Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա «Հայաստանի վարպետ»․ ռուսաստանաբնակ գործարարի նոր ծրագիրը

Ապրիլ 26,2022 22:30

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու երկիր» հիմնադրամը նախաձեռնել են «Հայաստանի վարպետ» անվամբ մրցույթ, որը նպատակ ունի վերականգնել  վարպետների հեղինակությունը, հարգանքը աշխատավոր մարդկանց նկատմամբ, ինչպես նաև երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել արհեստագործական մասնագիտությունների հանդեպ, որոնցից շատերը գրեթե անհետանում են։

Մրցույթը 12 ուղղություններով է, կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր վարպետներ՝ Հայաստանից և Արցախից։

Մրցույթը տեղի կունենա հեռուստաշոուի միջոցով։

Առաջին փուլում վարպետները կառաջադրեն իրենց թեկնածությունն ու կներկայացնեն իրենց գործունեության մասին տեսաուղերձ։ Ամենաբարձր գնահատականի արժանացած 24 վարպետներ կանցնեն մրցույթի երկրորդ փուլ ու «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռուստաշոուի ժամանակ կընտրվեն 12 լավագույնները։

«Հայաստանի վարպետ» մրցանակին արժանացածները կպարգևատրվեն 3 միլիոն դրամով։

Մրցույթը կազմակերպելու է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը (TUF)։

Այսօր Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպիչները մանրամասնեցին այս նոր ծրագիրը։

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ  վաղուց նպատակ ունեին իրագործել վարպետների ծրագիրը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր՝ պանդեմիան, պատերազմը։  Նրա համոզմամբ, ուժեղ պետություն ունենալու համար մեծ հարգանք պիտի տածել չորս մասնագիտությունների հանդեպ՝ ուսուցչի, բժշկի, զինվորի և վարպետի։

«Վարպետի նկատմամբ հարգանքը ոչ թե մարդու նկատմամբ հարգանք է, որն ինչ-որ ունակություն ունի, այլ դա աշխատանքի նկատմամբ հարգանք է։ Գործի հանդեպ լուրջ վերաբերմունքով մարդը հասնում է այն մակարդակին, որ ժողովուրդն իրեն ասում է վարպետ, ոչ թե պետությունն է նշանակում, այլ ժողովուրդն է որոշում, որ էս մարդը վարպետ է։

Շատ կարևոր է այս մոտեցումը, և մենք կուզենք այն պահպանել, և ոչ թե պետական կամ անձնական որոշում լինի, այլ ամբողջ ժողովրդի որոշումը»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ մարդկանց  նկատմամբ հարգանքը վերականգնելով՝ կստեղծվի նոր միջավայր։

«Հայերենում  կա «Վարպետ» բառը։ Երբ հայը ցանկանում է խորին  հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ, նրան  դիմում է «Վարպետ» բառով։ Մենք  ակնկալում ենք, որ այս մրցույթը կնպաստի ոչ միայն արհեստագործական մասնագիտությունների հանրայնացմանը, վարպետների նկատմամբ հեղինակության վերականգնմանն ու  հանրության կողմից աշխատող մարդու նկատմամբ հարգանքին, այլեւ ինչ-որ առումով կօգնի վարպետության չափանիշների ստեղծմանը: Մրցույթն, ինչպես ասացի,  ընդգրկելու է ողջ հանրապետությունն  ու Արցախը: Մեկնարկի մասին մենք  հայտարարում ենք Գյումրիում, որը ավանդաբար համարվում է Վարպետաց քաղաք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

«Ապրելու երկիր» հիմնադրամի տնօրեն Մեսրոպ Առաքելյանն էլ իր ելույթում ասաց, որ նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այսօր արհեստագործական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը բավական քիչ է, երիտասարդների մեծ մասը այնպիսի մասնագիտություններ է ընտրում, որոնք չեն համընկնում աշխատաշուկայի ու տնտեսության  պահանջների հետ։ Ըստ նրա, պիտի բարձրացնել վարպետների հեղինակությունը, որպեսզի երիտասարդ սերունդը փորձի հենց այն ուղղությամբ զարգանալ ու պահպանի ավանդույթները, որոնց մենք վերջին շրջանում ուշադրություն չենք դարձնում։

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ հեռուստատեսային նոր ձևաչափ են ստեղծելու՝ «Հայաստանի վարպետ»։

Նա կարևորեց նման հեռուստատեսային նախագիծը, քանի որ, ըստ նրա, այդ մասնագիտությունները կարող են Կարմիր գրքում հայտնվել, անհետացման մեծ վտանգի առաջ են, և կարևոր է երիտասարդներին  ներկայացնել, որ այդ մասնագիտության տեր մարդիկ մերօրյա հերոսներն են։

«Դժվար է պատկերացնել, որ մի օր զարթնես ու հասկանաս, որ չկա կոշկագործ կամ ոսկերիչ, կամ չկա դարբին, դա պատկերացնելն ահավոր է, դրա համար այս գործընթացը մեզ համար շատ կարևոր է։ Շատ հպարտ ենք, որ ներգրավված ենք այս կարևոր պրոցեսի մեջ»,- ասաց Դավիթ Բաբախանյանը։

Ռուբեն Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ մայիսին վարպետների ամենամյա փառատոն կանցկացնեն Գյումրու Բարեկամության զբոսայգում  և հենց Գյումրիում կորոշեն վարպետներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930