Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում կիրականացվի մինչեւ 2023թ. օգոստոս

Մարտ 25,2022 21:01

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը եւ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրին ոստիկանության բարեփոխումների շրջանակում հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման ծրագրերը:

Aravot.am-ի հարցին, թե կարծիք կա, որ Հայաստանում ոստիկաններն առանց այդ էլ շատ են, հետեւաբար, պարեկային ծառայության ներդրումը հաստիքների նոր ուռճացում չի՞ նշանակում, Արա Ֆիդանյանը պատասխանեց. «Երեւան քաղաքի օրինակով պատասխանեմ: Կրճատվել է մոտ 1100 հաստիք եւ պարեկային ծառայության արդյունքում սահմանվել է մոտ 990: Հետեւաբար, հակառակ պրոցեսն է: Բացի դա, այս պահի դրությամբ պարեկային ծառայությունն իրականացնում է մի քանի գործառույթներ: Դրանք այն գործառույթներն են, որ նախկինում կատարվում էր տարբեր ստորաբաժանումների կողմից՝ ճանապարհային ոստիկանություն, պարեկա-պահակետային ծառայություն, նաեւ  մի շարք այլ գործառույթներ, որոնք իրականացվում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից եւս: Մասնավորապես, ահազանգերի արագ արձագանքում, դեպքի վայրի պահպանություն եւ այլն: Այս առումով պետք է նշեմ, որ պարեկային ծառայության ամբողջական ներդրումից հետո նախատեսում ենք նաև, ընդհանուր առմամբ վերանայել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթները եւս: Հնարավորության դեպքում կփորձենք այնպիսի ձեւով կազմակերպել հետագա ծառայությունը, որպեսզի հնարավորինս քիչ ուժերով առավելագույն արդյունք ապահովենք»:

Հետաքրքրվեցիք նաեւ, թե պարեկային ծառայությունում աշխատավարձը բավականին բարձր է, ինչը լավ է: Բայց երբ այն համեմատում ենք հայրենիքի սահմանները պահպանող զինվորականների եւ սպաների աշխատավարձի հետ, վերջիններինը անհամեմատ ցածր է: Արդյոք դա չի՞ նշանակում, որ երկրի ներքին անվտանգության ապահովումն ավելի է կարեւորվում, քան արտաքին սահմանների անվտանգության ապահովումը: Հարցադրմանն ի պատասխան՝ արդարադատության փոխնախարարը ասաց. «Իրապես, այսպիսի ծառայություններին ներգրավման դեպքում գրավչություններից մեկը, թերեւս, աշխատավարձն է: Բայց շատ ճիշտ նշեցիք, որ այսպիսի տարբերակված մոտեցումը մի օր կհանգեցնի նրան, որ այս ծառայությունում ավելի մեծ ներգրավվածություն կարող ենք ունենալ, քան նմանատիպ կարեւորագույն ծառայություններ իրականացնող տարբեր կառույցների շրջանակներում: Դրա համար կառավարության քաղաքականությունն այն է, որ փուլային սկզբունքով պետք է բոլոր կառույցների աշխատավարձերին, ըստ էության, անդրադարձ կատարել: Ի դեմս պարեկային ծառայության, ոստիկանության ներսում եւս այդ խնդիրը կա, որովհետեւ մի ծառայություն ստանում է ավելի բարձր աշխատավարձ, մեկ այլ ծառայություն, գուցե համադրման արդյունքում համեմատաբար ցածր աշխատավարձ: Դրա համար ո՞րն է ընդհանուր գաղափարախոսությունը հատկապես ոստիկանության բարեփոխումների կոնտեքստում. հարցի վերջնական լուծումը, ըստ էության Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կտրվի, որովհետեւ այդ նախարարության կառուցվածքում նախատեսվում է ունենալ նաեւ ոստիկանությունը եւ ոստիկանության ընդհանուր կառուցվածքի օպտիմալ արդյունավետ կառավարման տեսանկյունից, իրոք, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչքան հաստիքակազմ է, ըստ էության, մեզ անհրաժեշտ, որպեսզի կարողանանք քիչ թվով հաստիքով իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները: եվ հաստիքային օպտիմալացման արդյունքում արդեն շատ է բարձրանում հավանականությունը, որ դրա հաշվին բարձրանան նաեւ մնացած ստորաբաժանումների աշխատավարձերը»:

Մեր վերջին հարցին, թե ըստ ներկայացվածի, պարեկային ծառայության ներդրումը ներառելու է միայն հանրապետության Երեւանից հյուսի՞ս տարածվող շրջանները՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն, Կոտայք, իսկ,ասենք, Սյունիքի անունը չի տրվում, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանեց. «Մենք առաջնորդվում ենք փուլային տարբերակով եւ հետեւյալ կերպ. հնարավորինս առաջնահերթ իրար մոտ գտնվող մարզերում ապահովել պարեկային ծառայության ներդրումը, որպեսզի փոխգործակցությունը կարողանանք առավել կայուն ու վստահելի իրականացնել: Դրանով է պայմանավորված, որ Շիրակի եւ Լոռու մարզերից հետո պարեկային ծառայության ներդրումը որոշվել է իրականացնել հանրապետության հյուսային հատվածներում: Դրանից հետո, ինչպես ասում են, կիջնենք Սյունիք, Վայոց Ձոր, Արմավիր եւ Արարատ: Հնարավորության դեպքում կփորձենք ներդրումը այդ չորս մարզերում իրականացնել միաժամանակ: Կարծում եմ, մինչեւ 2023 թվականի օգոստոս ամիսը հնարավոր կլինի պարեկային ծառայությունը ներդնել ամբողջ հանրապետության տարածքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031