Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՀԿ․ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 49-է․ մեր երկիրը առաջընթաց չի գրանցել

Հունվար 25,2022 14:22

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվն, ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտության, 49-ն է, եւ եթե նախորդ 2020 թվականին մեր երկիրը 180 երկրների շարքում 60-62-րդ տեղում էր, ապա 2021 թվականին 58-րդ տեղում է։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ ԹԻՀԿ-ն հրապարակել է 2021 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացնելով հետազոտության արդյունքները, ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց, որ տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որի կոռուպցիայի ընկալման համաթիվը 55 է։ Ըստ զեկույցի, Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից՝ 38 միավոր`96-ից 101-րդ տեղեր, Ադրբեջանից՝ 30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր եւ Իրանից՝ 25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (խիստ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները եւ տարածքներն ըստ նրանցում հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման։ Համաթվի 50-ից բարձրի դեպքում կոռուպցիան չի հանդիսանում համակարգը վնասող, 50-ից ցածրը նշանակում է՝ կա համակարգային կոռուպցիա։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը գործարարների եւ փորձագետների ընկալումն է, որովհետեւ ենթադրվում է, որ դա առավել օբյեկտիվ պատկերն է․ «Եվ եթե տվյալ երկրում ընկալումն այնպիսին է, որ շատ կոռումպացված է երկիրը, իրականում էլ այդպես է»։

Հոկտանյանի ներկայացմամբ՝ տասը տարում աշխարհի երկրների 86%-ը որեւէ առաջընթաց չի գրանցվել, կամ աննշան առաջընթաց է գրանցվել։

Տասը տարվա ընթացքում ԿԸՀ համաշխարհային միջինը մնում է անփոփոխ՝ հավասար 43-ի, եւ երկրների երկու երրորդի ավելին շարունակում է մնալ 50-ից ցածր համաթիվ, այսինքն, ինչպես ասաց Հոկտանյանը, կոռուպցիան շատ լուրջ խնդիր է, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը։

Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգմամբ ամենալավ վիճակում գտնվող երկրներից են Դանիան, Ֆինլանդիան եւ Նոր Զելանդիան։

«23 երկրներում տասը տարվա ընթացքում արձանագրվել է համաթվի զգալի նահանջ, այդ երկրներից են Ավստրալիան՝ 73 միավոր, Կանադան՝ 74 միավոր, եւ ԱՄՆ-ն՝ 67 միավոր։ ԱՄՆ-ն առաջին անգամ դուրս է մնացել աշխարհի ամենաբարձր համաթիվ ունեցող 25 լավագույն արդյունքն ունեցող երկրների ցանկից։

25 երկրներ տասը տարում էապես բարելավել են իրենց համաթիվը, ներառյալ՝ Էստոնիան՝ 74 միավոր, Սեյշելյան կղզիները՝ 70 միավոր եւ Հայաստանը ՝49 միավոր։ Հայաստանում դա տեղի ունեցավ 2018 թվականից հետո։ Հայաստանն անցյալ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել, երկու տարում մեծ աճ գրանցեց, 2012-2013 թվերի համեմատ աշխարհի ամենաբարձր աճ գրանցած երկրներից է»,-ասաց Հոկտանյանը։

Թե ինչու առաջընթաց չգրանցվեց մեր երկրում, Հոկտանյանն իր անձնական կարծիքն է ասում․ «2018-19 թվականներին լուրջ առաջընթաց եղավ, մարդկանց մոտ կային սպասելիքներ, այդ թվում՝ գործարարների եւ փորձագետների։ Մարդիկ սպասում էին, որ լավ կլինի։ Ամենայն հավանականությամբ, այդ բարեփոխման քայլերը, որոնք արվեցին, համակարգված չէին, ավելի մեծ բարեփոխման օրակարգի մաս չէին կազմում, արդյունքում ունեցանք այս կանգառը։ Սովորաբար նման դեպքերում կամ վատթարացում է լինում կամ լճացում, հետո՝ լավացում»։

Ըստ զեկույցի, ԵԱՏՄ անդամ երկրների կոռուպցիայի ընկալման համաթիվը շարունակում է ցածր մնալ Հայաստանի համաթվի արժեքից: Օրինակ՝ Բելառուսի համաթիվը 41 միավոր է՝ 82-ից 84-րդ տեղ, Ռուսաստանինը՝ 29, 136-ից 139-րդ տեղեր, Ղրղզստանինը՝ 27, 144-ից 146-րդ տեղեր, իսկ Ղազախստանինը` 37 միավոր, 102-ից 104-րդ տեղեր:

Ինչպես մաքրել երկիրը կոռուպցիայից․ Հոկտանյանն ասում է, որ տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են կիրառվել, եւ պարտադիր չէ, որ մի երկրի օրինակը Հայաստանի համար կարող է կիրառելի լինել։ «Օրինակ՝ Սինգապուրում կոռուպցիան մաքրվեց ավտորիտար մեթոդներով։ Մեզ մոտ եթե փորձեն ավտորիտար մեթոդներով պայքարել կամ իրավիճակը լավացնել, ապա կարծում եմ Արգենտինայի դրաման, վախենամ, կվերածվի տրագիկոմեդիայի։ Կլանային այդ մտայնությունը՝ շրջապատի, ծանոթ-բարեկամի․․․ խնամի-ծանոթ-բարեկամ հաղթարշավը մեզ մոտ շարունակվում է»։

Թե ինչո՞ւ չի հաջողվում մեր երկրում հասնել հաջողության, արդյոք պաշտոնյաների պարգեւավճարները կարելի է դիտարկել որպես կոռուպցիա, Վարուժան Հոկտանյանն ասում է․ «Գլխավոր պատճառը այն հայտնի խոսքն է՝ հեղափոխությունը ռազմական ճանապարհով կարելի է հաղթել մի քանի օրում, տնտեսական ճանապարհով՝ մի քանի ամսում, իսկ մտայնության մեջ հեղափոխությունը սերունդներ է պահանջելու։ Սա է հիմնական խնդիրը՝ արեւելյան այն մտայնությունը, որ պաշտոնը հանդիսանում է հարստանալու աղբյուր։ Սա է հիմնական պատճառը, որը մարդու գլխում է։ Դրա համար է, որ այսպիսի պարգեւավճարներ կան, նախկինում դա ուղղակի թալանվում էր բյուջեն, հիմա պարգեւավճարներ են տալիս, կամ խնամի-ծանոթ-բարեկամ, կուսակցական համախոհներին պաշտոնի են բերում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31