Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արեց Վահագն Խաչատրյանը, երբ դարձավ Երեւանի քաղաքապետ

Փետրվար 02,2022 21:25

«Վահագն Խաչատրյանին լավ ճանաչելով, իր ներքին բարոյականության չափանիշներին էլ լավ ծանոթ լինելով, ես կարող եմ ասել, որ նա այն անհատականությունն է, որը սահմաններ ունի: Նա կկանգնի եւ կասի, եթե որեւէ հարց համահայկական սկզբունքային շահերին է հակասում, Սահմանադրությանը կամ նրա բարոյական սկզբունքներին: Նա ունի այդ կարողությունը: Այնպես չէ, որ ինքը հաստատելու է՝ ինչ առաջարկվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղխորհրդի նախկին պատգամավոր Դավիթ Հակոբյանը:

Aravot.am-ը նկատել էր, որ նախագահի պաշտոնում իշխող ՔՊ-ի կողմից ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը խնդրահարույց է, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության համատեքստում: Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում բոլոր ինստիտուտների աշխատանքի ներդաշնակեցման մասին: Վահագն Խաչատրյանը ՔՊ-ի թիմից է, հետեւաբար, ստացվում է, որ նախագահը պետք է դակի բոլոր այն որոշումները, որը իշխող թիմը կկայացնի, իսկ այդ որոշումները, հաճախ հրապարակային չեն կայացվում եւ որոշ դեպքերում նաեւ խնդրահարույց են պետության շահի տեսանկյունից:

Դավիթ Հակոբյանը եւ Վահագն Խաչատրյանը 1990-ականներին Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավորներ էին: 20 տարի ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում աշխատած, ներկայումս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի գլխավոր խորհրդական, Վահագն Խաչատրյանի հասարակական կարգով խորհրդական Դավիթ Հակոբյանն այս օրերին հետեւել է նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածության շուրջ տեսակետներին: Սոցիալական ցանցերում անգամ զավեշտի հասնող տեղեկությունների է հանդիպել: Դրանցից մեկն էլ՝ Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանի սպանությունը Վահագն Խաչատրյանի՝ քաղխորհրդի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հետ կապելն է:

Հիշում է՝ 1992 թվականի Երեւանի քաղխորհրդի մի խումբ պատգամավորներ, բանավեճի մեջ էին՝ քաղխորհրդի ղեկավար Համբարձում Գալստյանի հետ, վերջինիս աշխատանքի թափանցիկության եւ քաղխորհրդի անդամներին հաշվետվողականության հետ կապված: Ի վերջո, Երեւանի քաղխորհրդի «ընդդիմադիր» պատգամավորները որոշում են կայացնում՝ պահանջել Համբարձում Գալստյանի հրաժարականը: Քաղխորհրդի նախագահի իրենց թեկնածուն էլ Վահագն Խաչատրյանն էր, ով մասնագիտությամբ տնտեսագետ էր, «Մարս» գործարանում գլխավոր տնօրենի տեղակալ էր: Նրան ընտրել էին մարդկանց հետ հարաբերություններ ձեւավորելու ունակությունների եւ կառավարչական փորձի համար:

«Այդ ժամանակ գործընթացները զարգացան, մենք չկարողացանք բացարձակ մեծամասնություն ձեւավորել, բայց Համբարձում Գալստյանը հասկացավ, որ իր աշխատանքը մեզ հետ չի ստացվում եւ հրաժարական տվեց: Դա 1992 թվականի դեկտեմբերի սկիզբն էր: Քաղաքապետարանում աշխատանքից դուրս գալուց երկու տարի հետո Համբարձում Գալստյանը սպանվեց, Դավիթաշենում եւ նրա սպանությունը որեւէ կապ չունի այդ ընտրությունների հետ»,- ասում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ արեց Վահագն Խաչատրյանը, երբ դարձավ Երեւանի քաղաքապետ: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ նա հայկական քաղաքական դաշտում ստեղծեց կոնսենսուսային կառավարման մոդել՝ տարբեր քաղաքական դաշտերից  հավաքագրած մարդկանց ներգրավվելով քաղաքապետարանում պատասխանատու պաշտոններում աշխատանքի, ինչը այն ժամանակ բավականին էքսկլյուզիվ քայլ էր: Այդ ժամանակ Երեւանի փոխքաղաքապետեր դարձան ընդդիմադիր ՀՀԿ-ի անդամ Յուրի Բախշյանը (առաջին փոխնախագահ), ընդդիմադիր ՀՅԴ-ական Վազգեն Պետրոսյանը:

«1992-94 թվականները, հավանաբար, Երեւանի պատմության ամենածանր տարիներն էին՝ հոսանք չկար, գազը Հայաստան չէր գալիս, ճանապարհները սառցապատ էին, տրանսպորտը գրեթե չէր աշխատում, սարսափելի ցուրտ եւ այլն եւ Վահագն Խաչատրյանի՝ աշխատելու ֆենոմենալ կարողության արդյունքում նաեւ այդ հսկա համակարգը, որն անընդհատ խնդիրներ էր առաջացնում, սկսեց աշխատել: Իհարկե, շատ այլ գործոններ էլ կային, բայց նրա անձնական ներդրումը բավական մեծ էր, այդ թվում նաեւ համակարգ ներգրավվելով մարդկանց, ովքեր քաղաքական բանսարկություններով, հակամարտություններով կամ մրցակցություններով չէին զբաղված, այլ փորձում էին ինչ-որ խնդիր լուծել: Սա ամենակարեւոր կետն է, քանի որ մարդկանց հետ հարաբերություններում, Վահագն Խաչատրյանի համար հիմք են կարողությունները, աշխատանքի ունակությունները, դրական փոփոխությունների ցանկությունը, այլ ոչ թե՝ ո՞վ եւ ո՞ր թիմից է: Դա իր դրական արդյունքը տվեց»,- վստահ է Դավիթ Հակոբյանը:

Մեր զրուցակիցը Վահագն Խաչատրյանին դրական բնութագրիչ է համարում նաեւ «չփոխվելու» կարողությունը՝ անկախ տվյալ պահին զբաղեցրած պաշտոնից.

«Հիմա էլ, երեկոները երբ դուրս ենք գալիս երբեմն, զբոսնում ենք, քաղաքի յուրաքանչյուր շենքի մասին մի բան է պատմում, մարդկանց հետ կանգնում զրուցում է… Իրեն ճանաչում են, իր սիրտը ցավում է քաղաքի, պետության համար ու ինձ համար շատ դրական նշան է, որ նման կոնֆիգուրացիայի մարդու առաջարկում են նախագահի պաշտոնում: Այսօրվա Հայաստանում, որը մարտահրավերներով շրջապատված է, ես հուսով եմ, որ կայունության փոքր կղզի կառաջանա իր շուրջ: Կարեւոր է, որ Վահագն Խաչատրյանի նման մարդը, ով կայացած է, նաեւ Սփյուռքում դրական վերաբերմունք ունի, ստանձնի այդ պաշտոնը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28