Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել «ուղեղների արտահոսքը». քննարկվում է հայաստանյան բուհ-երում տարկետման իրավունքը վերականգնելու հարցը

Ապրիլ 12,2022 21:21

Հանրային քննարկման է դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հնարավորություն է սահմանվում:

Ըստ հիմնավորումների, նախագծի ընդունման դեպքում կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը, և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով ՀՀ-ում խթանելու և զարգացնելու պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական և անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները: Կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի, որը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիոն ողջունում է ԿԳՄՍ-ի ներկայացրած նախագիծը:

«Շատ կարեւոր է, որպեսզի մեր տաղանդավոր տղաները հնարավորություն ունենան կրթությունը շարունակել նաեւ ՀՀ բուհ-երում, որպեսզի այդ հավելյալ արժեքը ստեղծվի Հայաստանի համար՝ ի բարօրություն մեր երկրի: Այդ առումով, այս նախագիծը այն եզակիներից է, որը նման հնարավորություն է տալիս»,- այսօր կայացած հանրային լսումների ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Խնդիրը նա կապում է պետական անվտանգության հետ եւ հիմնական մտահոգությունը համարում է այն, թե ինչպե՞ս ստեղծել մի համակարգ, որը հնարավորություն կտա կանխել «ուղեղների արտահոսքը» Հայաստանից: ԱՄՆ-ը, Իսրայելը եւ այլ գերտերություններ, իր բնութագրմամբ, մեծ գումարի դիմաց այսօր կարողանում են Հայաստանից այդ հավելյալ արժեքը հանել, ինչի դեմ մենք պայքարել ի վիճակի չենք, ուստի, կարեւորում է հստակ կանխարգելիչ համակարգի գոյությունը:

Կարեն Զադոյանն այս իմաստով բերեց «Լույս» հիմնադրամի օրինակը. ի հեճուկս հիմնադրամի նպատակի, «Լույս»-ի կրթաթոշակառուներն այսօր հավելյալ արժեք են ստեղծում այլ պետությունների համար: Այս իմաստով, նա շատ է կարեւորում նաեւ նախագծի կիրարկման ընթացքը, որպեսզի հավելյալ արժեք ստեղծենք մեր ոչ միայն ռազմարդյունաբերության մեջ, այլ տնտեսության մեջ առհասարակ. «Աշխարհը կսկսի Հայաստան պետության հետ հաշվի նստել միայն այն դեպքում, երբ Հայաստանն աշխարհի համար հավելյալ արժեք կստեղծի եւ կարեւոր կլինի: Թղթե շերեփի պատմություններն արդեն հարյուրամյակներ տեսել ենք, գթասրտության վրա չենք կարող ուժեղ պետություն ստեղծել»:

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանի, գործող օրենսդրությամբ, քաղաքացիներին բակալավրիատի կրթական ծրագրով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և  վարկանիշային համակարգի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու դեպքում: Իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Եթե բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ: Այս կարգավորումը, մասնագետների պնդմամբ, Հայաստանում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ. բուհ-երը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը՝ բարձրորակ մասնագետներին։

«Հայաստանի բուհ-երը, փաստորեն սահմանափակվում են, որ նմանատիպ արտոնությամբ ուսանողներ շարունակեն նաեւ իրենց կրթությունը հայաստանյան բուհ-երում»,- ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը՝ իրավիճակը մի քանի առումներով անարդարացի գնահատելով, քանի որ այսպիսով, մեր տաղանդավոր երիտասարդների ներուժը, փաստորեն ուղղորդում ենք դեպի արտասահմանյան բուհ-եր: Չթերագնահատելով, չանտեսելով միջազգային բուհ-երում կրթությունը, Հովհաննես Գեւորգյանը կարծում է, որ «մտավոր ներուժի բաղադրիչ երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը» կարելի է տեղափոխել հայաստանյան բուհ-եր, ինչը նաեւ փոխադարձ ազդեցությամբ, կհանգեցնի հայաստանյան բուհ-ական համակարգի զարգացմանը, տեղերում համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ հենց այդ երիտասարդներին աշխատանքներում ներգրավվելու համար, նաեւ բուհ-երի միջեւ առողջ մրցակցություն կլինի: Այսպիսով, ըստ նախագծի հեղինակների, Հայաստանում կրթությունը կդառնա մրցունակ:

Այս նախագծով տարկետման իրավունք կտրվի պետության համար կարեւորագույն համարվող մասնագիտությունների գծով. մասնագիտությունները կընտրվեն հստակ եւ հիմնավորված՝ ամեն տարի, կառավարության որոշումներով:

Ըստ բանախոսի, եթե օրենքը նման հնարավորություն ստեղծի, արտերկրում այս պահին ուսանող երկու երիտասարդ պատրաստ են Հայաստան տեղափոխվել: Սա արդեն հավաստիացրել են տարկետման համար դիմած երկու ուսանողների ծնողներ՝ բացատրելով, որ արտերկրում կրթությունը ընտանիքի համար լրացուցիչ բեռ է: ԿԳՄՍ ներկայացուցիչը հավաստիացնում է, այսպիսով նաեւ արտագաղթի խնդիրն է կանխվում:

«Մեր տեսլականը նա է, որ կրթությունը ոչ մի դեպքում պետք չէ հակադրել պաշտպանությանը: Դրանք միմյանց պետք է փոխլրացնեն»,- ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը՝ հավելելով՝ հուսով են, որ այս նախաձեռնությունը կնպաստի բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասը լրացնելուն:

ՀՀ-ում չկա բուհ-երի վարկանիշավորում, ուստի, Կարեն Զադոյանը կարեւոր է համարում հարցը՝ ինչպե՞ս պետք է որոշվեն այն հաստատությունները, որոնք կիրականացնեն պետպատվերը: Նա գտնում է նաեւ, որ կառավարության որոշումով պետք է սահմանափակվի դրսում սովորող մասնագիտությունների ցանկը, այդ պատվերը պետք է տա պետությունը: Ինչպես նաեւ պետք է հստակեցվի, թե ինչպե՞ս պետք է որոշվի այդ մասնագիտությունների ցանկը, ի՞նչ մարմին պետք է տա այդ իրավունքը: Կարեւոր է նաեւ թե տվյալ մասնագիտությունների գծով տարեկան քանի՞ ուսանող է մեզ անհրաժեշտ լինելու, որպեսզի պետպատվեր տրվի:

Հովհաննես Գեւորգյանը արձագանքեց Կարեն Զադոյանի հարցերին. ներդրվում է միջին որակական գնահատականի 80 տոկոս չափանիշը՝ ամբողջ սովորելու ընթացքում: Այսինքն, եթե պետությունը տալիս է այդ իրավունքը, ապա դրանից օգտված երիտասարդը հետագայում անպայման այն պետք է կիրառի գիտամանկավարժական աշխատանքում կամ այն աշխատանքում, որտեղ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքը կսահմանվի: Եթե կրթության որեւէ փուլում այդ շղթան չի պահպանվում, ապա տվյալ անձի տարկետումն ու ուսումն ընդհատվում է, նա զորակոչվում է զինծառայության:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանի կարծիքով նախագիծը բխում է պետական շահից, քանի որ ապահովվում է կրթության անընդհատությունը, ավելի լավ արդյունքներ ենք ստանալու: Սա, ըստ նրա, նաեւ համալսարանների համար է հնարավորություն՝ լավագույն ուսանողներին շահագրգռելու համար:

Հանրապետական զինկոմիսարիատի գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյանի գնահատմամբ, էլ մեր ազգը միշտ էլ որակյալ կրթության համար դեգերել է տարբեր երկրներում. «Հարկավոր է հասկանալ՝ այս հինգ տարում  զինապարտությունը նպաստե՞ց դրան, թե ոչ։ Կա վերջին հինգ տարվա վիճակագրություն, թե գիտությունը ո՞ր բնագավառներում է տուժել։ Այն մարդիկ, որոնք ի սկզբանե որոշել են գիտությամբ առաջ շարժվել, արդյո՞ք երկու տարվա ընդհատումն իրենց մտափոխել է»։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանի կարծիքով, հինգ տարին շատ կարճ ժամանակահատված է նման ուսումնասիրության համար. «Հինգ տարվա կտրվածքով չեք կարող գնահատել։  Կրթությունը երկար պրոցես է, հետո են առաջանում դրա դրական ու բացասական հետևանքները։ Առնվազն 15-20 տարի է պետք գնահատելու համար։ Բայց երբ ես շփվում եմ բանակ գնացած, եկած երեխաների հետ․․․ Ունեմ փառավոր երեխաներ, որոնք բանակից հետո անմիջապես մտնում են աշխատանքի և դա բավականին ազդում է այդ երեխաների  հետագա կրթության վրա»։

Քննարկման մասնակիցները նաեւ ընդգծում են՝ տարկետումը չպետք է դիտարկվի որպես բանակից խուսափելու հնարավորություն։ Ուստի, պահանջներն էլ պետք է սահմանվեն այնպես, որ ապահովվի տաղանդավոր երիտասարդների կրթական բարձր շեմը, նրանք էլ ուսումն ավարտելուց պարտավորվեն դարձյալ ծառայել պետությանը՝ գիտելիքով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930