Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սիմոնյան․ «Միավորվող պոլիկլինիկաներն ամբողջովին վերազինվելու են, վերանորոգվելու»

Հուլիս 01,2022 14:47

Երեւանում միավորվող պոլիկլինիկաներից մի քանիսը բարեկարգվելու են, նոր ծառայություններ են ներդրվելու, ինչպես նաեւ ծառայությունների որակն է բարձրանալու։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։

Անդրադառնալով պոլիկլինիկաների միավորման մասին ավագանու որոշումից հետո բարձրացված աղմուկին՝ նա ասաց, որ թեման շահարկվում է, նշվում է, որ դրանք փակվում են, կրճատվում են, մինչդեռ դրանք չեն փակվում, այլ՝ միավորվում են։

Փոխքաղաքապետի խոսքով՝ ավագանու որոշմամբ առաջնային օղակի 7 կազմակերպություններ խոշորացվում են, միանում են ավելի խոշոր պոլիկլինիկաների՝ պահպանելով իրենց աշխարհագրական դիրքը։

«Արդյունքը դրական է լինելու, ծառայությունների որակն է բարձրանալու։ Դա կբերի ֆինանսական առողջացման, նոր մասնագետներ կներգրավվեն», – ասաց Սիմոնյանը։

Նրա ներկայացմամբ՝ Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի եւ Նորք Մարաշի պոլիկլինիկանները աշխարհագրական դիրքը պահպանելու են, այս տարի Նորք Մարաշի պոլիկլինիկան խոշորացումով միացել է թիվ 4 պոլիկլինիկային, արդյունքում այն ամբողջությամբ վերանորոգվելու է, ապա՝ վերազինվելու։

Սիմոնյանն ասաց, որ քննարկում են Լեւո փողոցի եւ Արաբկիրի մանկական պոլիկլինիկաների ծառայությունները այլ վայր տեղափոխելու հարցը՝ հաշվի առնելով շենքային պայմանները, մյուս պոլիկլինիկայի ավելի մեծ հնարավորությունն ու աշխարհագրորեն իրար մոտ գտնվելը։

Քաղաքապետարանը նախատեսել է իր բյուջեով 230 մլն դրամի սարքավորումներ եւ պարագաներ ձեռքբերել, եւ ինչպես փոխքաղաքապետն ասաց՝ նախատեսվում է մինչեւ տարեվերջ պոլիկլինկաների համար 8 հատ նոր ռենտգեն սարքեր ձեռքբերել եւ տեղադրել, ժամանակակից ախտորոշման պայմաններ կստեղծվեն, 8 հատ էլ ուլտրաձայնային սարքավորում ձեռք կբերվի։

«Հրահանգ ենք իջեցրել, բոլոր պոլիկլինիկաների բոլոր չափիչ սարքավորումները՝ կշեռք, ջերմաչափ եւ այլն, որոնք մեծ ծախս չեն ներկայացնում, փոխարինվեն թվային նոր ժամանակակից սարքավորումներում, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին սպասարկել ավելի սեղմ ժամկետներում։ Փորձենք ազատվել խորհրդային տարիներից ժառանգություն ստացած հնամաշ սարքավորումներից եւ զգացողություններից։ Մենք ուզում ենք քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել վստահությունը Երեւան քաղաքի պոլիկլինիկաների նկատմամբ, որովհետեւ վերջին տարիներին քաղաքացիների հոսք կա դեպի մասնավոր կենտրոններ: Փորձում ենք մրցակցության մեջ մտնել», – ասաց փոխքաղաքապետը։

Նա հայտնեց, որ Ավանի եւ Նորք Մարաշի պոլիկլինիկաները հիմնանորոգվում են, 2023-ին 5 պոլիկլինիկայի կապիտալ նորոգման աշխատանքները կսկսվեն․ «Այս ծավալի կապիտալ ներդրումներ Երեւան քաղաքի առողջապահության համակարգում չեն եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ցույցերին, որոնց ընթացքում նրանք պահանջում են, որ իրենց տնօրենին՝ Աննա Սիսոյանին չտեղափոխեն այլ աշխատանքի, փոխքաղաքապետն ասաց՝ մեր կարծիքով նույն մարդը նույն տեղում չպետք է շատ երկար կառավարի, դա բերում է մի շարք օբյեկտիվ բացասական հետեւանքների։

Մանրամասն՝ տեսանյութում

Գեւորգ Սիմոնյանն անդրադառնալով այսօրվանից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, վստահեցրեց՝ պոլիկլինիկաներում արդեն համապատասխան սարքավորումները կան․ «Համակարգի ներդրումը միգուցե հանգեցնի ստվերի կրճատմանը, թափանցիկության բարձրացմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031