Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ ազգայնականություն, ոչ էլ՝ նիհիլիզմ

Օգոստոս 17,2022 12:00

Այսօր պետք է փնտրել այլ պատումներ

Ռեմարկի «Գիշերը Լիսբոնում» վեպի հերոսը, որը հազիվ էր կարողացել փախչել նացիստական Գերմանիայից, որոշում է, այնուամենայնիվ, երեք տարի հետո վերադառնալ՝ կնոջը տեսնելու ակնկալիքով: Եվ առաջին բանը, որը նա անում է հայրենիքում, կայարանում բացում է օրվա թերթը: Բացում է եւ ապշում, որովհետեւ աշխարհն այնտեղ ներկայանում է միաժամանակ դաժան, ագահ եւ բութ: Ամբողջ աշխարհը՝ բացի Գերմանիայից, որի հրաշալի ազգը պետք է այդ աշխարհը փրկի եւ խելք սովորեցնի: Նացիստական քարոզչությունը ինքնախղճահարության եւ ինքնահավանության խառնուրդ էր:

Ծանոթ պատում (նարատիվ) է, այնպես չէ՞: Երբ մեծ տերությունը պարտություն է կրում, գայթակղություն կա նման ձեւով վերականգնվելու եւ նախկին նեղացնողներից վրեժ լուծելու: (Այդ հույզերի համար հոգեբանության մեջ հատուկ եզրույթ կա՝ ռեսենթիմենթ): Այդպիսի զգացմունքներ էին քարոզվում Գերմանիայում 1918-ից հետո եւ Ռուսաստանում՝ 1990-ականներից հետո. «Մենք լավն ենք, բարի ենք, մեծահոգի ենք եւ այդ պատճառով տուժում ենք, մեր անսահման բարությանը պատասխանում են թշնամանքով, եւ, հետեւաբար, մենք այլեւս լավը չպիտի լինենք, կդառնանք մեր թշնամու նման, մեր ճշմարտությունը կապացուցենք ամբողջ աշխարհին»: Ահա այն հիմնական քարոզը, որը, մասնավորապես, հիմա ռուսական պաշտոնական շրջանակները եւ նրանց սպասարկող անձնակազմը մատուցում են իրենց բնակչությանը եւ ամբողջ աշխարհին:

Բայց նման զգացմունքները հատուկ են ոչ միայն մեծ ազգերին եւ կայսրական հավակնություններ ունեցողներին: Որոշ չափով մենք դա տեսնում ենք նաեւ ուկրաինացիների օրինակով: Այժմ Ուկրաինայի ժողովուրդը հերոսական պայքար է մղում Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Ուկրաինան չի պարտվել, եւ վստահ եմ, չի էլ պարտվելու (ուրիշ հարց, որ չեմ պատկերացնում, թե ի՞նչն են ուկրաինացիները հաղթանակ համարելու), բայց այդ երկրի որոշ շրջանակներում դարձյալ նույնատիպ քարոզչություն է տարվում, թե իբր Պուտինի քաղաքականության, Ուկրաինայում կատարած վայրագությունների համար պատասխանատու են բոլոր ռուսները: Ցավալին այն է, որ վերջերս նման տրամադրություններ են խրախուսվում նաեւ պաշտոնատար անձանց կողմից: Ինչպես արդարացիորեն նշել է ուկրաինացի գրողներից մեկը. «Մենք նրա համար չենք պատերազմում, որ դառնանք Ռուսաստանի նման»:

Հայերի մեջ նույնպես կա մի կողմից՝ ամենահինը, իսկ մյուս կողմից՝ ամենաբազմաչարչարը լինելու բարդույթը: Ըստ այդմ՝ մենք հինավուրց, միամիտ եւ խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց ամբողջ աշխարհը մեր դեմ է, ռուսն ու թուրքը մեր դեմ դավադրություն են հյուսում եւ այլն: Դա հնացած, դարն ապրած հոգեբանություն է: Բայց նույնքան մերժելի է մյուս ծայրահեղությունը, ըստ որի՝ մենք անցյալում որեւէ հպարտանալու բան չունենք, հայրենասիրությունը պետականություն ունենալու պայմաններում այլեւս անիմաստ է, եւ հայ ժողովրդի միակ նվաճումը 2018-ին «նախկիններին իշխանական աթոռներից քշելն է»: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որն արցախյան առաջին պատերազմի վաստակաշատ վետերան է, հենց այդպես էլ ասել է՝ 2018 թվականի հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան այդ պատերազմում տարած հաղթանակը: Այսպիսով՝ կեղծ ազգային արժեքները մերժելով, այսօրվա իշխող վերնախավն, ըստ էության, մերժում է որեւէ ազգային արժեք:

21-րդ դարում պետք է գտնել ինքնության մի կարգավիճակ, որը դուրս է թե՛ արքայիկ ազգայնականությունից, թե՛ ամեն ինչ մերժող նիհիլիզմից:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    It’s one of the rare times I slightly disagree with the editor with regards to the Ukrainian crisis. In my opinion, Russia is really facing a very sophisticated opponent who has managed to partially isolate and surround it in order to prevent the emergence of a powerful Eurasian Union which could eventually turn into a modern political entity with huge natural resources and land mass (a sort of Soviet Union 2.0) and challenge the West on various aspects. Russians have to admit that the West has been extremely successful in halting the growth of that Eurasian Union.

    It’s just simple geopolitical competition, none of the sides has the moral superiority, and certainly not the Americans. Their emphasis on spreading democracy throughout the world and at any cost is similar to the emphasis of European powers to educate the native people of their colonies by spreading Christianity since, in their view, it was the only ideology worth living by, anything else was deemed heresy. Also, remember the Bolsheviks who wanted to spread communism to free workers from oppressive capitalists … how much suffering did they cause?

    To say that the war in Ukraine is to defend democracy in that country is ridiculous. It’s simply to weaken Russia and it’s working spectacularly. I’m not sure Russia will survive it.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բայց ես չեմ պնդում, որ պատերազմն Ուկրաինայում ժողովրդավարության համար է: Ռուսաստանը հարձակվել է հարեւան երկրի վրա, այդ երկրի ժողովուրդը կռվում է զավթիչների դեմ: Այո, կա նաեւ «աշխարհաքաղաքականություն», բայց կողմերի բարոյական դիրքերը տարբեր են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031