գամ հա­ճախ անգ­լիա­ցի­նե­րի մոտ խո­ջա­նե­րը եվրոպացինե­րի հա­մար միջ­նոր­դի դեր էին կա­տա­րում. «Այս­տեղ տե­ղին է հիշատակել Խո­ջա Փա­նոս Քա­լան­թա­րի եղ­բո­րոր­դի Խո­ջա Իս­րա­յել Սար­հա­դին, որ իր ու­նե­ցած դիր­քի շնոր­հիվ շատ օգ­նեց անգ­լիա­ցի­նե­րին Հնդկաս­տա­նում հաստատվելու հա­մար: Օ­րի­նակ` երբ 1651 թ. անգ­լիա­ցի­նե­րը գնա­ցին Շահ Ջա­հա­նի (1628-1658) մոտ գոր­ծա­րան հիմ­նե­լու խնդրան­քով, պատ­վի­րա­կու­թյան առաջնորդնե­րից մե­կը հենց Խո­ջա Իս­րա­յել Սար­հադն էր: Երբ Ջոբ Չար­նո­քը ԺԷ դարի վեր­ջում Կալկաթայում սկզբնա­վո­րեց անգ­լիա­կան գա­ղու­թը, գոր­ծա­րան­ներ հիմ­նե­լու կա­րիք ա­ռա­ջա­ցավ, ո­րի հա­մար ան­պայ­ման անհ­րա­ժեշտ էր Մու­ղալ կայս­րի թույլտվությունը: Անգ­լիա­ցի­նե­րը գի­տեին, որ հայ վա­ճա­ռա­կան­նե­րը բա­րի համ­բավ ու­նեն Մու­ղալ ա­ռաջ­նորդ­նե­րի մոտ, քան­զի նրանք վարժ տի­րա­պե­տում էին պարսկերե­նին, ար­դեն իսկ գոր­ծա­րա­րի լավ ա­նուն ու­նեին և նրանց հետ շատ դյու­րին էր հաղոր­դակց­վե­լը: Եվ կրկին ընտ­րու­թյու­նը կանգ է առ­նում նշա­նա­վոր հայ վաճառա­կան Խո­ջա Սար­հա­դի վրա: 1698 թ. նրա և ար­քա­յազն Ա­զիմուշ Խա­նի միջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի արդ­յուն­քում անգ­լիա­ցի­նե­րին վե­րա­պահ­վեց Կալ­կա­թա­յի ե­րեք գյու­ղե­րի վար­ձա­կալ­ման ի­րա­վուն­քը: Հե­տա­գա­յում նույն այս վա­ճա­ռա­կան հայն իբրև պատ­գա­մա­վոր 1715 թ. Դե­լի գնաց և անգլիա­ցի­նե­րի հա­մար կա­րո­ղա­ցավ ձեռք­բե­րել Մեծ ֆար­մա­նը, ո­րով Հնդկաս­տա­նի մեջ փաս­տո­րեն հիմ­նադր­վեց Բրի­տա­նա­կան կառա­վա­րու­թյու­նը»:

Հայր Զաքարիան հիշեցրեց, որ մեր նախ­նիները նա­հան­գում սկզբում պաշտ­նա­պես հաս­տատ­վել են Մուր­շի­դա­բա­դի մա­տույց­նե­րում գտնվող Սեյ­դա­բադ քա­ղա­քում, որն այն ժա­մա­նակ Բեն­գա­լիա­յի մայ­րա­քա­ղաքն էր. «Մաս­նա­վո­րա­պես Մու­ղա­լի թագավոր Աու­րանգ­զեբն (1658-1707) իր ֆար­մա­նով (հրո­վար­տակ) 1665 թ. Սեյդաբա­դում մի հող է նվի­րում հա­յե­րին` թույ­լատ­րե­լով բնա­կու­թյուն հաս­տա­տել այն­տեղ: Հա­յե­րը Սեյ­դա­բա­դում հիմ­նա­կա­նում զբաղ­վում էին կտո­րի և հում մե­տաք­սի առևտրով: ԺԸ դա­րի կե­սե­րին ար­դեն բա­զում հա­յեր էին այն­տեղ ապ­րում, ո­րի ակնհայտ վկա­յու­թյու­նը Ս. Մա­րիամ հայ­կա­կան ե­կե­ղե­ցու կա­ռու­ցումն է 1758 թ.։ Կալկա­թա­յի ժա­մա­նա­կի հայ հա­մայն­քի ղե­կա­վար, Ջու­ղա­յե­ցի նշա­նա­վոր վաճառական, բա­րե­գործ Խո­ջա Պետ­րո­սի անձ­նա­կան մի­ջոց­նե­րուվ` ի հի­շա­տակ իր հան­գուց­յալ ծնող­ներ Հա­րու­թյու­նի և Ով­սան­նա­յի և իր հա­րա­զատ­նե­րի»:

Մադրասի Ս․ Աստվածածին եկեղեցին

«Հնդկահայ համայնքը և Հայոց Մարդասիրական ճեմարանը» թեմայով հանրային դասախոսության ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության տնօրենը հավելեց, որ ԺԷ դա­րի երկ­րորդ կե­սին հա­յա­շունչ քաղաք էր նաև Չիչ­րան, այ­սօր­վա` Չին­սու­րա­հը, որ­տեղ հա­յե­րը կրկին զբաղ­վում էին առևտրով. «Հա­յե­րից ա­ռաջ այն­տեղ էին հաստատ­վել հո­լան­դա­ցի­ներն ու պորտուգա­լա­ցի­նե­րը, ո­րոնք սերտ առևտրա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ էին հայերի հետ: Ի դեպ` հո­լան­դա­ցի­նե­րի հետ նման հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հնարավորու­թյուն էր ըն­ձե­ռում հայ վա­ճա­ռա­կան­նե­րին ա­զատ ե­լու­մուտ ու­նե­նալ հոլան­դա­կան տի­րա­պե­տու­թյա­նը են­թա­կա տա­րածք­նե­րում` Մա­լաք­քա­յում, Սումատրա­յում, Ճա­վա­յում, Խա­ղա­ղա­կա­նի կղզի­նե­րում և այլն:

Մելիք Բեգլարյանների գերեզմանները

Չին­սու­րա­հում հատկա­պես նշա­նա­վոր առևտրա­կան­ներ էին Մար­գար ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը: Խո­ջա Մար­գա­րի որ­դի Խո­ջա Հով­հան­նե­սի ջան­քե­րով 1695-1697 թթ. կա­ռուց­վում է Չին­սու­րա­հի Ս. Հով­հան­նես հայ­կա­կան ե­կե­ղե­ցին, ո­րը Բեն­գա­լիա­յի նահան­գի քրիս­տո­նեա­կան երկ­րորդ ա­մե­նա­հին ե­կե­ղե­ցին է: Չին­սու­րա­հում այ­սօր պահ­պան­ված գե­րեզ­ման­նե­րի մեջ շատ ար­ժե­քա­վոր են Ար­ցա­խի Գյու­լիս­տան գավառի Մե­լիք-Բեգ­լար­յան նշա­նա­վոր տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գե­րեզ­ման­նե­րը, ո­րոնք հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ի­րենց մահ­կա­նա­ցուն են կնքել Հնդկաս­տա­նում: Մաս­նա­վո­րա­պես ե­կե­ղե­ցու զան­գա­կա­տան տակ` արևել­յան դռան մոտ է գտնվում Ղա­րա­բա­ղի վեր­ջին մե­լի­քի որ­դու` Դավ­թի գե­րեզ­մա­նը։ Այս գե­րեզ­մա­նից բա­ցի Չինսու­րա­հում են ամ­փոփ­ված նաև Մե­լիք-Բեգ­լար­յան նշա­նա­վոր տան հինգ անդամներ եւս»:

Հավելենք, որ Հայոց Մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թ․ ապրիլի 2-ին ջուղայեցի վաճառականներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: Աստվածատուր Մուրադխանյանը 1797 թ․ հուլիսի 30-ին 8000 հնդկական ռուփի է կտակում ազգային վարժարան հիմնելու նպատակով։1816 թ․ Մնացական Վարդանյանը «Հրավիրակ» անունով մի տետրակում կրկին բարձրացնում է ազգային վարժարան ունենալու հարցը, իսկ մեկ տարի անց հորդորում է. «Որպէս երկունք տենչանաց իմոց երկնեն զիս անդադար, նոյնպէս և ես ոչ դադարեմ յարաժամ, դիմել առ պատուելի ազգդ իմ. կոչելով զամենեսեան յօգնութիւն յայսմ ազգօգուտ ծննդեան ուսումնարանի»։

1825 թ․ ճեմարանին է միացվել 1798 թ․ Կալկաթայում Հարություն Գալուցյանի հիմնած դպրոցը, իսկ ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը: Ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842 թ․: 1949-ին ճեմարանի կազմի մեջ է մտել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց դպրոցը, որը հիմնվել էր 1922 թ․ իրանահայ Դ. Դավիթյանի բարերարությամբ իր ապրած տանը: Ճեմարանը սկզբում տեղավորված էր հին Չայնա բազար փողոցի վրա (Կալկաթայի հայկական եկեղեցու մերձակայքում), իսկ 1884 թ․ տեղավորվում է Ֆրի Սքհուլ (Միրզա Ղալիբ) փողոցի եռահարկ շենքում, որը գնվում է 48․000 ռուփիով: Այս շենքը նաև հայտնի է որպես անգլիացի վիպասան Ուիլիամ Մեկպիս Թեքերեյի (1811-1863) ծննդավայր, ինչի մասին արձանագրված է ճեմարանի գլխավոր մուտքի աջ պատին` մարմարյա սալիկի վրա։ 1883 թ․ դատարանի կողմից հաստատված կանոնադրությունը մանրամասն ճշգրտում է ճեմարանի խնամակալական մարմնի և հոգաբարձուների իրավասությունները, սակայն որևէ փոփոխություն չի նախատեսվում դպրոցի ընթացիկ ներքին կարգուկանոնի հետ կապված։

1924 թվականի հունվարի 1-ին ճեմարանին է փոխանցվում 1819-1823 թվականներին Կալկաթայում գործող հայկական տպարանը։ 1828 թվականի ապրիլի 7-ին ճեմարանում հիմնադրվել է «Արարատյան» գրադարանը, որն ուներ ամենամեծ հայկական գրքերի և ձեռագրերի հավաքածուն աշխարհում։ Ժամանակի ընթացքում կլիմայական պայմանների և անտարբերության հետևանքով գրքերի զգալի մասը ոչնչացել կամ անհետացել է։1999 թ․ փետրվարի 15-ին Կալկաթայի Բարձրագույն դատարանը որոշեց Հայոց մարդասիրական ճեմարանը հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, ինչով էլ սկսվում է կրթական հաստատության պատմության նոր փուլը։ Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։ Վերահսկվում են ուսումնական ծրագրերը, կադրային նշանակումներն ու փոփոխությունները, դպրոցի վիճակն ու խնամքը։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Հայր Զաքարիան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930