«Ինչպես ասում են՝ վերադառնանք դառը իրականություն․ հարյուրավոր ընտանիքներ գիտեմ, որոնց երեխաները քաղցկեղ ունեն և գումար են խնդրում հասարակությունից։ Մեծ մասը նաև դեղամիջոց ձեռք բերելու համար է։ Փորձը ցույց է տալիս, որ դեղերի հիմնական մասը ներկրում են եվրոպական երկրներից։ Եթե ՀՀ-ն ունի հնարավորություն եվրոպական ստանդարտին համահունչ առավել մատչելի և տեսակի իմաստով բազմազան հնարավորության տեսանկյունից ներմուծել այդ դեղորայքը, ո՞րն է ընդդիմանալու հիմնական խնդիրը։ Դուք չէիք ծանոթացել փորձագիտական խմբի եզրակացությանը և տալիս եք Ձեր գնահատականը, դա խոսում է այն մասին, որ բացակայում է քաղաքական կամքը։ Գոնե կարող էիք մի քանի դիտարկումներ ու առաջարկություններ անել»,- ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Խոսելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ուշացած լինելու մասին՝ նա ասաց․ «Այն կառավարությունը, որը երկիրը վարակել է վարկային տենդով․ 2,5 տրիլիոն պետպարտք ունի մեր երկիրը, նույնիսկ այդ համատեքստու՞մ մեր երկրում առողջապահության ոլորտում բարեփոխում չպետք է արվեր։ Ինչո՞ւ առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունից չեն օգտվում նույն աուտիզմ ունեցող երեխաները․ 10-ից երեքն են կարողանում օգտվել համընդհանուր ապահովագրության ծառայությունից»։
Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այո, մի փոքր ուշացած էր սա․ պետք էր անել դեռ 15 տարի առաջ։ Կներեք՝ այն ժամանակ իշխանության չէինք, երբ եկանք իշխանության, մարդը մեզ համար ոչ միայն թղթի վրա էր արժեք, այլ իրականում և մեր տված խոստումը ճիշտ ժամանակ իրականացրինք»։
Կարդացեք նաև
Հետո էլ հորդորեց․ «Ես չգիտեմ՝ ինչ տենդի մասին եք խոսում։ Ոչ մի տենդ էլ չկա․ ամեն ինչ լավ է, առողջ է թե′ պետությունը, թե′ տնտեսությունը, թե′ երկիրը։ Բոլորն են հուզվում, և ոչ միայն քաղցկեղով հիվանդ երեխան, այլ ընդհանրապես հիվանդ երեխան, հիվանդ մեծահասակը միշտ հուզմունք է առաջացնում, բայց կարիք չկա դրա մասին բարձրախոսից գոռգոռալու»։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































