Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա». Աղազարյանը՝ Փաշինյանի մատ թափ տալու մասին

Մարտ 03,2022 22:02

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Արցախցու հացահատիկի արտերը թշնամուն թողնելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ:

Դուք ի՞նչ տպավորություն ստացաք երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից, երբ Նիկոլ Փաշինյանը ափերից դուրս եկավ. Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Եթե շատ օբյեկտիվ լինեք, դուրս գանք զգացմունքային դաշտից, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ վարչապետի արձագանքը ավելի քան համարժեք էր այն պահվածքին, ինչ ցուցաբերեցին մեր ընդդիմադիր գործընկերները»: Երբ հիշեցրինք՝ «հողատու» բառն են ասել ու դրանից ափերից դուրս եկավ՝ Աղազարյանն արձագանքեց. «Երբ որ դու միտք ես արտահայտում՝ մտահոգություն ունենալով հայրենիքի, պետականության հետ կապված, դու կենտրոնացիր դրա վրա եւ քո հարցը տուր: Երբ որ ամեն անգամ միտքդ արտահայտելուց գնում ես Արցախում վարուցանքին, որը իմ մոտ շա՜տ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետեւ այդ վարուցանքի վրա ծախսվել է բանակի դիզվառելիքը, զինվորների աշխատանքը, ճիշտ է, այդ ցորենը մեր հայրենիքում օգտագործվել է որպես պարենային ապրանք, բայց այդուհանդերձ այդ միջոցները գնացել են եւ դառել են դղյակներ, պալատներ, չեն դառել զենք ու զինամթերք, չեն դառել մեր հայրենիքի պաշտպանական գոտիներ: Այդ ասոցիացիաներն է առաջացնում, հետեւաբար պետք չի ասել, ամեն անգամ մի հատ քո հարցադրմանը նմանատիպ տասնապատիկ պատասխան կստանաս, անտեղի տեղը ի՞նչ ես…արտահայտիր քո անհանգստությունը ու ստացիր ադեկվատ պատասխան, որ բոլորն էլ քեզանից հա՛մ գոհ լինեն, հա՛մ օգուտ ունենան»:

Դիտարկմանը, որ քաղաքական խոսք էր հնչում քաղաքական մարմնում, բայց դրան ի՞նչ արձագանք եղավ ու դուք, որպես տղամարդ, ո՞նց կզգայիք, եթե ձեզ նույն բանն ասեին՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ վարչապետի արձագանքն ու պատասխանը ավելի քան ադեկվատ էր այն իրավիճակին, որ տիրում էր այդ պահին ԱԺ-ում: Մեկ ուրիշը կարող է պատահի նույնիսկ…»: Ճշտեցինք, կարող է չդիմանա եւ հայհոյի, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Օրինակի համար կարող է եւ այդպիսի բան էլ լինի, որովհետեւ անկախ ամեն ինչից մենք բոլորս էլ մահկանացու ենք, ունենք մեր թերություններն ու առավելությունները, հետեւաբար պետք է հարգել նաեւ դիմացինի պահվածքը, համբերության չափը: Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձեւից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը: Եվ հակառակը. Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրեւ թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքան հարազատություն կա: Օրինակի համար ասում ենք՝ շատ լակոտ, բան…մարդիկ կան, ուրիշ բաներ էլ են ասում խոսքի օրինակ: Այսինքն, կախված է, թե դու ոնց ես ասում: Բա հիմա դու, որ ասում ես, գիտես պատասխան պիտի չստանա՞ս: Չէ՛, այդպես ճիշտ չի, ասում ես՝ պետք է պատրաստ լինես պատասխան ստանալու: Անձամբ ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ նմանատիպ իրավիճակներում լինել: Ես մենակ մի անգամ եմ պապանձվել, ձեն չեմ հանել, որովհետեւ աղջնակ էր, այդ աղջնակին ես բան չէի կարա ասեի: Բոլոր մյուս դեպքերում ոչ թե ադեկվատ պատասխան եմ տվել, այլ՝ մի քանի անգամ ավել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին այդ դահլիճում միայն ընդդիմությունը չի լսում, այլ՝ հանրությունը, անհավասարակշիռ մարդու տպավորություն չի՞ թողնում՝ Աղազարյանը պատասխանեց. «Այնպես չի, որ անհավասարակշռության որեւէ էլեմենտ կար այդտեղ, ուղղակի ասեցի չէ՞ ասոցիացիաների մասին վարուցանքի՝ Արցախի հայրենիքի մեր հատվածում, այդ ասոցիացիաները բոլորի մոտ շատ վատ նստվածք է թողել ու բերել ու շահարկման առարկա դարձնել, թե՝ ձեր պատճառով այդ արտերը մնացին այնտեղ: Կարող է պատահի հաց չունենա՞նք ուտելու: Փոխանակ ասի՝ ո՞նց անենք, որ այս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում՝ կորոնավիրուս, Ուկրաինա,մեր հարեւանների հետ հարաբերությունները, ո՞նց անենք, որ ինչ-որ մի ուղղությամբ գնանք, որ օգտակար լինի բոլորիս.. Չե՛ն ասում: Ասելու նպատակն է ոչ թե հանրությանը օգտակար լինել, այլ՝ հնչեցնել հարցը: Դա չի կարա անարձագանք մնա, հլը լավ է, որ վարչապետը այդ հարվածները վերցնում է ինչ-որ իմաստով իր վրա»:

Հարցին՝ բա ո՞ւմ վրա պիտի հարվածը վերցներ՝ նա պատասխանեց. «Դե, մյուսները կարող էին ավելի ուրիշ ձեւով, հաշվի առնելով իրենց դիրքը…Վարչապետը բոլորի վարչապետ է եւ իր պատասխանատվության աստիճանը շատ ավելի բարձր է՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով, բայց մյուսներս՝ ավելի շարքային մահկանացուներս մի քիչ ավելի ազատ ենք: Ինքը իր կարգավիճակից ելնելով՝ տվեց առավել ադեկվատ պատասխան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …Երբ ես մի ժամանակ կենդանիների առևտուր էի անում, ինձ մոտ մի տիկին եկավ․ իր թութակը, ասում է, թռել է պարտեզ, իսկ այնտեղ, վիլլայի մոտ, երեխաներն այդ ժամանակ հնդիկ-հնդիկ են խաղալիս եղել։ Նրանք, ասում է, թութակը բռնել են, պոկել պոչի բոլոր փետուրները և դրանցով զարդարվել, ինչպես ոստիկանները։ Թութակը անպոչ մնալու ամոթից հիվանդացել էր, իսկ կենդանաբույժն իր փոշեդեղերով նրան սպանել։ Եվ այդպես, այդ տիկինն ասում է, թե ցանկանում է նոր թութակ գնել, միայն թե դաստիարակված, և ոչ թե բռի թութակ, որի բան ու գործը միայն հայհոյելն է։ Ի՞նչ կարող էի անել, երբ տանս ոչ մի թութակ չկար և ոչ մի հատ աչքի առաջ չունեի։ Ես միայն մի շատ կատաղի, բոլորովին կույր բուլդոգ ունեի։ Եվ ահա ստիպված եղա, պարոն օբեր-լեյտենանտ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան ժամը յոթը այդ տիկնոջն այնքան համոզել մինչև որ թութակի փոխարեն գնեց ասածս կույր բուլդոգը։ Դա որևէ դիվանագիտական բարդություն հարթելուց էլ դժվար բան էր։ Երբ տիկինը գնում էր, ես նրան ասացի. «Դե թող հիմա երեխաները փորձեն դրա պոչը պոկել»։ Եվ այլևս ինձ չվիճակվեց այդ տիկնոջ հետ խոսել, այդ բուլդոգի պատճառով նա ստիպված էր եղել Պրագայից հեռանալ, քանի որ շունը կծել էր նրանց տան բոլոր կենվորներին… Հավատացեք, պարոն օբեր-լեյտենանտ, լավ կենդանի ճարելը դժվար է, շա՜տ դժվար…

    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031