Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ևս երկու դեղամիջոց՝ Քովիդ-19-ի բուժման համար

Հունվար 16,2022 23:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է  տվել 2 նոր դեղամիջոց, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում Քովիդ-19-ի բուժման համար։ Թե որքանով այդ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կյանքեր փրկելու հարցում, կախված է նրանից, թե որքան հասանելի ու մատչելի կլինեն դրանք։

Առաջին դեղամիջոցը բարիցիտինիբն է, որը խորհուրդ է տրվում Քովիդ 19-ով  հիվանդ այն պացիենտներին, որոնք գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս դեղահաբը պատկանում է Janus kinase (JAK) ինհիբիտորների (արգելակիչներ) շարքին, որոնք ճնշում են իմունային համակարգի գերխթանումը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս այն նշանակել կորտիկոստերոիդների հետ։

Բարիցիտինիբն օրալ դեղամիջոց է, որը գործածվում է ռևմատոիդ արթրիտի բուժման համար։ Այն այլընտրանքն է արթրիտի դեմ պայքարող այլ դեղամիջոցների՝  ինտերլեյկին-6 արգելակիչների, որոնք խորհուրդ էր տվել ԱՀԿ-ն 2021 թ․-ի հուլիսին։

ԱՀԿ-ն նաև մեկ այլ դեղամիջոց է երաշխավորել՝ մոնոկլոնալ հակամարմիններով սոտրովիմաբ դեղահաբը՝ Քովիդ 19-ի թեթև կամ միջին ծանրության դեպքերի համար՝ այն պացիենտներին, որոնք ենթակա են հոսպիտալացման բարձր ռիսկի։ Այդպիսի պացիենտների թվին են պատկանում տարեցները, թուլացած իմունիտետով մարդիկ,  որոնք ուղեկցող հիվանդություններ ունեն՝ դիաբետ, ճարպակալում, հիպերտոնիա, ինչպես նաև չպատվաստված անձինք։

Այժմ շարունակվում են օմիկրոնի դեմ մոնոկլոնալ հակամարմինների արդյունավետության վերաբերյալ հետազոտությունները, սակայն ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ սոտրովիմաբն այդ դեպքում էլ է պահպանում իր ակտիվությունը։

Փորձագետների մի խումբ դիտարկել է ևս երկու դեղամիջոցի (ռուքսոլիտինիբ և տոֆացիտինիբ) գործածումը Քովիդ-19-ի ծանր և կրիտիկական դեպքերի համար, սակայն հաշվի առնելով դրանց անորոշ արդյունավետությունը, ԱՀԿ-ն պայմանականորեն խորհուրդ է տվել դրանք չօգտագործել։

Քովիդ-19-ի բուժման վերաբերյալ ներկայիս հանձնարարականները, որոնք ԱՀԿ-ի կողմից թարմացվում են արդեն 8-րդ անգամ, հիմնված են հիվանդության ոչ ծանր, ծանր և կրիտիկական վիճակում գտնվող ավելի քան 4000 պացիենտի մասնակցությամբ 7 հետազոտությունների տվյալների վրա։

ԱՀԿ-ն բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ ապահովելու համար մատակարարումների և հասանելիության գլոբալ հնարավորությունների կայունությունն ու հավասարությունը։ Համալիր պլաններ են մշակվում նոր դեղամիջոցները միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների համար հասանելի դարձնելու ուղղությամբ, որպեսզի բուժման նոր մեթոդներն ավելի արագ ներդրվեն բոլոր երկրներում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ ԱՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31