Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական ծուղակն ու մրցակցության հարթակը պետք է բացառել

Նոյեմբեր 27,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ այստեղ:

Ո՞վ է վերահսկելու հաղորդակցությունները, ինչպե՞ս են գործելու ենթակառուցվածքները եւ որքանո՞վ են ապահովվելու ՀՀ ինքնիշխանությունն ու տնտեսական շահը

 Ինչի՞ մեկնարկ տրվեց

Նոյեմբերի 23-ին Հայաստանի եւ ԱՄՆ ղեկավարների՝ հեռարձակված ուղերձներով TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի ազդարարումը ընթացող քաղաքական գործընթացների նոր հանգրվան է։ Այն ներկայացվում է որպես հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կարեւոր արդյունք եւ Հայաստանի նորագույն պատմության խոշորագույն տնտեսական ծրագրերից մեկի իրականացումն սկսելու քայլ։ Սակայն այդ իրադարձության քաղաքական նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է տարանջատել երկու իրողություն՝ նախագծի մեկնարկի մասին հայտարարությունները եւ ծրագրի ամբողջական ենթակառուցվածքային իրականացման փաստացի մեկնարկը։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի ուղերձում TRIPP-ը բնութագրեց որպես Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն տնտեսական ծրագիր՝ ընդգծելով, որ այն Հարավային Կովկասում պետք է ձեւավորի անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Ըստ նրա՝ նախագիծը ոչ միայն լրացուցիչ կենսունակություն կհաղորդի տրանսկասպյան երթուղուն եւ արեւմուտք-արեւելք կապակցվածությանը, այլեւ կնպաստի Հայաստանի տնտեսական առաջխաղացմանն ու անվտանգության ամրապնդմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը եւս ցույց տվեց, որ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է ոչ միայն որպես Հայաստանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության ծրագիր, այլեւ որպես տարածաշրջանային առեւտրային եւ էներգետիկ նոր կապերի ձեւավորման գործիք։ Նրա շեշտադրումը՝ ապրանքների, էներգետիկ հոսքերի եւ մարդկանց տեղաշարժի համար նոր ուղիներ ստեղծելու վերաբերյալ, վկայում է նախագծի ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակության մասին։

Այս համատեքստում հատկանշական է, որ TRIPP-ի գործնական փուլի մեկնարկը համընկավ ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի՝ Հայաստան կատարած այցի եւ ՀՀ իշխանությունների հետ նրա հանդիպումների հետ։ Նրա քննարկումների օրակարգում եղել են ոչ միայն նախագծի մեկնարկը, այլեւ TRIPP զարգացման ընկերության ձեւավորումը, բաժնետիրական համաձայնագրի եւ կանոնադրության շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ գործընթացը ներառում է ինչպես տեղում նախապատրաստական աշխատանքները, այնպես էլ ապագա կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմների ձեւավորումը։

Այդուհանդերձ, նոյեմբերի 23-ի հրապարակված կադրերում Մեղրիում երեւացող շինտեխնիկան եւ հարթեցման աշխատանքները դեռեւս չեն նշանակում, որ նախագծի ամբողջական շինարարությունն արդեն մեկնարկել է։ Հատկապես ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրություններում չեն ներկայացվել աշխատանքների հստակ ժամանակացույցը, ներդրումների ծավալները, ֆինանսավորման կառուցվածքը եւ շինարարության շարունակականության երաշխիքները։ Մինչդեռ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ TRIPP-ի հիմնական շինարարությունը նախատեսվում է հաջորդ տարի։ Իսկ օրերս ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027-ին։

Հետեւաբար, Թրամփի ու Փաշինյանի ուղերձները կարելի է դիտարկել որպես քաղաքական որոշումներն ու նախապատրաստական գործընթացները գործնական աշխատանքի փուլ տեղափոխելու ազդակ, բայց ոչ դեռեւս ամբողջական ենթակառուցվածքի կառուցման ավարտուն մեկնարկ։ Այս տարբերակումը կարեւոր է, քանի որ նախագծի իրական հաջողությունը չափվելու է ոչ թե հայտարարությունների հնչեղությամբ, այլ դրանց հաջորդող կոնկրետ արդյունքներով։

 Երկաթուղին՝ ռազմավարական հարց

TRIPP-ի շուրջ ձեւավորված հանրային ընկալման հիմնական խնդիրը նախագծի իրական բովանդակության եւ հրապարակված տեսանյութերում ցուցադրված աշխատանքների միջեւ առկա տարբերությունն է։ Մեղրիում հարթեցման աշխատանքները տեսանելի են, սակայն նախագծի ամբողջական նկարագիրը շատ ավելի ընդգրկուն է։ Խոսքը ոչ միայն ավտոճանապարհի, այլեւ երկաթուղու, նավթատարի, գազատարի, էլեկտրահաղորդման եւ ինտերնետային կապի գծերի մասին է։ Այս ենթակառուցվածքների համադրությունն է, որ TRIPP-ին հաղորդում է բազմամոդալ բնույթ եւ այն վերածում ոչ թե պարզապես տրանսպորտային ճանապարհի, այլ տարածաշրջանային հաղորդակցային համակարգի։

Այստեղ առաջանում է սկզբունքային հարց՝ ներկայումս ո՞ր ենթակառուցվածքի նախագծումն ու կառուցումն են առաջնահերթ, եւ ինչպիսի՞ հերթականությամբ են իրականացվելու մյուս բաղադրիչները։ Եթե հրապարակային ուշադրության կենտրոնում հիմնականում ավտոճանապարհն է, ապա երկաթուղու հարցը շարունակում է մնալ նախագծի ամենակարեւոր ռազմավարական բաղադրիչներից մեկը։ Այն կարող է էապես փոխել Հայաստանի տարանցիկ հնարավորությունները, կապել երկրի երկաթուղային համակարգը տարածաշրջանային եւ միջազգային երթուղիների հետ, ինչպես նաեւ ապահովել բեռնափոխադրումների լրացուցիչ ծավալներ։

Փաշինյանի՝ այս ամսվա սկզբին հնչեցրած հայտարարությունը, որ կառավարությունն իր նախաձեռնությամբ պատվիրելու է երկաթուղու, ավտոճանապարհի եւ էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով TRIPP զարգացման ընկերության վերջնական ձեւավորմանը, այս առումով ուշագրավ էր։ Այն ապացուցում է, որ պաշտոնական Երեւանը փորձում է նախագծի տեխնիկական նախապատրաստումը առաջ տանել զուգահեռ ընթացակարգերով։ Ամերիկյան AECOM ընկերության կողմից Մեղրիում իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքների ներկայացումը եւս վկայում է, որ աշխատանքները դուրս են եկել միայն քաղաքական քննարկումների շրջանակից։

Սակայն նախագծման եւ շինարարության միջեւ դեռեւս զգալի ճանապարհ կա։ Անհրաժեշտ են տեխնիկական վերջնական լուծումներ, ֆինանսական պարտավորություններ, սեփականության եւ կառավարման հստակ մեխանիզմներ, ինչպես նաեւ ենթակառուցվածքների շահագործման կանոններ։ Հատկապես երկաթուղու դեպքում հարցը միայն գծի կառուցումը չէ։ Կարեւոր է նաեւ, թե ով է այն շահագործելու, ինչ իրավական ռեժիմով է իրականացվելու բեռնափոխադրումը, եւ ինչ դեր կունենան Հայաստանի գործող երկաթուղային ենթակառուցվածքներն ու դրանց կառավարումն իրականացնող կազմակերպությունները։

Իսկ այս վերջին հանգամանքն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանին։ Հայաստանի երկաթուղային համակարգը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է։ Հետեւաբար, TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացումը չի կարող դիտարկվել ՌԴ-ի ներկայիս տնտեսական եւ ենթակառուցվածքային դերակատարությունից լիովին անկախ։ Այստեղ հարցը ոչ միայն ռուսական կողմի քաղաքական վերաբերմունքն է, այլեւ գործող երկաթուղային ցանցի հետ տեխնիկական համատեղելիությունը, շահագործման պայմանները եւ Հայաստանի որոշումների ինքնուրույնությունը։

Եթե TRIPP-ը պետք է դառնա Հայաստանի համար նոր տարանցիկ հնարավորությունների աղբյուր, ապա անհրաժեշտ է, որ դրա երկաթուղային բաղադրիչը ոչ թե շրջանցի Հայաստանի տնտեսական եւ ենթակառուցվածքային շահերը, այլ լրացնի ու ընդլայնի դրանք։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նոր ճանապարհը կանցնի Հայաստանի տարածքով, սակայն դրա տնտեսական հիմնական առավելությունները կմնան այլ դերակատարների ձեռքում։

 

Բաքուն պայմաններ է թելադրում

TRIPP-ի գործնական փուլի մեկնարկի ֆոնին ամենաուշագրավ զարգացումներից մեկը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ նոյեմբերի 18-ի հայտարարությունն էր։ Նա պնդեց, որ Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ։ Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ից սկսել է գործել եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որի խնդիրն է համաձայնեցնել տրանսպորտային ենթակառուցվածքների՝ երկաթուղու եւ ավտոճանապարհի, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական պարամետրերը։

Այս հայտարարությամբ բացահայտվում է TRIPP-ի շուրջ ձեւավորվող բանակցային իրականության կարեւոր առանձնահատկությունը։ Բաքուն ձգտում է ոչ միայն օգտվել Հայաստանի տարածքով ապահովվող հաղորդակցությունից, այլեւ պայմաններ թելադրել։ Այստեղ, սակայն, անհրաժեշտ է տարբերակել տեխնիկական համաձայնեցումը եւ քաղաքական վերահսկողությունը։ Երկու երկրների երկաթուղային համակարգերի միացումը, ճանապարհների սահմանային հանգույցների նախագծումը եւ էներգետիկ ցանցերի համատեղելիությունն օբյեկտիվորեն պահանջում են փոխադարձ տեխնիկական քննարկումներ։ Նոյեմբերի 18-ին խորհրդարանում Փաշինյանն էլ հաստատեց, որ երկաթուղին պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային համակարգին, ուստի տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն անհրաժեշտ է։

Սակայն խնդիրը սկսվում է այն պահից, երբ տեխնիկական համաձայնեցման անհրաժեշտությունը փորձ է արվում վերածել Հայաստանի տարածքում որոշումներ ընդունելու իրավունքի։ Բաքվի հայտարարության մեջ՝ «պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ» ձեւակերպումը, քաղաքական առումով զգայուն է։ Հայաստանի տարածքում կառուցվող ենթակառուցվածքի երթուղին, հողօգտագործման պայմանները, սահմանային ու մաքսային ռեժիմը, անվտանգության ապահովումը եւ շահագործման կանոնները պետք է որոշվեն Հայաստանի իրավազորության ներքո։ Ադրբեջանը կարող է ներկայացնել իր տեխնիկական պահանջները, սակայն դրանք չեն կարող Բաքվին տալ ՀՀ տարածքում որոշումներ ընդունելու կամ դրանք արգելափակելու լիազորություն։

Այս առումով ուշագրավ է նաեւ Բայրամովի այն պնդումը, թե առանց Ադրբեջանի հետ կապի TRIPP-ն իմաստ չունի։ Տրանսպորտային նախագծի նպատակն իսկապես տարածաշրջանային կապի ապահովումն է, բայց այստեղից չի բխում, որ նախագծի հայկական հատվածի կարգավիճակը պետք է որոշվի Բաքվի համաձայնությամբ։ Կապակցվածությունը ենթադրում է փոխադարձ շահերի հաշվառում, ոչ թե ինքնիշխան իրավասությունների փոխանցում՝ մյուս կողմին։

Հայաստանի համար գլխավոր մարտահրավերն այն է, որ չթույլատրվի տեխնիկական աշխատանքային խմբի ձեւաչափի աստիճանական վերածումը քաղաքական վերահսկողության մեխանիզմի։ Եռակողմ քննարկումները կարող են նպաստել նախագծի իրականացմանը, եթե դրանց օրակարգը սահմանափակվի ենթակառուցվածքների համատեղելիությամբ, սահմանային հանգույցների տեխնիկական լուծումներով եւ բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմամբ։ Բայց եթե Բաքուն փորձի այդ ձեւաչափով ազդեցություն ստանալ Հայաստանի մաքսային, սահմանային կամ անվտանգության որոշումների վրա, ապա դա արդեն հակասության մեջ կմտնի նախագծի հիմնարար սկզբունքի՝ Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության հետ։

Հատկանշական է, որ TRIPP-ի հայ-ամերիկյան պաշտոնական շրջանակային համաձայնագրում հստակ ամրագրված է՝ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը նախագծի տարածքներում ամբողջական են։ Նույն փաստաթղթով Հայաստանի իրավասության ներքո են թողնվում սահմանային վերահսկողությունը, մաքսային գործառույթները, ներգաղթի վերահսկողությունը, իրավապահ գործունեությունը եւ անվտանգության ապահովումը։ Այսինքն, Բաքվի հետ տեխնիկական համաձայնեցումը չպետք է շփոթել հայկական իրավազորության սահմանափակման հետ։

 

Ամերիկյան գործընկերություն, ռուսական գործոն․ ո՞վ է որոշելու երկաթուղու ապագան

TRIPP-ի աշխարհաքաղաքական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հարաբերակցությունը։ Վաշինգտոնի ներգրավվածությունը նախագծին տալիս է քաղաքական եւ տնտեսական լրացուցիչ երաշխիքներ, սակայն միաժամանակ այն դարձնում է տարածաշրջանային ազդեցության մրցակցության կարեւոր բաղադրիչ։

ԱՄՆ-ի համար TRIPP-ը հնարավորություն է ընդլայնելու իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ ներգրավվելով տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ եւ թվային հաղորդակցությունների ձեւավորման գործընթացում։ Այն կարող է ամրապնդել ամերիկյան տնտեսական ներկայությունը, ստեղծել նոր առեւտրային ուղիներ եւ մեծացնել Վաշինգտոնի ազդեցությունը Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող հաղորդակցային համակարգերում։ Թրամփի ուղերձում առանձնացված ապրանքների եւ էներգետիկ հոսքերի շեշտադրումը ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը նախագծի նշանակությունը չի սահմանափակում միայն հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգով։

Ռուսաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Տասնամյակներ շարունակ Մոսկվան եղել է Հարավային Կովկասի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների առանցքային դերակատարներից մեկը։ Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից, եւ նոր երկաթուղային ենթակառուցվածքի ձեւավորումը, հատկապես Սյունիքի հատվածում, անխուսափելիորեն առաջ է բերում գործող ցանցի, կառավարման եւ շահագործման հետ կապված հարցեր։

Մոսկվայի դիրքորոշումը եւս ցույց է տալիս, որ Մոսկվան չի պատրաստվում անտեսել այս գործընթացը։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը 2026-ի հունիսին հայտարարել էր, որ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։ Նա հիշեցրել էր 2022–2023թթ. հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ քննարկումները, որոնց ընթացքում քննարկվել էին նաեւ երկաթուղային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները։ Գալուզինը դժգոհություն էր հայտնել, որ այդ քննարկումները չեն շարունակվել, եւ ուշադրություն էր հրավիրել ամերիկյան կողմի հետ Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունների վրա։

Սա նշանակում է, որ Մոսկվան TRIPP-ը դիտարկում է նաեւ սեփական տարածաշրջանային դերակատարության տեսանկյունից։ ՌԴ-ն կարող է ձգտել պահպանել կամ վերականգնել իր ազդեցությունը երկաթուղային ենթակառուցվածքների շահագործման, բեռնափոխադրումների կազմակերպման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների կառավարման հարցերում։ Միաժամանակ, Հայաստանի համար խնդիրը չպետք է ներկայացվի որպես ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ընտրության պարտադրանք։ Հայաստանի շահը պետք է լինի այնպիսի համակարգի ձեւավորումը, որտեղ արտաքին գործընկերների մասնակցությունը ծառայում է երկրի տնտեսական եւ անվտանգային շահերին, այլ ոչ թե սահմանափակում նրա ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունը։

 

Ինչպիսի՞ TRIPP է ստանալու Հայաստանը

TRIPP-ի շուրջ քննարկումների առանցքային հարցերից մեկը Հայաստանի ինքնիշխանության պահպանումն է։ Պաշտոնական Երեւանը հետեւողականորեն շեշտում է, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ իրավազորության լիարժեք պահպանմամբ։ Սակայն այս սկզբունքը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլեւ նախագծի իրավական, կառավարչական եւ տնտեսական կառուցվածքի համատեքստում։

2026-ի հունվարին հրապարակված հայ-ամերիկյան իրականացման շրջանակը, իսկ մայիսին հրապարակված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը որոշակի պատկերացում են տալիս ապագա համակարգի մասին։ Նախատեսվում է, որ TRIPP զարգացման ընկերությունը կստանա նախագծի ենթակառուցվածքների զարգացման եւ շահագործման համար անհրաժեշտ իրավունքներ։ Միաժամանակ համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի պետական մարմինները պահպանելու են սահմանային եւ մաքսային վերահսկողության, իրավապահ գործունեության, ներգաղթի, հարկերի հավաքագրման եւ անվտանգության ապահովման լիազորությունները։ Նախագծի շրջանակում կարող է կիրառվել այսպես կոչված՝ «front office/back office» մոդելը, որի դեպքում մասնավոր օպերատորները կիրականացնեն ուղեւորների եւ բեռնափոխադրողների սպասարկման ու փաստաթղթերի նախնական մշակման գործառույթներ, իսկ վերջնական պետական որոշումները կմնան Հայաստանի իրավասու մարմինների ձեռքում։

Իրավական նշյալ տրամաբանությամբ՝ Հայաստանը չի հրաժարվում իր տարածքում ինքնիշխան լիազորություններից։ Բայց պետք է արձանագրել, որ ինքնիշխանությունը միայն իրավական ձեւակերպում չէ։ Այն նաեւ պետության իրական կարողությունն է՝ վերահսկելու սեփական տարածքում գործող ենթակառուցվածքները, սահմանելու դրանց գործունեության կանոնները եւ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշումներ ընդունելու։

Հետեւաբար, առանձնահատուկ նշանակություն է ստանում TRIPP զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրի եւ կանոնադրության վերջնական բովանդակությունը։ Նոյեմբերի 23-ին Մհեր Գրիգորյանի եւ Արյե Լայթսթոունի հանդիպմանը կողմերն ընդգծել են այդ փաստաթղթերի շուրջ բանակցությունների ավարտի կարեւորությունը։ Սա նշանակում է, որ նախագծի կառավարման որոշ կարեւոր հարցեր դեռեւս վերջնական ձեւակերպման փուլում են։ Հենց այդ փաստաթղթերով են որոշվելու կառավարման իրական մեխանիզմները, փոխադարձ համաձայնություն պահանջող հարցերի շրջանակը, ներդրումային պարտավորությունները եւ տնտեսական պատասխանատվության բաշխումը։

Հայաստանի համար կարեւոր է նաեւ այն, թե ինչ տնտեսական արդյունք է ապահովելու նախագիծը։ Տարանցիկ ճանապարհի առկայությունն ինքնին դեռեւս չի երաշխավորում տնտեսական շահույթ։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ծավալի բեռներ են անցնելու Հայաստանի տարածքով, ինչ եկամուտներ են ստանալու հայկական ընկերությունները, ինչ չափով են օգտագործվելու տեղական աշխատուժն ու ծառայությունները, եւ որքանով է զարգանալու հարակից համայնքների տնտեսական կյանքը։ Անհրաժեշտ են Հայաստանի տնտեսվարողների իրական մասնակցությունը, տեղական բիզնեսի համար մրցակցային պայմանները եւ պետական քաղաքականություն, որը տարանցիկ հոսքերը կվերածի երկրի ներսում ստեղծվող հավելյալ արժեքի։

Մյուս կարեւոր հարցը հաղորդակցությունների ապաշրջափակման փոխադարձությունն է։ Եթե Հայաստանի տարածքով ապահովվելու է Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի կապը, ապա Հայաստանի համար եւս պետք է բացվեն տնտեսական եւ տրանսպորտային հնարավորություններ։ Խոսքը ոչ միայն տարանցիկ եկամուտների, այլեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների վերականգնման՝ հայկական բեռների արտահանման նոր հնարավորությունների եւ միջազգային շուկաներին հասանելիության մասին է։

Հետեւաբար, TRIPP-ի տնտեսական արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե միայն Ադրբեջանի համար ապահովվող ճանապարհի տեսանկյունից, այլ այն չափով, որով նախագիծը կփոխի նաեւ Հայաստանի հաղորդակցային մեկուսացվածությունը։ Եթե տարածաշրջանային ապաշրջափակումը լինի միակողմանի, ապա դրա քաղաքական եւ տնտեսական արդյունքները Հայաստանի համար կարող են էապես տարբերվել նախագծի վերաբերյալ հնչող լավատեսական գնահատականներից։

 

TRIPP-ի հնարավորություններն ու աշխարհաքաղաքական ռիսկերը

TRIPP-ի գործնական փուլի մեկնարկը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ, սակայն միաժամանակ բացում է մի շարք բարդ քաղաքական եւ տնտեսական հարցեր, որոնց պատասխանները դեռեւս ձեւավորված չեն։ Նախագծի հեռանկարը կախված է լինելու երեք հիմնական հանգամանքից՝ հայ-ամերիկյան գործընկերության իրական բովանդակությունից, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումից եւ տարածաշրջանում ազդեցության համար մրցակցող ուժերի շահերի համադրման հնարավորությունից։

Առաջին հայացքից TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի արտաքին տնտեսական եւ քաղաքական դիրքերի ամրապնդման կարեւոր գործիք։ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը, ամերիկյան ընկերությունների մասնակցությունը, ներդրումային հնարավորությունները եւ միջազգային ֆինանսական կառույցների հետաքրքրությունը կարող են մեծացնել Հայաստանի նկատմամբ արտաքին տնտեսական հետաքրքրությունը։ Փաշինյանի այն գնահատականը, որ նախագծի իրականացումը կընդլայնի Հայաստանի կայունությամբ եւ անվտանգությամբ շահագրգիռ կողմերի շրջանակը, ունի որոշակի աշխարհաքաղաքական հիմնավորում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների կարեւոր հանգույց դառնալը կարող է մեծացնել Հայաստանի նշանակությունը միջազգային գործընկերների համար։

Սակայն այստեղ կա նաեւ հակառակ կողմը։ Որքան մեծանում է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների միջազգային նշանակությունը, այնքան մեծանում է դրանց նկատմամբ տարբեր պետությունների հետաքրքրությունը եւ, համապատասխանաբար, դրանց շուրջ հնարավոր քաղաքական ճնշումների հավանականությունը։ Այդ պատճառով Հայաստանի համար սկզբունքային է ոչ թե պարզապես միջազգային գործընկերների ներգրավվածության ընդլայնումը, այլ այդ ներգրավվածությունը սեփական պետական շահերին ծառայեցնելու կարողությունը։

Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ Ադրբեջանի գործոնն է։ TRIPP-ի իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց սահմանային եւ տեխնիկական հարցերի համաձայնեցման։ Սակայն դա չի նշանակում, որ նախագծի ճակատագիրը պետք է ամբողջությամբ կախված լինի Բաքվի քաղաքական դիրքորոշումից։ Ադրբեջանը խիստ շահագրգռված է Նախիջեւանի հետ ցամաքային կապի ապահովմամբ, իսկ Հայաստանը՝ սեփական տարածքով հաղորդակցությունների վերականգնմամբ եւ տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմամբ։ Այս շահերը կարող են համադրվել միայն այն դեպքում, երբ կողմերը փոխադարձաբար ճանաչեն միմյանց ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Պաշտոնական Բաքուն ունի՞ նման մտադրություն….

Երրորդ հանգամանքը Ռուսաստանի գործոնն է։ Մոսկվան ունի տարածաշրջանային ենթակառուցվածքներում ձեւավորված տնտեսական եւ քաղաքական շահեր, եւ դժվար է ակնկալել, որ ամերիկյան ներգրավվածությամբ նոր հաղորդակցային համակարգի ձեւավորումը նրա կողմից կդիտարկվի միայն տնտեսական տեսանկյունից։ Հայաստանի խնդիրը, սակայն, չպետք է լինի նոր մրցակցություն հրահրելը կամ արտաքին դերակատարների միջեւ հակադրության կենտրոն դառնալը։ Առավել արդյունավետ մոտեցումը կարող է լինել այնպիսի պայմանների ձեւավորումը, որոնց դեպքում ցանկացած արտաքին գործընկերություն ամրապնդում է Հայաստանի հաղորդակցային անկախությունն ու տնտեսական հնարավորությունները։

Վերջապես, պետք է նկատի ունենալ, որ TRIPP-ի իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն հայ-ամերիկյան համաձայնություն, այլեւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կայուն առաջընթաց, նաեւ՝ Թեհրանի հետ լիակատար վստահություն ու համաձայնություն։ Սահմանազատման եւ սահմանագծման խնդիրները, սահմանային անվտանգության հարցերը, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների փոխադարձ բացումը կարող են անմիջական ազդեցություն ունենալ նախագծի ժամկետների եւ արդյունավետության վրա։ Եթե քաղաքական համաձայնությունները չվերածվեն գործնական պայմանավորվածությունների, ապա նույնիսկ ամերիկյան քաղաքական աջակցությունն ու նախապատրաստական աշխատանքները չեն կարող լիովին ապահովագրել նախագիծը հնարավոր ձգձգումներից ու լրացուցիչ բարդություններից։

Այսպիսով, նոյեմբերի 23-ին Փաշինյան-Թրամփ ուղերձները կարելի է համարել TRIPP-ի պատմության կարեւոր հանգրվան, բայց դեռեւս ոչ ծրագրի հաջողության ապացույցը։ Նրանց հայտարարությունները, Մեղրիում մեկնարկած նախապատրաստական աշխատանքները, AECOM-ի ուսումնասիրությունները եւ զարգացման ընկերության ձեւավորման շուրջ առաջընթացը ցույց են տալիս, որ նախագիծը մտնում է իրականացման նոր փուլ։ Սակայն առջեւում դեռեւս կան ենթակառուցվածքային, ֆինանսական, իրավական եւ քաղաքական բազմաթիվ հարցեր։

Հայաստանի համար ամենամեծ վտանգը կարող է լինել այն, որ նախագծի միջազգային նշանակության աճին զուգահեռ տնտեսական եւ քաղաքական շահերը երկրորդական դառնան։ Հետեւաբար, անհրաժեշտ է հստակ սահմանել՝ ինչ իրավունքներ են փոխանցվում զարգացման ընկերությանը, ինչ լիազորություններ են մնում պետական մարմիններին, ինչ տնտեսական եկամուտներ է ստանալու Հայաստանը եւ ինչ մեխանիզմներով են ապահովվելու հաղորդակցությունների անխոչընդոտ աշխատանքը՝ առանց ինքնիշխանության որեւէ սահմանափակման։

Եթե Հայաստանը չկարողանա հստակ ձեւակերպել եւ պաշտպանել իր երկարաժամկետ շահերը՝ TRIPP-ը կվերածվի արտաքին ուժերի շահերի բախման նոր հարթակի։ Արդյո՞ք ծրագիրը Հայաստանի համար կդառնա տնտեսական զարգացման, ինքնիշխանության ամրապնդման եւ տարածաշրջանային դերակատարության ընդլայնման միջոց, թե՞ ընդամենը տարանցիկ ուղի՝ ուրիշների ռազմավարական նպատակների իրականացման համար։

Հենց այս հարցերի պատասխաններից է կախված լինելու TRIPP-ի իրական պատմական նշանակությունը Հայաստանի համար։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել