Լրահոս
Օրվա լրահոսը

«Չլացեք` հետ եմ գալու, հիմա ես պիտի 18 տարեկանների կողքին լինեմ»․ 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Երեմյան (տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 29,2022 16:35

2020 թվականի հոկտեմբերի 22-ին Կարեն Երեմյանի ձին՝ Սեւուկը, շներից՝ Արջուկը, թութակներն ու աղավնիները, ձկները մի տեսակ անհանգիստ էին։ Սեւուկը, որ միայն Կարենին էր լսում, այդ օրը կատաղի ծառս էր լինում, հրաժարվում էր նույնիսկ իր սիրած քաղցրավենիքից։

Տնեցիները տնային կենդանիների վարքագծից ինչ-որ վատ բան էին կանխազգում, բայց չէին համարձակվում բարձրաձայնել։ Լուռ իրար էին նայում՝ կարծես սպասելով լուրի։ Բոթը չուշացավ․ Կարենը վիրավորվել ու Երեւանի հիվանդանոցում է․․․

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է Կարեն Երեմյանը։ «Փոքր էր դեռ, ավտոմատներ էր սարքում, եղբորը ասում էր արի կռիվ-կռիվ խաղանք։ Չգիտեմ, էդ սերը որտեղից մտավ նրա մոտ»,-պատմում է մայրը՝ տիկին Լուսյան։ Ապրիլյան քառօրյային թաքուն գնաց։ Այս անգամ մայրը չէր ուզում, որ Կարենը գնա։

«Ասացի՝ Կարեն ջան, համբերի մի 10 օր, տեսնենք` ինչ է լինում, եղբորդ ու հորդ հետ կգնաք։ Ասաց չէ, մամ ջամ, մի լացի, գնում եմ ու մի քանի օրից հետ եմ գալու»,-հուզմունքը խեղդելով` պատմում է անմահացած հերոսի մայրը։ Որդու` վիրավորվելու մասին լուրը թաքցնում էին տիկին Լուսյայից։ «Հարցուփորձ էի անում, զգում էի, հարսս ասավ՝ մամ, միայն մայրական սրտով աղոթի, որ որդիդ տուն գա»,-հիշում է Կարենի մայրը։ Նախ ասացին՝ Կարենը վառվել է։ Հետո պարզվեց՝ գանգուղեղի վիրավորում է ստացել, ոտքերից մեկը կոտրված էր, մյուս ոտքն էլ՝ բեկորային վիրավորմամբ։ Կարենը Էրեբունի բժշկական կենտրոնում կյանքի ու մահվան իր կռիվն էր տալիս։ «Ասացի՝ պիտի գնամ որդուս մոտ։ Աչքերը՝ ուռած-կապտած․․․ ու էլ չգնացի իրեն տեսակցության։ Ասացի՝ սպասեմ, ինքը գա տուն, բայց ուրիշ ձեւով եկավ տուն։ Ես կյանքում այդ հայացքը չեմ մոռանա, ինքը իմ ուժն էր, իմ հարստությունն էր»,-ասում է տիկին Լուսյա Սարգսյանը։

Մինչեւ հիմա սպասում է Կարենին, ասում է՝ «միշտ դարպասին եմ նայում ու մտածում՝ ուր որ է ներս կմտնի Կարենս»։ Կարեն Երեմյանին չհուղարկավորեցին Եռաբլուրում։ «Մենք չուզեցինք, ամեն օր Կարենիս գերեզմանին եմ գնում, զրուցում հետը, որ ժամի ուզում՝ գնում եմ։ Եռաբլուր չէի կարող այդքան հաճախ գնալ»,-ասում է տիկին Լուսյան։

Արցախի «Մարտունի 2»-ում է ծառայել, նույն տեղում էլ վիրավորվել էր։ «Սիրում էր Ղարաբաղը, ասում էր ընտանիքով մի քանի օրով գնանք հանգստանալու։ Չգիտեմ՝ ի՞նչ կար այդ Ղարաբաղում, որ էդքան սիրում էր»,-լացակումած պատմում է Կարեն Երեմյանի մայրը։

Արթուրն ու Կարենը մանկության ընկերներ են։ Մի գյուղում են մեծացել, իրար հետ կիսվել գաղտնիքներով։ Հետո Արթուրը դարձավ նաեւ Կարենի մարտական ընկերը։ «Եթե լսում էր՝ մի տեղ կրակոց էր, ասում էր՝ տղերք, եկեք գնանք։ Ու տենց էլ եղավ՝ ամենաթեժ կետում հայտնվեցինք։ Բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ քիչ մնաց, շուտով տուն կգնանք»,-պատմում է Արթուրը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան կնոջը՝ Հայկանուշին Կարենն է տեղեկացնում պատերազմի մասին։ Դստեր՝ Լուսյայի պարի խմբի համերգն էր։ Կարենը Ապրիլյան քառօրյային թաքուն էր գնացել, ուստի Հայկանուշը խնդրում է, որ տնից դուրս չգա։ «Ասաց՝ խոստանում եմ, էսօր չեմ գնալու, երեխու համերգը բաց չեմ թողնի։ Բայց նույն օրը իջել էր զինկոմիսարիատ, հերթագրվել, նաեւ կամավորագրվել էր ՀՅԴ ջոկատում։ Ամբողջ օրը զանգի էր սպասում։ Սեպտեմբերի 29-ին Արտաշատի զինկոմիսարիատ էր ներկայացել ընկերոջ եւ մորաքրոջ տղայի հետ։ Քանի որ ավտոբուսի մեջ մի տեղ էր մնացել, համաձայնել էին հաջորդ օրը միասին գնալ Արցախ։ Ասում էր՝ 18 տարեկանները բա մեղք չեն, մոտները պիտի լինենք»,-հիշում է կինը։

Վերջին անգամ հոկտեմբերի 22-ին էր զանգել։ Երբ զանգեց, Հայկանուշը որդու՝ Սերգեյի համար ճաշ էր պատրաստում։ «Ասաց՝ հեռախոսը տուր Սերգեյին, ասացի՝ այնպես կխոսես, որ չլացի երեխան։ Երբ Սերգեյը հեռախոսը վերցրեց, Կարենն ասաց՝ տղես, պապան գալու է, պապան գալու է։ Ասաց ու անջատեց։ Ձայնը մի տեսակ իրեն նման չէր ու այդտեղ սիրտս վկայեց, որ մի բան այն չի լինելու»,-պատմում է Հայկանուշը։

Աղջիկը՝ Լուսյան, դիպուկահար է ուզում դառնալ։ Մայրը դեմ է։ «Չգիտեմ, որ Կարենը չզոհվեր, ինչ կասեր դստեր ցանկությանը, բայց ես դեմ եմ։ Ես այդ օրերը ապրել եմ, չեմ ուզում նորից ապրել։ Եթե դիպուկահար՝ ապա անպայման մի օր սահման պիտի գնա, ուստի դեմ եմ»,-ասում է Հայկանուշը։

Դստեր՝ Լուսյայի հետ Կարենը շատ էր խոսում, աղջիկը վստահում էր նրան ամեն ինչ, ինչը չէր համարձակվում մորը ասել։ «Խոսում էիք աղավնիներին կերակրելիս, խորհուրդներ էր տալիս։ Գուցե ինքը կուզեր, որ ես դիպուկահար դառնամ, շատ եմ սիրում, բայց դե չեմ ուզում մամայի կամքին հակառակվեմ»,-մեզ հետ զրույցում պատմում է Լուսյան։

Կարենի որդին՝ Սերգեյը, ինքնամփոփ տղա է։ Մայրը պատմում է, որ մի օր ասաց, որ չանհանգստանան՝ հայրիկի գերեզման է գնում։ «Ասացի՝ սպասի միասին գնանք, ասաց՝ մամ, չես հասկանում՝ ուզում եմ պապայի հետ մենակ մնամ, լացել, զրուցեմ»,-ասում է Հայկանուշը։

Կարեն Երեմյանի եղբոր՝ Արտակի համար նույնպես դժվար է կենցաղավարությունը մենակ իրականացնելը։ Մոտ 10 տարի առաջ ընտանիքը մի կով էր գնել, հիմա 40 կով ունեն։ «Գործը մի կովից սկսեցինք, վարկերով ենք գնել։ Կարենը միշտ ռիսկի էր դիմում, ասում էր՝ մի մտածեք, վարկը վերցնենք, մի լույս կվառվի՝ լավ կլինի: Ու այդպես էլ լինում էր։ Եղբորս նախագծած պլաներն եմ կյանքի կոչում։ Կաթնամթերքի արտադրամաս էր ուզում բացել, մինչեւ հիմա իր մշակած բաղադրատոմսով ենք պանիրը պատրաստում»,-ասում է Արտակը:

Հեշտ չէ՝ դժվարություններ կան, բայց Արտակը խոստանում է՝ հանուն Կարենի պիտի անի։ «Ոչ ոք չէր կարող Կարենին հետ պահել, որ չգնա Արցախ։ Այդ հարցում ինքը ոչ մեկին չէր լսի»,-ասում է Արտակը։ Նույնիսկ ձին՝ Սեւուկն է զգում Կարենի պակասը։ Օրերից մի օր կապը կտրել՝ կորել էր։ Գյուղով մեկ Սեւուկին էին փնտրում։ «Հարեւաններից մեկն ասաց, որ Կարենի գերեզմանի մոտ է տեսել Սեւուկին։ Գնացի՝ տեսա կանգնած է այնտեղ։ Չգիտեմ՝ բնա՞զդը Սեւուկին տարավ, թե պատահականություն էր, բայց իրականությունը դա է»,-ասում է Արտակը։

Կարեն Երեմյանի ընտանիքի համար ինչքան էլ անդառնալի է կորուստը, բայց փորձում են չընկճվել՝ Կարենին դա հաստատ դուր չէր գա։

Փոխարենը նրանք ձգտում են Կարենի անկատար երազանքներն իրականացնել։ Դեռ կիսատ գործեր կան, դեռ Կարենի գնած հողամասում նրա իսկ նախագծած տունը պիտի կառուցեն․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31