Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայության պետի տեղակալը վստահություն հայտնեց, որ առաջին հայացքից այսքան մասնատված եւ խրթին թվացող փոփոխությունները մտապահելը շարքային վարորդների համար դժվար չի լինի

Ապրիլ 03,2024 14:38

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինգարյանը եւ ՆԳՆ ոստիկանության ՃՈ իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Վարդանյանն այսօր ներկայացրին վերջերս ՆԳՆ նախաձեռնությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Գնդապետ Արման Չիլինգարյանը նշեց, որ փետրվարի 28-ին ԱԺ կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել եւ հրապարակվել է մարտի 26-ին եւ ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից՝ բացառությամբ որոշ դրույթների, որոնց հետ կան որոշակի ժամկետներ:

«Օրենքի հիմնական ուղղվածությունը վերաբերում է երեք կարեւոր հանգամանքի:

Առաջին հերթին նախատեսել խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն վարչական տուգանքի ձեւեր եւ ցանկություն ունեն ժամանակից շուտ էլեկտրոնային եղանակով իրազեկվելու եւ դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը:

Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն:

Երրորդը՝ մինչեւ ապրիլի 5-ը, այսինքն, մինչեւ օրենքը ուժի մեջ մտնելը, կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կամ մինչեւ օրենքը ուժի մեջ մտնելը դրանց 50 %-ը վճարելու պարագայում, իսկ հարկադիր կատարման վարույթում գտնվելու դեպքում նաեւ կատարողական ծախսերը, այդ վարույթները ավարտված համարելուն վերաբերող դրույթներն են:

Դրանից բացի, օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի քանի հոդվածներում, որոնցով նվազեցվել է օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված՝ կանգառի եւ կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորի ձեւով պատասխանատվության միջոցը՝ 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր:

Եվ հաջորդ փոփոխությունը, որ արվել է տուգանքների մասում, դա ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար մեկ տարվա ընթացքում կամ կրկին յուրաքանչյուր հաջորդ անգամ հանելու, այսինքն, կրկնակիության համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձեւով՝ 29000 դրամի չափով եւ 2 տուգանային միավորի ձեւով: Նշեմ, որ առաջին անգամ կատարվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 25000 դրամ՝ առանց տուգանային միավորի»:

Պարեկային ծառայության պետի տեղակալը կատարված փոփոխությունները նկարագրեց ավելի մանրամասն, որից հետո պատասխանեց լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին:

Նա վստահություն հայտնեց, որ առաջին հայացքից այսքան մասնատված եւ խրթին թվացող փոփոխությունները մտապահելը շարքային վարորդների համար դժվար չի լինի: Իսկ փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված էլեկտրական ծանուցման համակարգի անցնելու գերխնդրով, ինչը ավելի դյուրին կդարձնի գործընթացը:

Գնդապետը նաեւ տեղեկացրեց, որ այս նոր փոփոխությունների ցանկը հանրությանը առավել հասանելի կդարձվի հնարավոր առավելագույն միջոցներով տարածելով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930