Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշի սարահարթը

Հունիս 23,2022 23:03

Շուշիի սարահարթը գտնվում է պատմական Արցախի կենտրոնում: Սարահարթում և կիրճում շուրջ տասը բնակավայրերի հետք էր են մնացել, որոնք լքվել են Շուշիի խաների հայահալած քաղաքականության հետևանքով: Այդ բնակավայրերից կենսական է մնացել միայն Շուշի բերդաքաղաքը:

Շուշի բնակավայրի մասին առաջին հիշատակությունը պատկանում է Շուշիի սուրբ Աստվածածին եկեղեցու  նշանավոր գրիչ և ծաղկող Տեր-Մանուելին, որի ստեղծած  սբ. Ավետարանի հիշատակարանում 1428 թ. գրում է. «…ի գեղս Շուշու կոչեցեալ Ամարասա վիճակի, ընդ հովանեալ սբ.Աստվածածին, ի կաթողիկոսէ սբ. Յոհաննիսի, զոր տեր Յս պահեսցե երկար ամ, ամեն…»[1]: Այդ ժամանակ Շուշու բնակավայրը, որը գտնվում էր սարահարթի հարավային ամենավերին մասում, գյուղ էր:

Կրաքարե սարահարթի ամենանշանավոր բնակավայրը վաղնջական ժամանակներից Կարկառ բերդաքաղաքն էր, որը գտնվում էր սարահարթի հյուսիսային մասում, Շուշիի պարսպից մեկ ու կես կմ հեռու, մի անմատույց հրվանդանի վրա: Այն Ջրաբերդի և Ականաբերդի հետ Արցախի երեք նշանավոր ամրոցներից էր, որոնց տիրապետողը կարող էր տիրել Կուր-Արաքսի միջագետքում: Կարկառ բերդաքաղաքի մասին հիշատակել է հայկական միջնադարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին /1200-1271 թթ. /, նկարագրելով 1252 թ. Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալյանի ճամփորդությունը  աշխարհածավալ Մոնղոլական պետության հեռավոր Կարակորում կենտրոն, Մանգու խանի մետ, կարևորագույն բերդերը սելջուկներից ետ ստանալու նպատակով:

Իսկ Կարկառ բերդաքաղաքի մասին առաջինը հիշատակել է արաբ աշխարհագիր Յակուտ ալ-Համավին /1178-1229 թթ./. վկայակոչելով արաբ պատմագիր Իբն ալ-Ասիրին /1160-1230 թթ./, իր “Աշխարհագրական բառագրքում“ գրում է. “Քարքարը /Կարկառ/ քաղաք ՝է Առանում, Բայլականի մոտ, կառուցված Խոսրով Անուշիրվանի կողմից… Նրա մոտ է Հիսն ար-Ռանը[2]”: Հիսն ար-Ռանը Կաչաղակաբերդն է, որը հնում Արցախի  բերդ է կոչվել:  Բերդաքաղաքի տեղում պեղումներն ու գտնված արտեֆակները վկայում են, որ Կարկառ բերդը առնվազն երեք հազարամյակի պատմություն ունի, իսկ Պարցից արքայից արքա Անուշիրվանը այն ամրացրել է, ինչպես նա նման կերպ ամրացրել էր Դերբենտի պարիսպները, Պարսից կայսրության հյուսիսային եզերքի մյուս կարևոր ամրությունները:

14-րդ դարից Կարգառ բերդաքաղաքի նշանակությունը անկում է ապրում: Շուշի բնակավայրը, որը սարահարթի հարավային ծերպին էր գտնվում, որոշակի նշանակություն է ձեռք բերում 17-րդ դարի երկրորդ կեսին, էր կազմավորվում էր Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը: Շուշին երեք կողմից շրջապատված է խորը կիրճով  ու անմատույց ապառաժներով: 1717 թ. Շուշիի սղնախ է գալիս Ավան Յուզբաշի զորավարը, Ջիրիդտափից ոչ հեռու չորս աշտարակներով ամրոց է կառուցում, ապա մի ամրոց էլ քարանձավի մոտ է կառուցում, ամրություններ ստեղծում:

1723 թ. հունիսի 3-ին Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը հայազգի դեսպան Իվան Կարապետի միջոցով հայ ժողովրդին ուղղված հրովարտակ ու հուշագիր է ուղարկում: Իվան Կարապետը 1723 թ. դեկտեմբերի 30-ին հասնում է Փոքր սղնախ՝ Շուշի: Ողջ Շուշին ցնծությամբ է ընդունում Ռուսաց կայրի հատուկ դեսպանին ու նրա հրովարտակն ու հուշագիրը: Ավան զորավարը Շուշի է հրավիրում Դիզակի և Վարանդայի զինվորականությանը, եկեղեցականներին ու աշխարհիկ ներկայացուցիչներին, ընդունում Ռուսաց հպատակության հավատարմագիրը, որը դեսպանն իսկույն ուղարկում է Պետրոս Առաջինին: Ապա Ռուսաց հպատակություն  են ընդունում Հայոց Սղնախների մյուս մելիքությունները:

1724 թ. Պետրոս Առաջինը հրովարտակով դիմում է Արցախի հայությանը, առաջարկելով տեղափոխվել Կասպից ծովի արևելյան ափերը՝ Դերբենտից մինչև Գիլան ու Մազանդարան, բնակություն հաստատել այնտեղ՝ հետագայում ռուսական խնամակալության տակ Հայոց թագավորություն հիմնելու նպատակով[3]: Ռուսաց ինքնակալը միևնույն ժամանակ հանձնարարում է Դերբենտի, Բաքվի, Սալյանի ու Գիլանի պարետներին բոլոր պայմանները ստեղծել հայերին հեղավորելու, լավ հողեր տալու համար[4]: Հրովարտակը Շուշի է հասնում 1725 թ. մայիսի 16-ին: Իսկ ռուսաց ինքնակալը մահացել էր 1925 թ. հունվարի  28-ին, որի մասին Արցախում դեռևս տեղյակ չէին: Արցախի հայությունը այդ առաջարկությունը մերժում է, հրաժարվելով թողնել իրենց հայրենիքը, անցյալների շիրիմները, վանքերն ու եկեղեցիները, սրբավայրերը[5]:

1752 թ. Վարանդայի տեր մելիք Շահնազար 2-րդը, մի առիթով ընդհարվում է Արցախի մյուս մելիքների հետ: Մելիքների նոր հարձակումներից պաշտպանվելու համար նա դիմում է մեծ ճանապարհների հայտնի ավազակապետ, խորասանցի Փանահ Ալիի օգնությանը, առաջարկելով ամրացնել իր տիրապետության տակ գտնվող Շուշին: Փանահ Ալին փախել էր Նադիր շահի հետապնդումից, հայտնվել Արցախի կողմերում: Շահնազարն ավազակապետին առաջարկում է օգտագործել Շուշիից ոչ հեռու գտնվող հինավուրց Կարկառ բերդաքաղաքի պարիսպների ու շինությունների քարերը: Այդպես կառուցվում են Շուշիի պարիսպները, բազմաթիվ այլ շինություններ: Մեղրիից ու Նախիջևանի տարբեր բնակավայրերից՝ Ագուլիսից, Շահկերտ-Ղազանչիից Շուշի են տեղափոխվում Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանից նեղված հայերը: Նրանք Շուշիում հիմնում են իրենց թաղամասերը: Փաստորեն Փանահ Ալին առաջին օտարականն էր, որը բնակություն էր հաստատում Արցախում: Շուտով նա Շուշի է հրավիրում մահմեդական տարբեր ցեղերի, որոնք Շուշիի ցածրադիր մասում հիմնում են իրենց 17 մահալները: Սուրբ Աստվածածին եկեղեցին մնում է մահմեդական թաղամասում: Փանահը Ֆաթալի խանից  խանական կոչում է ստանում:

1763 թ. Հայաստանն ազատագրելու ծրագրով Շուշի է գալիս Հովսեփ Էմինը /1726-1808 թթ./, սակայն նրա ծրագրերի իրականացմանը խանգարում են Հայոց կաթողիկոսը, Վրաց թագավորը, Շուշիի խանը:

Թուրք-թաթարների նպատակներից էր Արցախի մարդաբանական փոփոխությունների իրականացումը: Տարբեր վայրերից Իբրահիմը Շուշի է տեղափոխում քուրդ քոլանիներին, Փուսյան, Կարաչառլի, Ջինլի, Դամիրչի-Հասանլի,Ղզըլ-Հաջիլի, Սաֆի-Քյուրդ, Քոյ-Ահմեդլի, Սահաթլի, Քենդեռլի և այլ թափառական ցեղերի[6]:

1779 թ. Աղա-մուհամեդ խանը իրեն Իրանի  շահ հռչակեց: 1795 թ. նա զորքով պաշարեց Շուշիի բերդը: Խաչին տափից ռումբերով ու քարերով ռմբակոծում էին բերդը: Պարսիկները գերում են հարյուր քաջ հայորդիների, շահի հրամանով կապկպում են, պառկեցնում գետնին, նրանց վրայով պտտեցնում սմբակներին դեպի դուրս ցցված մեխեր ունեցող ձիերի: Պարսիկները դիմում են խորամանկության. ձևացնում են, թե նահանջում են: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Բերդից դուրս են գալիս, որ հունձ անեն, հավաքեն բերքն ու խոտը: Սակայն թաքստոցից դուրս են գալիս պարսից զինվորները, կոտորում հայերին: Շահը թողնում է Շուշին, արշավում Թիֆլիսի վրա: 1797 թ. Աղա-Մուհամեդ խանը 100 հազարանոց զորքով կրկին շարժվեց դեպի Շուշի բերդը: Իբրահիմ խանը իր ընտանիքով փախավ դեպի Ջար և Թալ: Պարսից շահը անարգել մտնում է Շուշի: Այստեղ նրա պալատականները դավադրորեն սպանում են Աղա-Մուհամեդ խան շահին

1799 թ. հայ մելիքները դիմեցին ռուսաց կայսրին ռուսահպատակ տարածքներում կալվածքներ տրամադրեն իրենց գաղթական ժողովրդին: Պավել Առաջինը կատարում է նրանց խնդրանքը: Նրանք կալվածքներ են ստանում Լոռիում ու Բոլնիսում: Իբրահիմ խանը օգտվեց այս իրավիճակից և  թափառական ցեղերով բնակեցրեց հայկական բնակավայրերը:

1805 թ. մայիսի 14-ին ռուսական զորախմբի հրամանատար Ցիցիանովի և Շաւշիի խան Իբրահիմի միջև սռորագրվում է դաշնագիր: Շուշիում պետք է տեղավորվեր ռուսական 500 հոգանոց գումարտակը

1806 թ. ամռանը Պարսից թագաժառանգ Աբաս Միրզան զորքով շարժվեց դեպի Շուշի: Նա գաղտնի բանակցություններ սկսեց Իբրահիմ խանի հետ՝ Շուշին հանձնելու համար: Մելիք Ջումշուդ Մելիք-Շահնազարյանը կազմակերպում է Իբրահիմ խանի սպանությունը: Պարսիկները ռուսների դեմ ճակատամարտում պարտություն կրեցին:

Կոմս Գուդովիչը, անտեսելով հայ մելիքներին, Իբրահիմի որդի Մեհթիին Շուշիի խան նշանակեց:

1813 թ. հոկտեմբերի 12-ին գեներալ Ռտիշչևն ու պարսիկ Միրզա Աբուլլ Հասան խանը Գյուլիստան գյուղում պայմանագիր են կնքում: Այդ դաշնագրով Ռուսաստանին են անցնում Դերբենտը,Բաքուն, Թալիշը, Շիրվանը, Շաքին, Արցախը, Գանձակը, Վրաստանը, Դաղստանը, Շորագյալը:

1821 թ. ձմռանը  Հայոց կաթողիկոս Եփրեմը, հալածվելով Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի խարդավանքներից, որոշում է Փախչել Շուշի: Աբաս Միրզա թագաժառանգը որոշել էր կաթողիկոսարանը տեղափոխել Սբ. Թադևոսի վանքը, այնտեղ տեղափոխելով նաև կաթողիկոսին: Այդ պատճառով Եփրեմին թույլ էին տվել, որ դեպի հարավ շարժվի: Սակայն գիշերը նա Տաթևի վանքից ուղղություն է վերցնում դեպի Շուշի, որը ռուսական տիրապետության տակ էր: Դեկտեմբերի 15-ին նա արդեն Շուշիում էր: Նրան հյուրընկալում են մեծահարուստ առևտրական Թառումյան եղբայրները: Կաթողիկոսի հետ էր նաև հայ ճանապարհորդ և գրող Մեսրոպ Թաղիադյանը՝ գրագրի պաշտոնով: Թառումյաններն ու Հախումյանները Շուշիի բարձունքից մի հսկա առևտուր էին կառավարում՝ կապելով աշխարհի չորս ծայրերը:

1822 թ. հունիսի 8-ին Շուշի է ժամանում Ներսես Աշտարակեցին: Նրան ևս հյուրընկալում է Թառումյանների ընտանիքը: Օգոստոսին նրանք հեռանում են Շուշիից: Եփրեմը հրաժարվում է Էջմիածին վերադառնալ: Նա հրաժարական է տալիս և մեկնում Հաղբատի վանք:

1822 թ. Շուշիի հայկական մասում հիմնվեց Ագուլեցոց քարաշեն սբ. Աստվածածին եկեղեցին:

1822 թ. նոյեմբերի 21-ին Շուշիի Մեհթի խանը փախչում է Շուշիից, այդպես վերջանում է Շուշիի խանությունը:

1822 թ. ձմռանը Շուշիում են հաստատվում Շվեցարիայի Բազել քաղաքի Ավետարանական քարոզչության ընկերության ներկայացուցիչներ Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիան Զարեմբան՝ Պետերբուրգից ձեռք բերած Կովկասում գրական օջախներ, դպրոցներ, տպարաններ հիմնելու թույլտվությամբ: Նրանց գլխավոր նպատակը Իրանում քրիստոնեություն տարածելն էր:

1826 թ. հուլիսին Պարսից թագաժառանգ Աբաս Միրզան իր զորքով պաշարում է Շուշին, որի պաշտպանությունը դրված է գնդապետ Ռեուտի վրա՝ իր երկու վաշտերով: 48-օրյա պաշարումն անհաջողության է մատնվում, քանի որ Ռեուտին օգնում էին հայ կամավորները: Աբաս Միրզայի 60-հազարանոց բանակը նահանջի ճանապարհին ջախջախիչ պարտություններ է կրում:

1827 թ. Շուշիում բացվում է Բազելի Ավետարանական դպրոցը 130 աշակերտներով: Շուտով բացվեցին ևս հինգ դպրոց՝ երկուսը՝ Շուշիու, երեքը՝ գյուղերում: Բազելցի միսիոներները Արցախ բերեցին կրթական անգնահատելի մշակույթ: Շուտով նրանք հիմնեցին տպարան, որտեղ տպագրում էին դասագրքեր և կրոնա-բարոյական գրքեր: Այն Հայաստանում Էջմիածնից հետո երկրորդ տպարանն էր: Բազելցիներն ուզում էին Արցախի բարբառով տպագրել Ավետարանը: Նրանք նպատակ ունեին Արցախի բարբառը գրական լեզու դարձնել: Սակայն 1835 թ. նրանք ռուսական կառավարության որոշումով ստիպված հեռացան Շուշիից:

1828 թ. Թուրքմենչայում ռուս-պարսկական պայմանագրի կնքումը վերացրեց Շուշիի բերդի պաշտպանական նշանակության կարևորությունը, ու այն վերածվեց առևտրական կարևոր կենտրոնի:

Շուշիի Ղարաբաղցոց թաղամասը, որը Ներքին թաղ էր կոչվում, շատ հին էր, ինչպես այս սարահարթը, ինչպես մարդկության ծնունդը: Այն 19-րդ դարի 30-ական թվականներին հայտվում է մահմեդական թաղամասի շրջապատման մեջ: Թաթարները գողություններով, բռնություններով սկսեցին նեղել հայերին, ստիպելով նրանց թողնել իրենց 56 տները, սբ. Աստվածածին եկեղեցին ու Քամու խաչ սրբատեղին, բնակություն հաստատել սարահարթի վերին ծերպին:

Շուշիի ամեն թաղամաս ուներ իր եկեղեցին. Ագուլեցոց, Մեղրերցոց, Ղազանչեցոց /Շահկերտցոց/, Ղարաբաղցոց: Թուրքաց թաղում մնացած սբ. Աստվածածինը հայոց ՈՃ թվականին (1251 թ.)[7]: Այն ռուսները վեր են ածում Հունա-Գրիգորիական եկեղեցու:

Շուշիի թաթարական թաղամասում կար երեք մզկիթ, որոնցից երկուսը կրում են պարսկական պաշտամունքային ճարտարապետության կնիքը: Մեծ մզկիթի ճարտարապետն է Քերբելա Սեֆի խանը: Այն կառուցվել է 1883 թ.:

Թե՛ քրիստոնեական և թե՛ մահմեդական մասերում ժողովրդական ճարտարապետությունը նույնն էր. Նույն շարվածքը, նույն շքամուտքերն ու պատուհանները, նույն կիսակլոր կամարները: Արևելքին յուրահատուկ մահմեդական ճարտարապետության ոչ մի տարր: Սա ևս հաստատում է, որ երկու թաղամասերում էլ կառուցում էին միայն հայ վարպետները: Մզկիթի ճարտարապետական հորինվածքի հիմքում հայկական ավանդական ճարտարապետությունն է[8] :

1895 թ. Շուշիի բնակչությունը հասնում է  34 հազարի, որից 21 հազարը հայեր էին: Հայերի հոսքը Շուշի բացատրվում է արդյունաբերության ու արհեստների զարգացմամբ: Դարավերջին բերդաքաղաքը ունեցել է շուրջ  40 հազար ռուբլի եկամուտ, տարեկան արտադրվում էր 1100 փութ մետաքսաթել և 280 փութ կտորեղեն[9]:

Առևտրի ու արդյունաբերության, արհեստների զարգացմանը զուգահեռ բերդաքաղաքում աշխուժանում է և մշակութային կյանքը: Առաջանում է յուրօրինակ գրական մթնոլորտ, գրատպություն:

1843 թ. Շուշի է այցելում գերմանացի ճանապարհորդ Բարոն  ֆոն Գակսհաուզենը[10]: Շուշի է այցելում ռուս նկարիչ Վերեշչագինը, տեսարաններ է նկարում Շուշիից, միևնույն ժամանակ նկարագրում իր տեսածը[11]: Շուշիի մասին իր նկարագրություններով առանձնանում է ռուս ճանապարհորդ Սեգալը, որը շատ կարևոր մանրամասներ է թողել  բերդաքաղաքի, նրա բնակիչների մասին[12]:

Շուշիի մտավորականության կյանքում կարևոր իրադարձություն էր ժամանակի ամենազարգացած հայ գործիչներից մեկի՝ Պետրոս Սամվելյան- Շանշյանի՝ Շուշիի Թեմական դպրոցի տեսուչ նշանակվելը: Նա բերդաքաղաք բերեց նոր, ազգային ինքնագիտակցության մթնոլորտ: Շուշին դառնում է առաջադեմ հայ մտավորականության դեպի իրեն ձգող մի վայր, որտեղ կարող են մատաղ սերնդին ի նպաստ դնել իրենց գիտելիքները, ողջ կարողությունն ու տաղանդը: Այդ մտավորականներից էին գրողներ Պերճ Պռոշյանը /Արցախի Պռոշյան իշխանական տոհմից/, Ղազարոս Աղայանը /արմատներով արցախյան Սեյդի շեն գյուղից/:

1865 թ. հուլիսին Շուշի հյուրախաղերի է գալիս դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Գևորգ Չմշկյանը՝ դերասաններ Միհրդատ Ամերիկյանի և Սեդրակ Մանդինյանի հետ: Նրանք քաղաքային հին ամբարը թատրոնի են վերածում: 1848 թ. շուշեցի ուսանողներն այստեղ խաղացել են իրենց առաջին ներկայացումները: Առաջինը ներկայացրին «Սամվելը», ապա  «Վարդան Մամիկոնյանը»[13]:

Թեմականում դասավանդում էին Մակար վարդապետ Բարխուտարյանցը /հետագայում՝ եպիսկոպոս և պատմաբան/, Մանուկ Աբեղյանը, Երվանդ Լալայանը, Ասլան Շահնազարյանը, Գարեգին Խաժակյանը, Հրաչյա Աճառյանը, Արշակ Չիլինգարյանը, Ավետիկ Տեր-Պողոսյանը, Նիկոլ Աղբալյանը, Հայրապետ Մուսայելյանը, Անուշավան Տեր-Միքայելյանը, Արշակ Տոնյանը…

1882 թ. հունիսին Շուշի հյուրախաղերի է գալիս մեծ դերասան Պետրոս Ադամյանը, որը խաղում էր Համլետի դերը: Ստեղծվում են թատերական խմբեր: 1882 թ. Սաֆրազյան ամուսինները հիմնում են ադրբեջանական սիրողական թատերախումբ: Դա ընդհանրապես, ադրբեջանական առաջին թատերախումբն էր:

Շուշեցի Հովհաննես Խանդամիրյանը 1891 թ. բացում է թատրոնի 350 տեղով երկհարկանի շենքը, որտեղ մշտապես ներկայացվում էին Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Լերմոնտովի, Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի, Հյուգոյի, ինչպես և Շեքսպիր շարքը, որտեղ խաղում էին  Աբեղյանը, Սիրանույշը, Պետրոսյանը,, Զարիֆյանը, Գալֆայանը, Աբելյանը, որը արմատներով արցախցի է: Նա օգնեց ադրբեջանցիներին բեմադրելու “Լիր արքան”:

Բերդաքաղաքի բնակիչների համար անլուծելի խնդիր էր մնում խմելու ջրի հարցը:

1896 թ. մեծահարուստ վաճառական Թադևոս Թամիրյանցը 700 հազար ռուբլի ներդնելով Սարի Բաբա բարձունքից Կարկառի ջրերը 18 կմ ջրատարով հասցնում է Շուշի, ջրամբարների համակարգով ու 20 աղբյուրներով հասնում է թաղամասերին[14]:

Շուշին դառնում է ողջ հայության համար կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը:

1905 թ. օգոստոսին Շուշիում ևս սկիզբ առան հայ-թուրքական բախումները: Մահմեդական մոլլաների համար հայերի զարգացումը մեծագույն չարիքն էր: Նրանք վրեժի կոչ էին անում: Հայերը Շուշիում ինքնապաշտպանական խորհուրդ ստեղծեցին: Վարդանը հիմնեց 150 հոգանոց զինյալ խումբ, որը դիրքեր գրավեց տարբեր մասերում: Հայերի տները հրկիզվեցին: Թուրք հեծելախումբը փորձեց գրոհով գրավել Ասկերանի բերդը: Սակայն անհաջողության մատնվեցին: Ընդհարումները տևեցին վեց օր: Այրվել էին քաղաքային վարչության շենքը, հիվանդանոցը, հաշտարար դատարանը, սբ. Մարիամայ դպրոցը, քսան խանութ, Խանդամիրյանի թատրոնը, Ջրաղացը: Թուրքերը փորձում էին հայերի տներից թալանը անցկացնել Ասկերանով, սակայն անհաջողության մատնվեցին: Հաջորդ տարի ևս մուսուլմանները փորձեցին անակնկալի բերել հայերին, սակայն կրկին պատասխան հարված ստացան:

1908 թ. մեծահարուստ Առաֆելյանի միջոցներով կառուցվում է  Ռեալական ուսումնարանի շենքը:

Շուշիում լույս են տեսնում “Պայքար”, “Փայլակ”,  “Ղարաբաղ”,  “Ապառաժ”,  “Ասպարեզ”, “Արցախ”,  “Ղարաբաղի սուրհանդակ”,  “Նոր կյանք”,   “Գյուղական կոմունա”,   “Եռանդ” թերթերը,  “Ծիածան” ամսահիրը: Խանդամիրյանի թատրոնի հրկիզումից հետո ներկայացումները շարունակվում էին Թեմական դպրոցում:

1917 թ. լույս տեսան Աշոտ Հովհանիսյանի “Նեցուկ”, Լևոն Վարդանյանի “Փայլակ”, կադետների  “Шушинский листвк” թերթերը: Հայկական թաղամասում տեղակայված 532 –րդ  ռուսական հետևակային Սիբիրյան զորամասը դուրս եկավ Շուշիից, Աղդամի մոտ ենթարկվեց թուրքական Դիկայա դիվիզիայի հարձակմանը: Քիչ զինվորների հաջողվեց փրկվել:

1917 թ. դեկտեմբերին Շուշիի հայերը ստեղծեցին 14 հոգուց կազմված “կուսակցությունների, կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդ”, որի նախագահ ընտրվեց պատմաբան Հայրապետ Մուսայելյանը: Ստեղծվեցին զինյալ ջոկատներ[15]:

1918 թ. ապրիլի 22-ին հայտարարվեց Անդրկովկասի ֆեդերացիան, սակայն շուտով Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը իրենց անկախ ճանաչեցին: Անդրկովկասի մահմեդական մասը նոր՝ Ադրբեջան անունով կնքվեց, չնայած բուն Ազերբայջան-Ատրպատական /կրակի տեղ/ երկրամասը գտնվում էր Արաքս գետից հարավ և կազմում էր Իրանի անքակտելի մասը, իսկ Արաքսից հյուսիս հայկական Առանն էր՝ Արցախ, Ուտիք և Փայտակարան երկրամասերով:

1918 թ. հուլիսի 22-ին Շուշիի Թեմական դպրոցի դահլիճում գումարվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը, որն էլ ստեղծեց յոթ հոգանոց կառավարություն: Սեպտեմբերի 15 –ին հրավիրվեց նոր  համագումար: Այդ օրը թուրքական զորքը գրավեց Բաքուն: Զորքին ու տեղի խուժանին թույլ տվեցին երեք օր թալանեն ու կոտորեն հայերին:

Թուրքական զորամասի հրամանատար Նուրի փաշան Շուշիի հայերից պահանջեց ճանապարհ տալ զորքը տեղափոխվելու Շուշի և ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը:

Արցախի երրորդ համագումարը համաձայնեց, որ զուտ թուրքական հազար հոգանոց զորագունդը տեղակայվի թուրքաց թաղամասում: Հոկտեմբերի վեցին Շուշիի մահմեդական ժողովուրդը ցնծությամբ ողջունեց Նուրի փաշայի վեց հազարանոց զորքի մուտքը Շուշի: Նրանք տեղավորվեցին Ռեալական դպրոցի, Օրիորդաց դպրոցի և հիվանդանոցի շենքերում: Նրանք Խոսրովբեկ Սուլթանովին նշանակեցին Ղարաբաղի գավառապետ:

Շուշիում տեղակայվեց անգլիական միսիան՝  մայոր Մոնկ-Մեզոնի գլխավորությամբ: Նրանք բոլոր հարցերում հովանավորում էին թուրքերին:

1919-ի փետրվարի 10-ի չորորդ համագումարը որոշեց, որ չի ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը: Այն ընտրեց Ազգային խորհուրդ: Անգլիացիները չէին ընդունում Ազգային խորհրդի գոյությունը:

Վեցերորդ համագումարը տեղի ունեցավ 1919-ի հուլիսի  29-ին, Շոշ գյուղում և մերժեց Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչելու առաջարկությունը:

Ադրբեջանն ու Թուրքիան բռնի ուժով , թեկուզ ժամանակավոր, մինչև Փարիզի կոնֆերանսու հարցի քննությունը, իրենց ենթարկեցին հայկական այս երկրամասը:

1919 դեկտեմբերին Գողթանի և Ագուլիսի հայերի կոտորածը ցույց տվեցին, որ 1915 թ. եղեռնը ամենևին չի ավարտվել: Սակայն Արցախում սպառվել էր զինամթերքը:

1920 թ. մարտի 23-ին գիշերը թուրք ասկյարները դուրս են թափվում հայկական մասի զորանոցից և հարձակվում հայերի վրա, անխնա սպանում հայերին, հրկիզում տները: Շուշիի թաթարական մասի խուժանը սկսում է համատարած թալանն ու կոտորածը: Ողջ հայկական մասը այրվում էր: Աղվանից թեմի առաջնորդ Վահան արեպիսկոպոսի գլուխը կտրում են ցցում ձողի վրա, շրջում քաղաքում:  Հաջոր օրերին թուրքերը հայերի հազարավոր դիակները լցրին ջրհորները[16]: Թուրքերը հայտնաբերում են թաքնված երեխաներին: Խալիլ փաշան մեկ-մեկ մատները մտցնում է երեխաների ռունգերը, բարձրացնում և կտրում բոլորի գլուխները: Քաղաքի հայության մեծ մասը, օգտվելով գիշերային մառախուղից, Հունոտի ձորով, այլ ճանապարհներով փրկվեց կոտորածից: Մոտավոր հաշվարկով մորթվում կամ բռնության է ենթարկվում 5000 Շուշիի բնակիչ:

1920 թ. ապրիլին 11-րդ Կարմիր բանակը մտավ Ադրբեջանի Հանրապետություն և այն խորհրդայնացրեց: Խորհրդային կարգեր հաստատվեցին նաև Լեռնային Ղարաբաղում: Նույն բանակը Հայաստան մտավ ու նոյեմբերի 29-ին հռչակվեց խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում:

1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչում են որպես Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս: Ստալինն ու Լենինը ողջունեցին այդ որոշումը:

1921 թ. հունիսի 3-ին արձանագրել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին պատկանելության մասին   Հայաստանի կառավարության հայտարարությունը: Նույն տարվա հուլիսի 4-ին Ռուսաստանի /բոլշևիկյան/ կոմկուսի Կովկասյան բյուրոյի Կենտրոնական կոմիտեի Պլենումը որոշեց Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի կազմ: Սակայն Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը առարկեց, ուստի հարցը տեղափոխվեց հաջորդ օրվան: Հուլիսի  5-ին Պլենումին մասնակցում էր ՌԿԿ /բ/ կենտկոմի անդամ Ստալինը: Որոշվեց Լեռնային Ղարաբաղը կցել Խորհրդային Ադրբեջանին ինքնավարության կարգավիճակով[17]: Ադրբեջանին հանձնվեց նաև Հայաստանի պատմական մաս կազմող Նախիջևանը:

1945 թ. նոյեմբերին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովը նամակով դիմում է Իոսիֆ Ստալինին, համոզելով, որ բոլոր տեսանկյուններից ձեռնտու է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում լինելը,  միևնույն ժամանակ առաջարկում է հարցի դրական լուծման դեպքում վերականգնել խորհրդային կարգերի հաստատումից առաջ  ավերված Շուշի քաղաքը[18]: Դիմումը մերժվում է, սակայն Ստալինը որոշում է Ադրբեջանցիներին Հայաստանից տեղափոխել Ադրբեջան, այդպես տեղ պատրաստելով տարբեր երկրներից հայերի ներգաղթը Հայաստան:

ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահությունը 1977 թ. նոյեմբերի 23-ի նիստում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հարցը, նշելով, որ բոլոր տեսանկյուններից անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայկական ԽՍՀ-ին[19]:

ԽՍՀՄ Կոմկուսի ԿԿ-ը այն մերժում է:

1988 թ փետրվարի  20-ին ԼՂԻՄ-ի Ժող. պատգամավորների XX  նստաշրջանի արտահերթ նիստում որոշվեց դիմել Ադրբեջանի ԳԽ-ին և Հայաստանի ԳԽ-ին ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանձնել Հայկական ԽՍՀ կազմ:

1988 թ. մայիսի 9-ի երեկոյան Շուշիի փողոցներից մեկում ադրբեջանցիները հարձակվել են շինվերանորոգման վարչության բանվոր Վիտալի Պողոսյանի վրա, դաժանորեն ծեծել: Նա մի կերպ տուն է հասել ու մահացել: Նման դեպքերը արդեն հաճախակի էին դարձել:

1988 թ. մայիսի 14-ին և  15-ին Շուշիում տեղի ունեցան հակահայկական հանրահավաքներ: Հաջորդ օր աշխատանքից ազատեցին բոլոր հայերին և քարկոծելով հեռացրին բերդաքաղաքի սահմաններից: ԽՍՀՄ կրկնակի հերոս, շուշեցի Նելսոն Ստեփանյանի կիսանդրին ցած էին գցել պատվանդանից, թոկով կապկպելով քաշ տվել փողոցներով: Նման կերպ են վարվել նաև ԽՍՀՄ Սև մետալուրգիայի մինիստր, շուշեցի Թևոսյանի կիսանդրու հետ:

1988 թ. մայիսի 28-ին Հայաստանի հեռուստատեսության մեկնաբան Բակուր Կարապետյանը Ստեփանակերտի միլիցիայի մեքենայով մեկնեց Շուշի, հայերի բնակարաններում նկարահանեց ջարդած պատուհաններն ու ներսի քարերը, որոնք նետել էի ադրբեջանցիները: Նկարահանեց նաև քաղաքից տեսարաններ, «Արցախյան օրագիր» հեռուստաշարքի համար առանձին հաղորդում պատրաստեց: Այն եթեր տրվեց միայն հունիսի  17-ին՝ Հայաստանի ԳԽ նիստից հետո: Այդ օրը, ի պատասխան Սումգայիթի, Կիրովաբադի և ադրբեջանական այլ բնակավայրերում հայերի կոտորածների,  երեկոյան ՀԽՍՀ-ում սկսվեց հանրապետությունից ադրբեջանցիների տարահանումը:

1988 թ. օգոստոսի 20-ին Շուշիի Շահկերտցոց /Ղազանչեցոց/ եկեղեցու գմբեթից սև ծուխ էր բարձրանում: Ադրբեջանցիները Մայր տաճարի ներսում անվադողեր էի այրել[20]:

1988 թ. նոյեմբերի սկզբին Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Վեզիրովը Բաքվի հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Հունոտի կիրճի վրայով կամուրջ պիտի կառուցեն, որպեսզի Շուշին զարգանա դեպի Թոփխանա կոչվող հարթությունը: Այն  իրականում Շոշի տնտեսությանն էր պատկանում և կոչվում էր Խաչին տափ: Դա բուռն ընդունվեց արցախյան շարժման ղեկավարության կողմից, և որոշեցին այնտեղ շինարարություն սկսել: Հայաստանից մեքենաներով անհրաժեշտ շինանյութ բերեցին, որն էլ ավելի թեժացրեց իրավիճակը:

1988 թ. նոյեմբերի 7-ին ռուս ազգագրագետ Գալինա Ստարովոյտովան ու հեռուստալրագրող Բակուր Կարապետյանը խորհրդային ՆԳ զինվորական ջոկատի ուղեկցությամբ մեկնեցին Շուշի: Շուշիի միլիցիայի պետ Թաղիևը հայտնեց, որ տասներկու կետից դիպուկահարները հրացանների փողերը ուղղել են հայ հեռուստալրագրողի ուղղությամբ և ազդանշանի են սպասում, որ կրակեն: Նրանց տարան կուսշրջկոմ, որտեղ եկավ նաև Ադր. ԽՍՀ ՆԳ մինիստրի տեղակալ, ՕՄՈՆ-ի պետ Ռասուլ Մամեդովը: Ի վերջո, նրանք անվնաս Ստեփանակերտ վերադարձան:

1988 թ. նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում Բակուրը Շուշիից բռնագաղթած հայերին ցուցադրեց Շուշիի ադրբեջանցիների հետ զրույցները, նույն պահին նկարահանելով հայերի պատասխանները: Այդպես մոնտաժով ստեղծեց յուրահատուկ հեռուստակամուրջ-ֆիլմ, քանի որ այլևս անհնար էր, ու նրանք իրար հանդիպեին:

1988 թ. դեկտեմբերի 8-ի երեկոյան Ստեփանակերտից տեսան, որ  Շուշիում հրավառություն էր, ուրախության գոչեր: Ուրախանում էին, որ Հայկական ԽՍՀ հյուսիսային հատվածում ավերիչ երկրաշարժ է եղել:

1989 թ. օգոստոսի 8-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի հիմնադիր համագումարը: Ազգային խորհրդի ստեղծման նախօրինակը 1919 թ. Շուշիում հիմնած Ազգային խորհուրդն էր, որը փաստորեն Արցախի կառավարությունն էր: Ազգային խորհրդի նախագահ ընտրվեց Մարտունու կուսշրջկոմի առաջին քարտուղար Վարչական Գրիգորյանը: Նա բոլոր հարցերում հակառակվում էր Արկադի Վոլսկու վարած քաղաքականությանը: Դա ճգնաժամային իրավիճակ ստեղծեց Արցախում:

13.01.90

Բաքվում Ազգային Ժողովրդական Ճակատի նախաձեռնությամբ սկսվեցին հայերի ջարդերը:

15.01.90

Կենտրոնը, հաշվի նստելով քաղաքական իրավիճակը Ադրբեջանում, հորինեց ԼՂԻՄ-ի գծով հատուկ ներկայացուցիչ ուղարկել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյին:

Կենտրոնը, Բաքվին պատժելու փոխարեն, քծնելով ադրբեջանցիներին, պատժեց Լեռնային Ղարաբաղի հայությանը:

26.01.90

Ստեփանակերտ ժամանեց Վիկտոր Պոլյանիչկոն՝ գլխավորելու Կազմկոմիտեն:

27.05.91

Բերդաձորից մարդիկ ավտոբուսով Ստեփանակերտ էին մեկնում: Նրանց հետ էր Իգոր Մուրադյանը  և «Նոր Հաջն» ջոկատի հինգ տղաներ: Ավտոբուսը կանգնեցրին: Հրազենը Արոն փաթաթել էր շորով, դրել ոտքերի տակ: Թուրք ավագ լեյտենանտը վերցրեց Արոյի անձնագիրը: Թուրքերը ստիպեցին Արոյին խոստովանի, որ զենքն իրենն է, ու տեղում գնդակահարեն: Արոյին պահում են մեկ ժամ: Բաքվից փոխգնդապետ է գալիս: Շուշիի բերդ են տանում: Արոյին ծեծում են: Շուշիի բնակիչները պահանջում են իրենց տալ Արոյին՝ զոհված չորս հոգու դիմաց: Ռուս կապիտանը հաստատեց, որ հրազենը Արոյին է պատկանում:

Երեք տոննա կոնյակ և 4800 ռ. են ծախսում, ազատում Արոյին: ՆԳ զինվորները նրան տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, զուգարանի պատուհանից փախչում է:

02.06.91

ՆԳ մայոր Հրաչ Շահբազյանին ձերբակալեցին, տարան Շուշիի բանտը:

12.06.91

Զրնգաց հեռախոսը: Գուրգենն էր:

-Այսօր Շուշիի բանտում տեղի ունեցավ մահվան երկրորդ դեպքը: Ծեծերից, դաժանություններից մահացել է միլիցիայի մայոր Շահբազյանը:

15.08.91

Ստեփանակերտում հիմնվեց Ղարաբաղի Պաշտպանության Պետական կոմիտեն (ՊՊԿ), որը գլխավորեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը:

 

30.08.91

Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունում է Ադրբեջանի պետական անկախության հռչակագիրը, որտեղ բացակայում են երկու ինքնավարությունների՝ ԼՂԻՄ-ի և Նախիջևանի անունները:

10.12.91

ԼՂՀ ստեղծումը միջազգայնորեն ու իրավականորեն հիմնավորելու համար, ելնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքից, ԼՂՀ շրջաններում և Շահումյանի շրջանում տեղի ունեցավ հանրաքվե:

27.12.91

Քարին տակ գյուղում թշնամու զրահամեքենան մինչև աղբյուրն էր հասել: 131 զոհ են տվել թուրքերը, իսկ գյուղը՝ 30 զոհ: Ոչ մի ընտանիք, ոչ մի տղամարդ չի հեռացել գյուղից,  չնայած ամեն օր Շուշիից գնդակոծում էին գյուղը, հրկիզած անվադողեր նետում գյուղի վրա: 60 հոգի զենքը ձեռքին պաշտպանել են գյուղը:

31.12.91

Վերջնականորեն փլուզվեց Խորհրդային Միությունը:

06.01.1992

ԼՂՀ ԳԽ Առաջին գումարման առաջին նստաշրջանը տեղի ունեցավ հունվարի 6-ին: Հադրութի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանը ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, Գեորգի Պետրոսյանը՝ տեղակալ:

13.01.92

Շուշիի իշխանությունները հրաժարվել  են    անցյալ դեկտեմբերին Կրկժանի  մարտերում  գերի  վերցված  ութ ՄՀՆՋ-ականների  փոխանակման գործով բանակցություններ  վարել   անկախ  դիտորդների  հետ: ”Նրանց հետ հայերը  կարող  են  վարվել  ինչպես  ցանկանում  են՚,- ասել  էր ադրբեջանցիների  ներկայացուցիչը: Ռազմագերիները բողոքի  հեռագիր  են  ուղարկել   Բաքվի  իշխանություններին:

16.01.92

Շուշիի հաղորդիչ կայանը չի աշխատում: Շուշին խավարի մեջ էր: Պայթեցվել են էլեկտրական գծերի երկու աշտարակ, ինչպես և ջրագծի խողովակը: Սա Արցախի շրջափակման պատասխանն էր:

20.01.92

Միշա անունով մի տարեց մարդ հենց լսեց Շուշիի բարձունքից Ստեփանակերտի վրա թափվող ռումբերի որոտի ձայները, երեխաներին նկուղ տարավ, ինքը վերցրեց դույլով սայլն ու անիվների ղռղռոցով շտապեց դեպի աղբյուրը:

20.01.92

Շուշիի  բարձունքում, հեռուստատեսային աշտարակի  մոտ երեք պայծառ լույսեր  էին  վառվում: Հենց  դա էլ ադրբեջանցիների  կրակակետն էր: 22.30.-ին, ասես հեքիաթային հրեշի երախից, մթության մեջ իրար  ետեւից դուրս  են հոդում  հրե  կետերը, որոնք  կորագծով  թռչում  են  հայոց քաղաքի  վրայով, օդում մարում: Քիչ  անց  լսվում է  պայթյունի  խուլ  ձայնը: Այն օրվանից, ինչ սկսվել են քաղաքի ռմբակոծությունները, շուկան  փակ էր: Այժմ ոչինչ չի վաճառվում, ոչինչ չի գնվում:

26.01.92

Շուշիից, Մալիբեյլի եւ Ջանհասան  գյուղերից հրթիռներով  եւ ”Տ-1” տիպի  արկերով  շարունակվում  էր հանրապետության  մայրաքաղաք  Ստեփանակերտի  ռմբակոծումը:  Երկու  բնակիչներ  զոհվել  են: Նույն  պահին Շուշիից  հրետանակոծվել  է Շոշ գյուղը:  Շաբաթվա  ամենաթեժ  մարտերը  տեղի  են  ունեցել  հունվարի 26-ին Շուշիի  շրջանի  վերջին  հայաբնակ  գյուղի՝  Քարինտակի  մոտ:

28-29.01.92

Շարունակվում  էին  Քարինտակ  գյուղի  վրա  ադրբեջանական  բանակի  հարձակումները:

Այդ օրերին օժանդակ  ուժերով եւ  ռազմամթերքով  Շուշի  էին  թռչում  ադրբեջանական”Մի-8” ուղղաթիռները:

22.02.92

Ժամը 22-30  Շուշիից ԼՂՀ մայրաքաղաքը հրետակոծվել է «Գրադ» կայանքից: Արկերի մի մասը թափվել է 366-րդ մոտոհրաձգային գնդի տարածքում: Զինվորականների և նրանց ընտանիքների մեջ կան սպանվածներ և վիրավորներ: Ստեփանակերտի բնակելի թաղամասերում փլվածքները ահռելի չափերի են հասնում:

23.02.92

Շուշիից 4 համազարկով արձակվել է  150 արկ: Սպանվել են 10 հոգի, որից  2-ը՝ զինծառայող: Վիրավորվել են  30 քաղաքացի և 10 զինծառայող: Զինվորները փլատակներից հանում են զոհվածներին: Շարքային զինծառայողները բողոքել են օր օրի սրվող իրադրության նկատմամբ հրամանատարության անտարբերության դեմ: ԱՊՀ զորքերի գլխավոր հրամանատարության կողմից պաշտոնապես թույլատրվել է գնդին պատասխան կրակով մարել հրետակոծման կետերն ու տեղեկանքները, նպատակ ունենալով լռեցնել այն:

Փաստորեն արցախցիների միակ փրկությունը Շուշիի, Խոջալուի, Աղդամի, Մալիբեյլուի, Ջանհասնի, Քյոսալարի, Վեյսալուի կրակակետերի ոչնչացումն է:

10.03.92

Ադրբեջանցիները պատասխանեցին ”Գրադ” կայանքից Շոշ  գյուղի  հրթիռակոծմամբ: Արցախի  ազատագրական  բանակի  հետախուզության  տվյալներով Լիչինից Շուշի  են  մտել  100  զինվորական  մեքենաներ,  որոնք,  հավանաբար,  զինամթերք ու  համալրում  էին  բերել:  Մեքենաները ետ  են  վերադարձել  լցված  կանանցով  ու  երեխաներով: Շուշին լիովին  վերածվել  է Ստեփանակերտի  ու  շրջակա  հայկական  բնակավայրերը  հրետակոծող   հենակետի: ԼՂՀ-ի  մայրաքաղաքի վրա  արձակվել է 110  արկ,  զգալի վնաս  հասցնելով  Աբովյան, Կիրովի  փողոցների  շենքերին: Կան զոհեր  եւ  վիրավորներ:  Փլվել  են թիվ  7, 9 եւ 10  դպրոցները:

29.04.92

Ինչպես վկայում են Շուշիի ռազմական բազաների մոտ գտնվող Շոշ եւ Քարինտակ գյուղերի բնակիչները, գիշերը ակտիվ փոխհրաձգություն է լսվել: Հավանաբար ընդհարում է տեղի ունեցել ԱԺՃ-ի եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջեւ, որով եւ արտահայտվում է պրեզիդենտական ընտրության շուրջ նախընտրական պայքարի թեժացումը:

 

09.05.92

Հայոց Շուշի բերդաքաղաքը ազատագրվեց: Շուշիում գտնվող ԱԺՃ-ի, ինչպես և նախագահ Այազ Մութալիբովի զորքերը Բաքվից իրենց առաջնորդների հրահանգով թողեցին Շուշին և շտապ մեկնեցին Բաքու՝ ապրիլի 12-ի Մեջլիսի ընտրություններում ապահովելու իրենց թիմերի հաղթանակը: Տվյալ դեպքում իշխանության գալը ավելի կարևոր էր, քանց թե Շուշիի պաշտպանությունը:

Թույլ տալով, որ զինտեխնիկան ու ասկյարները հեռանան /նրանցից շատերը, մանավանդ հրամանատարական կազմը, կանխազգալով հայկական կողմից սպասվող գրոհը, ընտրությունների պատրվակով շտապ հեռացան բերդաքաղաքից/:

Չորս կողմից հայերի գրոհը անկասելի էր: Հայոց բերդաքաղաքը ազատագրվեց:

05.02.92

Ստեփանակերտի օդակայանում ադրբեջանցի ՄՀՕՋ-ականները կապիտան Հաջիևի հրահանգով ինձ ձերբակալեցին իմ ձայնագրիչում ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Բորիդ Դադամյանի հետ զրույցի ձայնագրության համար:

Երբ ավարտվեց ակտի ձևակերպումը, ինձ հանձնեցին ռուս սպաներին, որպեսզի տանեն նախ ֆիլտրացիոն կետ, այնտեղից՝ Շուշի:

Սակայն Եվլախից եկած ներկայացուցիչ Միխայիլ Ներալնիկովը օդակայանի բակում ինձ ազատ արձակեց ու ասաց. Նստիր մեքենա և շտապ հեռացիր այստեղից:

26.04.92

Շարունակվում էր ԼՂՀ մայրաքաղաքի հրետակոծությունը: «Ազերինֆորմ» գործակալությունը հաստատեց, որ Շուշիից դուրս են բերվել կանայք ու երեխաները, միեւնույն ժամանակ նշելով, որ Ստեփանակերտում կանանց ու երեխաներին պահում են մարտական ոգին պահպանելու համար: Հարկ է նշել, որ բոլոր կողմերից պաշարման մեջ առնված Արցախը ոչ մի հնարավորություն չունի հանրապետության սահմաններից դուրս բերելու խաղաղ բնակիչներին: Ինքնապաշտպանության շտաբի տվյալներով` ՄԻ-26  ուղղաթիռներով բերվել են  ՙԳրադ ԲՄ-21ՙ տիպի 4 կայանքներ, որոնք կտեղափոխվեն Շուշի եւ Աղդամ քաղաքները:

Ինչպես վկայում են Շուշիի ռազմական բազաների մոտ գտնվող Շոշ եւ Քարինտակ գյուղերի բնակիչները, ապրիլի 29-ի գիշերը ակտիվ փոխհրաձգություն է լսվել: Հավանաբար ընդհարում է տեղի ունեցել ԱԺՃ-ի եւ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջեւ, որով եւ արտահայտվում է պրեզիդենտական ընտրության շուրջ նախընտրական պայքարի թեժացումը:

06.05.1992

Շուշիի մոտ խրամատներում հանդիպեցի Ադրբեջանի բանակից փախստական լեզգի զինվորներին: Նրանք անցել էին հայկական կողմը, մասնակցելու Շուշի բերդաքաղաքի ազատագրական կռիվներին: Լեզգի զինվորները ուզում են պատերազմի փորձ ձեռք բերել և ձեռնարկել իրենց հայրենիքի ազատագրմանը:

Տեսախցիկի առջև նրանք գլխարկներով ծածկում էին դեմքերը, որպեսզի Բաքվի ծառայությունները չճանաչեն իրենց ու ճնշումներ գործադրեն իրենց հարազատների վրա:  Այդ զրույցը առաջարկեցի Մոսկվայի հեռուստատեսությանը, որը եթեր տրվեց: Հաջորդ օրը հետևեց Մոսկվայի  ադրբեջանական համայնքի 40-հոգանոց ամբոխը շրջապատել էր Օստանկինոյի հեռուստաստուդիան, քարկոծել, ջարդել պատուհանները: Պահանջում էին, որ այլևս նման հաղորդումներ եթեր չտան:

09.05.92

Որոշեցի Շուշի մտնել և նկարահանել հաղթանակի տոնակատարությունը:

Շուշիի ազատագրմանն էին սպասում Ադրբեջանի բնիկ ժողովուրդները՝ թալիշները, լեզգիները, ավարցիները, թաթերը, որոնք արդեն իրական էին համարում իրենց ազատագրումը, սուվերեն պետության ստեղծումը: Իսկ որ դա կկործանի ԽՍՀՄ կայսրությունը, նրանց քիչ էր մտահոգում: Բաքվում գերակայություն ստանալու պայքարում Հեյդար Ալիևին, Մութալիբովին ու Աբուլֆաս Էլչիբեյին քիչ էր մտահոգում Լեռնային Ղարաբաղ-Արցախը կամ Շուշին: Գլխավորը Բաքվում իշխանության տիրանալն էր:

Մութալիբովը արդեն զգում է, որ ոտքի տակից գնում է հողը:

15.06.92

Շուշիում Ասատուր Ծատուրյանը ցույց տալով իր տան բակում ջրհորը, պատմեց, որ 1920 թ. կոտորածից հետո թուրքերը հայերի դիակները լցրել էին ջրհորը: 1950 թ.. ինքը մաքրել է ջրհորը, ոսկորները հանել: Հիմա այդ մասին պատմում է իր 22 թոռներին:

-Իմ հարևան Ալիմամադ Ալիևը երդվել էր, երբ պահը գա, սպանելու է ինձ և իմ որդիներին, -ասաց Ասատուրը:

11.11.92

Երեկոյան մեջլիսում քննարկվելու է Խոջալույում և Շուշիում կրած պարտությունների հարցը, փորձելով ամենը բարդել Այազ Մութալիբովի վրա: Նրան են մեղադրելու նաև 1990 թ. Բաքվի հունվարյան դեպքերի համար:

22.12.92

ԼՂՀ ԳԽ-ն ՊՊԿ նախագահ Ռուբերտ Քոչարյանը ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ՝ երկու տարի ժամկետով:

04-05, 05.1994

Բիշկեկում եռակողմ բանակցությունների արդյունքում կազմվեց համաձայնագրի տեքստը, որը պատերազմող կողմերին հրադադարի կոչ էր անում: Ստորագրմանը մասնակից էր ԼՂՀ ներկայացուցիչ Կ.Բաբուրյանը:

22.12.94.

ԼՂՀ  խորհրդարանը  Ռոբերտ Քոչարյանին ընտրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

  1. 12. 1994

Ուժի մեջ մտավ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը և դրան նախորդած Բիշքեկյան մայիսի հինգի արձանագրությունը գործնականում հիմք դարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Հրադադարի հաստատման համար, ըստ որի պետք է խաղաղություն հաստատվեր շփման գծի երկայնքով:

20.04.2022

ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. “Եթե Շուշին չհանձնեինք…”: Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն Գերագույն հրամանատար ինքնահռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:

Շուշիի հանձնումը թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում: Հանձնվել է Շուշի տանող ճանապարհը իր շրջակայքով, հինավուրց Ավետարանոց, Սղնախ, Սզնեք, Քարին Տակ բնակավայրերով, արգելելով հայկական ինքնապաշտպանական ուժերին խոչընդոտել թշնամու դիվերսիոն խմբերին գրավելու ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր գյուղերն ու ճանապարհը: Թշնամուն է հանձնվել ոչ միայն բերդաքաղաքը, այլև ողջ Շուշիի սարահարթը՝ երեքհազարամյա Կարկառ բերդաքաղաքի տարածքով /Շուշիի պարիսպները 1752 թ. կառուցել են այդ բերդաքաղաքի շինությունների ու պարիսպների քարերով/, շուրջ տասը հին բնակավայրերի տեղերով, հին գերեզմանոցներով, Հունոտի կիրճը իր անգնահատելի ու եզակի հուշարձաններով, հին ջրաղացներով… Այդ ամենը ամենևին թշվառ ու դժգույն չեն, դրանք մեր հարստությունն են, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Պատերազմում պարտության հանգամանքները հետաքննող ԱԺ հանձնաժողովը, կքննի՞ Շուշիի դավադրաբար հանձնման հանգամանքները: Դավադիրները, անկախ պաշտոնական դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության և կրեն օրենքով սահմանված պատիժները: Երկրի տարածքներն ու բնակավայրերը թշնամուն հանձնողները անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի այլևս չկարողանան նոր տարածքներ, հայրենիքներ հանձնել կամ վաճառել թշնամուն…

 

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ,
ՇՈՒՇԻ ՀԻՄՆԱԴԱՄԻ  ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ                                                        

  ԲԱԿՈՒՐ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

[1] Երևանի մատենադարան, ձեռագիր N 8211

[2] Արաբական ազբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին:

[3] Эзов, Сношения Петра Великого с армянским народом, ЦПб, 1898

[4] Соловьев, История России, т. 18, стр.74

[5] Эзов, Сношения Петра Великого с армянским народом, ЦПб, 1898

[6] Мирза Джемал, О политической существовании Карабахского ханства ц 1947-1805, Шуши,, стр. 11, 1901

[7] Երվանդ Լալայան, ԵՐկեր, հ. 2, Երևան, 1988, էջ 30:

[8] Մ.Բարխուտարյանc, Արցախ, Բաքու, 1902,  էջ 140-141:

[9] Նույն տեղում, էջ 141:

[10] Барօн Август фон Гакстгаузен, Путевые впечатления и воспоминания…, Цпг, 1857, 9. 11, стр. 149:

[11] В.Берещагин, повести, очерки, воспоминания, Из путешествия по Закавказскому краю. М. 1990, стр. 119:

[12] Кавказский вестник, 1902, N 4, Сегель, Елисапетская губерния-впечатления и воспоминания, стр. 44.

[13] Ф.Шушинский, Шуша, Баку, 1968, ст8. 64:

[14][14] Բակուր, Շուշի բերդաքաղաքը, Երևան, 2000, էջ. 222:

[15] Հարություն Թումյան, ԴեպքերընԼեռնային Ղարաբաղում, 1917-1929 թթ., Եր., Մատենադարան, ձեռագիր N 2

[16] Արամայիս, Ղրաբադի տագնապը, Երևան, 1993 թ., էջ 18:

[17] ЦПЛ ИМЛ при ЦК КПСС, ф. 64, оп. 1, ед. Хр. 1 л 124

[18] ПААФ ИМЛ, ф. 1, оп. 25. Д. 42.

[19] Протокол заседания Президиума Сов. Мин.СССР от 23 ноября 1977 г. N 61, II-4133.

[20] Բակուր Կարապետյան, Արցախյան օրագիր, հ. 1,  էջ 122:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930