Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փոփոխությամբ ցանկանում են ԳՇ պետին ենթարկեցնել իրենց». Արամ Մանուկյան

Հուլիս 07,2022 22:44

Այսօր խորհրդարանն՝ իշխող մեծամասնության քվեարկությամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այս փաթեթը, որ ՀՀ ԶՈՒ բարեփոխումների մաս է կազմում, կարգավորվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու հարցը: Այս փոփոխությունը երեկ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, նախարար Սուրեն Պապիկյանն այսպես հիմնավորեց. «Առաջարկության նպատակն է բարելավել Զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը եւ բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»: Թե ինչպե՞ս, նախարարը չմանրամասնեց:

Այս ամենում, «Ապրելու երկիր» կուսակցությունում հստակ քաղաքական ենթատեքստ են տեսնում եւ կարծում են, որ այս քայլով փորձ է արվում ԳՇ պետին ենթարկեցնել իշխող քաղաքական ուժին։ Ուշադրություն են հրավիրում ԳՇ պետի պարտականությունների մեջ ավելացված նոր կետին. «…ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը», և ակներև են դառնամ քաղաքական մոտիվները։ Սա անընդունելի և վտանգավոր միտում է»։

Նաեւ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, թե ո՞ր փուլում են այս փոփոխություններն արվում՝ երբ արդեն տեւական ժամանակ ԳՇ պետի պաշտոնը թափուր է: Ենթադրում են, որ իշխանությունը սպասում է՝ իր քիմքին հարմար փոփոխություններին, որից հետո նշանակումն էլ կլինի, մինչդեռ պաշտպանության ոլորտը ամենակարեւորն է այս պահին եւ ամենախոցելին:

Կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, ասաց. «Կառավարությունը դա ներկայացնում է բարեփոխման լույսի ներքո, բայց, մենք կարծում ենք, որ այստեղ բարեփոխում չկա, ընդամենը փոփոխություն է ու ամեն փոփոխություն չէ, որ կարող ենք բարեփոխում համարել»: Մեր զրուցակիցը համակարծիք է այն տեսակետի հետ, որ այսպիսով փորձ է արվում քաղաքականացնել ԳՇ պետի պաշտոնը. «Փաստացի խնդիր է դրվել ուղիղ և աներկբա քաղաքական ենթակայության տակ դնել ԳՇ պետի պաշտոնը, և հիմա ուղղահայաց կառավարման փոփոխության միջոցով փորձում են այդ հարցը լուծել»:

Իշխող ուժի ներկայացուցիչներն այս փոփոխությունը հիմնավորում են նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձախողմամբ՝այն պայմանավորելով ուղղահայաց կառավարման ոչ արդյունավետությամբ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պատերազմի ժամանակ իշխող ուժի եւ ԳՇ պետի միջեւ հակասություններ են եղել՝ մեր դիտարկմանը, Արամ Մանուկյանը համաձայնեց՝ ասելով, բնականաբար, եղել են, և դա ակնհայտ է, սակայն դա ամենևին չի կարող հիմք հանդիսանալ ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնելու և կարգավիճակը նվազեցնելու, որպես զինվորական ամենաբարձրաստիճան պաշտոնյա. «Որևէ մեկի տեղակալը ամենաբարձրաստիճանը համարվել այլևս չի կարող։ Այս փոփոխությամբ,  հիմա ցանկանում են ԳՇ պետին ենթարկեցնել իրենց, որպեսզի կարողանան իրենց ուղիղ քաղաքական հանձնարարությունները տարածել այդ կառույցի վրա, որն անկախ էր, այդպիսով, ԳՇ-ն ամբողջությամբ դարձնելով ենթակա կառույց»:

Ի դեպ, երեկ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում Սուրեն Պապիկյանը անուղղակի հաստատեց, որ այդպիսով ԳՇ պետին իշխող քաղաքական ուժին ենթարկեցնելու խնդիր են լուծում՝ ասելով. «Զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին։ Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում, այո, ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Եվ մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»։

Մեր զրուցակիցը նկատում է՝ այդ թեզը, որ ժողովուրդն իրենց մանդատ է տվել, ամենևին նույնական չէ «ինչ ուզեմ, կանեմ» թեզի հետ։ «Իրենց նախընտրական ծրագիրը խոշորացույցով անգամ ընթերցելու պարագայում չեն գտնի, որ պատրաստվում են քաղաքականացնել ԳՇ պետի պաշտոնը և ի պաշտոնե դարձնել նախարարի տեղակալ։ Մոռանում են, որ մանդատը նախընտրական ծրագիրն իրականացնելու համար է, և ոչ ավելին։ Լավ կլինի տեր կանգնեն իրենց նախընտրական ծրագրում նշված բազմաթիվ քայլեր իրականացնելուն, որոնցից իրենք այսօր հրաժարվում են՝ կասկածի տակ դնելով իրենց գործողությունների լեգիտիմությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Ապրելու երկիրում» այս փոփոխությունը նաեւ հակասահմանադրական են համարում:

«ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, գործող Սահմանադրությամբ՝ 155-րդ հոդվածով սահմանված, զինվորական ամենաբարձր պաշտոնյան է: Այս փոփոխությամբ, ԳՇ պետի պարտականությունները, երբ դրվում են նախարարի առաջին տեղակալի վրա, առաջին հայացքից էլ հասկանալի է դառնում, որ տեղակալ-ենթակա հարաբերություններ են եւ այդ պաշտոնը զբաղեցնողը չի կարող լինել ամենաբարձր զինվորական պաշտոնյան»,- ասաց Արամ Մանուկյանը: Մեր զրուցակիցը անհեթեթություն է համարում նաեւ այն, որ այս փոփոխությամբ, պաշտպանության նախարարը երկու առաջին տեղակալ է ունենում, ինչի մասին, հանձնաժողովի նիստում խոսեց անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Օրենքում նշված է, որ ԳՇ պետն առաջին տեղակալ է դառնում, բայց ոչ այն տեղակալը, որը կփոխարինի նախարարին, որպես քաղաքական մարմին: Նախարարը, եթե բացակայում է, նրա պարտականությունները դրվում են առաջին տեղակալի վրա, բայց արդեն քաղաքական գծով առաջին տեղակալի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031