Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կունենանք Եվրոպայի հետ վիզաների ազատականացում, որ երկրից են ամենաշատը Հայաստան գալիս աշխատելու

Դեկտեմբեր 15,2021 20:00

«Երբ որ շրջանառու, անվտանգ միգրացիայի կազմակերպման բոլոր հիմնարար պայմանները իրականություն լինեն, մենք արդեն կարող ենք խոսել վիզաների ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի մասին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։ Պարոն Ղազարյանն անդրադառնալով միգրացիոն խնդիրներին, դրանց կառավարմանն՝ ասաց, որ համաձայնագրի 15-րդ հոդվածում ուղիղ տեքստով նշված է՝ երբ կարող ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: Նրա խոսքով, բացի համաձայնագրից Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները միգրացիայի ոլորտում ձեւակերպվում են նաեւ գործող երկու համապարփակ պայմանագրերով: Մեկը՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրն է եւ՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնագրին, պարոն Ղազարյանի խոսքով, այնտեղ անդրադարձ կա Հայաստանից գնալու հիմնական պատճառներին, համատեղ միջազգային պաշտպանության եւ ապաստանի համակարգերի զարգացման գործընթացին, քսենաֆոբիային, ռասիզմի դեմ պայքարին, ինչպես նաեւ շրջանառու միգրացիայից, վերադարձի հոսքերից օգուտներ քաղելու գործիքների մշակմանը:

«Տեղեկատվության եւ փաստաթղթերի իսկության վերաբերյալ համագործակցությունը նույնականացման գործընթացներում խիստ կարեւոր են. Դրանք առնչվում են մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը: Անձի ինքնությունը կարող են գողանալ, օրինակ՝ գողանալով փաստաթղթերը եւ ձեւանալով որպես երրորդ անձ՝ հատկապես՝ երկրից դուրս գնալիս: Այդ բոլորը հիմքեր են ստեղծում թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի կազմակերպման համար:

Համաձայնագրում եւս կա թրաֆիքինգի դեմ պայքարի համատեղ գործիքների մշակում, անօրինական միգրացիայի կազմակերպման մեխանիզմների խափանում, որը նաեւ իրավապահների հետ համատեղ գործակցությամբ է տեղի ունենում»,-ասաց Միգրացիոն ծառայության պետը:

Թե համաձայնագրից ո՞ր մասն է ընթացքի մեջ, Արմեն Ղազարյանն ասաց, որ համաձայնագրի հիման վրա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Հայաստանում ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի արդյունքում մշակվել է ճանապարհային քարտեզ, որտեղ կան միգրացիային առնչվող տասը կետեր, որից մեկ կետը՝ ռեադմիսիայի էլեկտրոնային համակարգի գործարկումը, լիովին կատարված է:

Ըստ Միգրացիոն ծառայության պետի, ՀՀ քաղաքացիներն ապաստանի համար ավելի քիչ են սկսել դիմել ԵՄ անդամ երկրներին:

Քննարկմանը ներկա Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրներն ինչո՞վ էին պայմանավորված եւ ինչպե՞ս են լուծվելու:
Արմեն Ղազարյանն ի պատասխան ասաց՝ հարցը ոստիկանության լիազորությունների տիրույթում է. «Բայց կարող եմ ասել, որ անցումը կենսաչափական անձնագրերին, շատ կարեւոր է Եվրամիության հետ շարժունակության վերաբերյալ երկխոսության շրջանակներում, եւ նաեւ որպեսզի մեզ համար հիմքեր ձեւավորվեն հետագայում վիզաների ազատականացման մասին երկխոսությանը»:

Ինչ վերաբերում է միգրացիոն հոսքերին, ոլորտը համակարգող ղեկավարը նշեց, որ 2020 թվականին սահմանահատումների ցուցանիշը եղել է +12 հազար, այսինքն՝ մուտքերի եւ ելքերի տարբերության մեջ մուտքերը 12 հազարով ավելին են եղել, քան ելքերը: 2019-ին՝ + 10 հազար, 2018-ին այդ ցուցանիշը եղել է +15 հազար: 2017-ին սահմանահատումների ցուցանիշը -27 հազար էր, 2016-ին՝ -60 հազար: Այս ցուցանիշն, ըստ պարոն Ղազարյանի, դրական միտում է ցուցաբերել միայն 2018-ից 2020 թվականները եւ 2004-ից-2006 թվականները: Մնացած տարիներին եղել է բացասական:

Ասաց նաեւ, որ 2021 թվականի տվյալները դեռ չեն ամփոփվել, միայն առկա են եռամսյա տվյալները, ըստ որի, առաջին եռամսյակի ելքի 72 տոկոսը ուղղվել է Ռուսաստանի դաշնություն: Իսկ այդ 72 տոկոսի 82 տոկոսը, որպես մուտքի նպատակ, նշել է աշխատանքը:
Ըստ Արմեն Ղազարյանի, սա նշանակում է, որ քովիդի պատճառով աշխատանքային միգրացիոն հոսքը վարչարարական մեթոդներով զսպվել է: Բացի այդ, վերամիավորվել են բաժանված ընտանիքները, որոնց ընտանիքի անդամների մի մասը եկել էր Հայաստան եւ կորոնավիրուսի պատճառով հնարավորություն չունեցել մեկնել: Երրորդ ցուցանիշն, ըստ պարոն Ղազարյանի, միգրացիայի մնացորդն է: Այս ցուցիչը Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ունեցել է բացասական դրսեւորում՝ բացառությամբ մեկ տարվա՝ 2020 թվականին, երբ այդ ցուցանիշը եղել է + 3000, այսինքն՝ մարդիկ եկել եւ մեկ տարուց ավել մնացել են մեր երկրում՝ ինչն էլ պայմանավորված էր քովիդի սահմանափակումներով:

Հարցին՝ ովքե՞ր են գալիս Հայաստան աշխատանք գտնելու, Արմեն Ղազարյանն ասաց՝ Հայաստանն ավանդաբար իմիգրացիայի (ներգաղթ) քաղաքականություն չի ունեցել, բայց, քանի որ վերջին տարիներին առնչվում են այդ խնդրի հետ, մշակում են իմիգրացիայի վերաբերյալ քաղաքականություն:
«Մշտապես մեր ներհոսքը եղել է փախստականության տեսքով: Արցախյան առաջին պատերազմի ժամանակահատվածում Ադրբեջանից բռնագաղթված, 2003-ին Իրաքում պատերազմի պատճառով այնտեղից մեր երկիր եկած, Սիրիական պատերազմից՝ Սիրիայից եկած, Լիբանանում խնդիր եղան եւ Լիբանանից եկան»,-ասաց Միգրացիայի ծառայության ղեկավարը՝ նշելով, որ վերջին շրջանում, սակայն, աշխատանքային միգրանտների ներհոսք է նկատվում:

Նրա տվյալներով, ՀՀ-ում ամենաշատը աշխատող քաղաքացիները ՌԴ-ից են, աշխատանքային միգրանտներ ունենք նաեւ Հնդկաստանից, Իրանից, տաջիկստանից եւ մի շարք այլ երկրներից, որոնք հիմնականում ներգրավված են շինարարության, սպասարկման եւ ժամանցի ոլորտներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031