Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան Վահագն Կոստանդյանը ՝ ժամանակին համընթաց մնալու, հոգեբանի հոգեբանների, հեղինակած գրքի և մասնագիտական ամենահետաքրքիր գաղտնիքների մասին

Դեկտեմբեր 12,2021 13:02

Հե՞շտ է արդյոք լինել հոգեբան ու կարողանալ հավատարիմ մնալ սեփական առաքելությանը, լսել ուշադիր և օգնել առանց խորհուրդների։
Զրուցել ենք ամենահետաքրքիր ու բարդ մասնագիտություններից մեկի տեր հոգեբան Վահագն Կոստանդյանի հետ։

– Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը։

– Սկզբում ընդունվել էի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետ, կարճ ժամանակ սովորելուց ու բանակ գնալուց հետո հասկացա, որ չեմ կարող այդ ֆակուլտետում սովորել, այնուհետև բոլոր մասնագիտությունների գրականությունը սկսեցի ուսումնասիրել՝ փորձելով վերլուծել, թե որ մասնագիտությունն է մաքսիմալ մոտ իմ պոտենցիալին ու կարողություններին։ Ընտրեցի սա, և ինձ համար մոտիվացնող գործոն էր այն, որ իմ խառնվածքը լիարժեք հապատասխանում է հոգեբանի մասնագիտությանը։

– Ո՞րն է այն կարևոր ազդակը/հուշումը, որ անհատը կարող է հոգեբան լինել։

– Հստակ որևէ չափորոշիչ չկա։ Իմ տեսանկյունից կարող եմ նշել վերլուծական մտքի առկայությունը, նաև պատկերացումը մասնագիտության մեջ ու գիտակցումը, թե որքանով է այն անհրաժեշտ ու արդյունավետ ոչ միայն հոգեբանի և այցելուի, այլ նաև ընդհանուր ոլորտի համար։

– Վահագն, իսկ ունե՞ք այնպիսի անձնային հատկանիշներ, որոնք երբեմն կարող են խանգարել մասնագիտական գործունեությանը։

– Այո, ունեցել եմ այդպիսի հատկանիշներ, օրինակ բավականին շուտ նյարդայնանալը, ընդհուպ մինչև անադեկվատ աստիճանի, բռնկուն լինելը ինչպես կյանքում, այնպես էլ գործում, սակայն հետաքրքիրն այն է, որ բնավորության այս գծերը ոչ թե խանգարել են ընտրածս ոլորտում գործունեությանը, այլ ժամանակի ընթացքում մասնագիտությանս շնորհիվ անհետացել են ուղղակի։

– Եղե?լ են այցելուներ, որոնց երբեք չեք մոռանում։

– Այո, եղել են։

– Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։

– Տպավորվելը կապված է ոչ թե անձնային որևէ հատկանիշի հետ, այլ այն հանգամանքից, թե ինչպիսի մեծ ու գլոբալ խնդիրներ են կարողացել հաղթահարել։ Դա ոչ միայն այցելուի, այլ հոգեբանի նվաճումն է, ուստի և միշտ թարմ է մնում հիշողության մեջ։

– Տարիքային ո՞ր փուլում են մարդիկ հաճախակի դիմում հոգեբանի, և ինչպիսի՞ խնդիրներ են առավել տարածված։

– Կա որոշակի տարիքային կրկնվող տենդենց, հաճախ դիմում են 17-ից մինչև 26 տարեկան անձիք։ Իմ այցելուների հաճախականությունից կարող եմ ասել, որ առավել տարածված խնդիրները անձնային խնդիրներն են՝ եսի հետ կապված, նաև բարդույթներ ու սոցիալիզացիայի խնդիր, երբ անհատը չի կարողանում ընդգրկվել հասարակության մեջ։

– Որպես հոգեբան դուք շատերին եք օգնում, իսկ ո՞վ է օգնում Ձեզ, երբ դրա կարիքն ունենում եք։

– Մեզ օգնում են ևս հոգեբաններ, մենք նրանց անվանում ենք սուպերվայզեր, այսինքն հոգեբանի հոգեբան։ Երբեմն հոգեբանը կարող է էմոցիոնալ կապի մեջ մտնել այցելուի հետ կամ չկողմնորշվել ինչպես օգնել, նման դեպքերում հոգեբանը դիմում է իր սուպերվայզերին, իսկ վերջինս օգնում է, ցույց է տալիս ելքեր ու ճանապարհներ, որոնց շնորհիվ հաղթահարվում է այդ ամենը։

– Ի՞նչը կարող է անհատին դրդել չդիմել հոգեբանի, եթե կա կարիքը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։

– Պատճառները հիմնականում կարծրատիպերն են. կա բավականին տարածված միֆ, որ եթե անհատը դիմում է հոգեբանի, ուրեմն ունի հոգեկան խնդիրներ, այնինչ հոգեբանությունը հոգեկան խնդիրներով չի զբաղվում։ Երբեմն նաև մարդիկ դժվարանում են իրենց խնդիրներները կամ գաղտնիքները պատմել լրիվ անծանոթ մեկին, երբեմն էլ պարզապես ընտանիքի անդամներին չեն կարողանում հայտնել, որ ունեն հոգեբանի կարիք։ Այս ամենի հետևանքով խնդիրները գնալով ավելանում են՝ իրենց բացասական ազդեցությունն ունենալով անհատի կյանքի բոլոր փուլերում ու անձնական դրսևորումներում։ Ի վերջո նրանք էլ, թեկուզ ուշացումով, բայց դիմում են։

– Դուք նաև հեղինակած գիրք ունեք՝ ,,Тени’’ . հետաքրքիր է՝ այդ գրքում որպես անհա?տ եք դրսևորվել, թե՞ որպես հոգեբան, արդյո՞ք հատվող խաչմերուկներ կան։

– Գրքում դրսևորվել եմ որպես անհատ, ոչ որպես հոգեբան, սակայն ասել, որ մասնագիտությունս դեր չի խաղացել, սխալ կլինի։ Հոգեբանությունն օգնել է գրելուն, սակայն գիրքը դրս մասին չէ. այն ամբողջովին գրականություն է , որտեղ հոգեբանության մոտիվներ կարող են նշմարվել օրինակ գլխավոր հերոսների մասին վերլուծություններում։

– Հայկական իրականության մեջ Ձեր մասնագիտությունն արժանի կերպով գնահատվո՞ւմ է։

– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչ, քանի որ կան մեծ կարծրատիպեր հոգեբանների ու հոգեբանության հետ կապված, բացի այդ մեզանում դեռևս զարգացած չէ կորպորատիվ մշակույթը, որում շատ լուրջ տեղ են զբաղեցնում և կարևոր գործունեությամբ են զբաղվում հոգեբանները։ Եթե ավելի անհատապես պատասխանեմ, ապա հիմա ես գրեթե ազատ օր չեմ ունենում, նաև թրեյնինգներ եմ անցկացնում, իսկ գնահատականի դրսևորումներից մեկն այն է, երբ այցելուս իր մտերիմներին ևս ինձ է խորհուրդ տալիս։

– Իսկ հոգեբանը պատասխանատո՞ւ է իր այցելուի առաջ։

– Այո, պատասխանատու է. սա իմ անձնական կարծիքն է, և ոչ թե մասնագիտական դրսևորում բոլոր հոգեբանների կողմից։ Պատասխնատու է այնքանով, որ եթե մի քանի ամիս աշխատելուց հետո այցելուի մոտ ոչինչ չի փոխվում, ապա վստահաբար ինչ-որ բան սխալ է արվում, որը պետք է վերանայել, բայց մյուս կողմից էլ հոգեբանը 24 ժամ չի կարող իր այցելուի կողքին լինել և տեսնել, թե ինչպիսի ճիշտ կամ սխալ քայլեր է կատարում։

– Եվ վերջում ո՞րն է այն կարևոր փաստը կամ հատկանիշը Ձեր մասին, որն իմանալով մարդիկ կցանկանան հենց Ձեզ այցելել։ Խոսեք նաև, թե Ձեզ համար ո՞րն է լավագույն արդյունքը։

– Կպատասխանեմ մեջբերելով այցելուներիս կարծիքները ևս. նախ տարիքս ու մտածելակերպս թույլ է տալիս քայլել ժամանակին համընթաց, և այսօր ավելի հեշտ է խնդիրների մասին խոսել երիտասարդ մասնագետի հետ, քանի որ վերջինս ավելի արագ կարող է վերլուծել ու հասկանալ։ Շատ հոգեբաններ պետք է հասկանան , որ մենք այլևս 21-րդ դարում ենք, և անարդյունավետ է աշխատել 20-րդ դարի մեթոդներով։ Ես անընդհատ զարգացնում եմ դինամիկ մեթոդիկաներս, հետևում եմ նոր ու ժամանակակից տեսությունների և հոգեբանական գործընթացների։ Հաջորդ կարևոր հատկանիշն իմ մոտեցումն է աշխատանքին և այցելուին, ես կարևորում եմ այնպիսի մթնոլորտի առկայությունը, որտեղ այցելուն մեկ վայրկյան անգամ չի մտածի, թե ինչպես սկսի և ինչ խոսի, ինքս ստեղծում եմ այդ մթնոլորտը։

Հոգեբանի համար լավագույն արդյունքն է տեսնել իր կատարած աշխատանքի պտուղները։ Ինձ համար կարևոր է այն փաստը, որ այցելուներիցս ոչ-ոք առ այսօր առանց իր խնդրի լուծումը գտնելու չի հեռացել։ Ես առհասարակ ճիշտ եմ գտնում աշխատանքն ավարտելուց հետո մի քանի հավելյալ հանդիպումներ նշանակելը, երբ արդեն լիովին կազդուրված այցելուին տալիս ես որոշակի մեխանիզմներ, ապագայում հնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար։ Սա ևս հրաշալի արդյունք է, երբ մարդը, ում հետ դու աշխատել ես, հետագայում իրեն դրսևորում է ավելի ուժեղ ու ինքնավստահ։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031