Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան․ «Էկոլոգիական վնասի մասին օրենքի նախագծում խոսք չկա»

Օգոստոս 03,2022 15:38

Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր շահագրգիռ կողմերի հետ քննարկում էր կազմակերպել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագծի շուրջ։

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը քննարկման ժամանակ ասաց՝ մեր երկիրը ընդունել է կլիմայի փոփոխության, կանաչ տնտեսության վերաբերյալ պարտավորություններ, պետության որդեգրած այդ քաղաքականությունն ինչպե՞ս է արտացոլված օրենքի նախագծում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն էլ ի պատասխան ասաց՝ արտացոլված է․ «Կոնկրետ հարց տվեք, պատասխանեմ։ Ես օրենքը չեմ պատմելու այսօր»։

Զառաֆյանն էլ արձագանքեց փոխնախարարին․ «Պետք է հստակ իմանանք կոնկրետ կետերով օրենքում ինչպե՞ս է արտացոլված, որովհետեւ լղոզված գրված է․․․ անընդհատ պետք է դիմենք դատարան»։

Փոխնախարարը կրկին վստահեցրեց՝ օրենքում նշված հարցերը ներառված են․ «Նախարարությունը կանաչ տնտեսության պատասխանատուներից մեկն է, նախարարությունն ամենաշատն է մտածում շրջանակաձեւ տնտեսության մասին, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ պահպանման մասին, կլիմայի խնդրի մասին։Մենք մի ամբողջ փաթեթ ունենք, որը կլիմայի հետ է կապված, որի իրավական հիմքը դրել ենք ՇՄԱԳ-ում, որպեսզի կարողանանք դրանից իրավական հաջորդ կարգավորումները կառուցենք։ Մենք ջրային օրենսգիրքն ենք ընդունել, որտեղ ձկնաբուծարանների համար շրջանառու համակարգի պարտադիր պահանջն ենք դրել, որը ամենալուրջ խնդիրն էր, կլիմայի հետ կապված իրավական հիմքն ենք դրել, եւ հիմա ռազմավարությունն ենք մշակում, գործողություների ծրագիրը, այդտեղ էլ նայեք, եթե որեւէ բան անհանգստացնում է․․․մենք ունենք համալիր իրավական ակտեր, որոնք միասին ենք փորձում լավացնել»։

Ինգա Զառաֆյանն էլ ի պատասխան ասաց, որ սա պարտավորող փաստաթուղթ է եւ այն վերջնական է, բիզնեսը պետք է հասկանա՝ կարո՞ղ է սկսել գործը, թե՞ ոչ։

Փոխնախարարն ասաց, որ UNDP-ից կոնկրետ առաջարկներ են ստացել կլիմայի վերաբերյալ, թե ինչ պետք է ներառեն օրենքում։

Իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն էլ մի քանի առաջարկներ ներկայացրեց։ Փոխնախարարն ասաց, որ նրա առաջարկների գերակշիռ մասն ընդունել են։ Քննարկման բուռն հատվածը սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական վնասի մասին էր, Վարդանյանն ասաց, որ էկոլոգիական վնասի մասին օրենքի նախագծում խոսք չկա։

«Ես կարծում էի, որ տնտեսական վնասն այսպես պետք է լինի՝ ասենք ծառ է կտրում, այդ ծառը արժեք ունի, առաջնորդվենք գույքային վնասի տրամաբանությամբ, եթե իր նախագիծը բերել է ու պիտի յոթ հատ ծառ կտրի, ջրի հունը փոխի, դրանք նախապես ներառի որպես տնտեսական վնաս ու պարտավորվի այդքանով սոցիալական ծրագիր իրականացնի։ Ասենք՝ ասֆալտ փռեց, դա սոցիալական կոմպոնենտ չի, էլի համայնքի բնակչի համար է, բայց մենք հասկանում ենք սոցիալական, առողջապահական փաթեթ պետք է ունենա, դպրոցի երեխաների համար ասենք համակարգիչներ գնի»,-ասաց փոխնախարարը։

Նազելի Վարդանյանն էլ նկատեց՝ մինչեւ այսօր մեխանիզմ չունենք տնտեսական վնասի հաստատման։ Ի պատասխան փոխնախարարն ասաց՝ այդ մեխանիզմը չի էլ հաստատվում օրենքով․ «Հիմա հիմքը դրել ենք կառավարության որոշմամբ․․․կնստենք կմտածենք ոնց ենք մեխանիզմ հաշվարկում։ Եթե զգանք, որ չենք կարողանում, կհանենք»։ Ի վերջո` որոշվեց, որ ինչ-որ կերպ դա էլ ներառել օրենքում։

Նազելի Վարդանյանն որպես խնդրահարույց դրույթ նշեց անտառապատման վերաբերյալ կետը, նրա առաջարկը նախարարությունը մերժեց, փոխնախարարն ասաց՝ առանց ՇՄԱԳ-ի անտառպատում չենք անելու․ «Կարո՞ղ ենք գանք իմ տան դիմաց անտառ տնկենք»։

«Ավելի լավ է անտառ, քան շենք»,-արձագանքեց Վարդանյանը։

Այս կարծիքին դեմ էր փոխնախարարը։ Նա ասաց, որ անտառտնկումը անտառային օրենսգրքով հստակ սահմանել են․«Օրինակ` մարդը նոր տեղում ուզում է անտառ ստեղծի։ Չի կարող կամայական որտեղ ուզում է՝ անտառ տնկի, որովհետեւ կլիմայի խնդիր ունենք որովհետեւ այդտեղ ռիսկն ավելի շատ է, որ այդտեղ կվերանանա այս-այս տեսակի կենսաբազմազանությունը, կարող է վնասել ջրին եւ այլն։ Ստեղծենք անտառ, որ կլիմայի համար պայքարեն, բա մնացած հետեւանքի հետ ո՞վ է պայքարելու։ Նազելի՞ն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031