Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ճանապարհը կարող է դառնալ ինքնիշխանության փորձություն

Նոյեմբեր 26,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ այստեղ:

TRIPP-ի իրական մարտահրավերները Հայաստանի համար 

Խաղաղության պայմանագիրը եւ Սահմանադրության փոփոխության ադրբեջանական նախապայմանը

TRIPP-ի ապագան անմիջականորեն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի հետ։ Չնայած կողմերը 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը, դրա վերջնական ստորագրումը շարունակում է մնալ չլուծված հարց։ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ վերացնելով, իր մեկնաբանությամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները»։ Այսպիսով, Բաքուն խաղաղության գործընթացը կապում է Հայաստանի ներքին սահմանադրական փոփոխությունների հետ՝ հարցը ներկայացնելով որպես միջպետական կարգավորման անհրաժեշտ պայման։

Սա արդեն դուրս է գալիս սովորական բանակցային տարաձայնությունների շրջանակից։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին իրավաքաղաքական գործընթաց է, որը պետք է իրականացվի երկրի քաղաքացիների կամարտահայտության եւ սահմանադրական ընթացակարգերի համաձայն։ Այլ պետության պահանջը չի կարող փոխարինել այդ գործընթացին կամ կանխորոշել դրա արդյունքը։

Այս իրավիճակում ստեղծվում է քաղաքական անհամաչափության խնդիր։ Մի կողմից՝ Հայաստանը շարժվում է TRIPP-ի գործնական իրականացման ուղղությամբ, ստեղծվում են եռակողմ տեխնիկական խմբեր, քննարկվում են ենթակառուցվածքների նախագծման հարցերը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի ներքին սահմանադրական փոփոխությունների հետ։ Այսինքն, տնտեսական եւ հաղորդակցային պայմանավորվածությունները կարո՞ղ են ձեռք բերվել, մինչդեռ միջպետական հարաբերությունների հիմնարար քաղաքական հարցերը մնան բա՞ց։

Այս հանգամանքը հատկապես կարեւոր է, քանի որ խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն արձանագրի կողմերի միջեւ պատերազմի բացակայությունը, այլեւ ձեւավորի երկարաժամկետ հարաբերությունների իրավական հիմք։ Առանց այդպիսի հիմքի՝ հաղորդակցային նախագծերը կարող են գործել շարունակվող քաղաքական լարվածության պայմաններում՝ ենթարկվելով նոր պահանջների եւ բանակցային ճնշումների ազդեցությանը։

 Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է լինի փոխադարձ, համաչափ

TRIPP-ի գործարկման հեռանկարը պետք է դիտարկել նաեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը նախագծում այն դարձնում է ոչ միայն տնտեսական նախաձեռնություն, այլեւ Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության եւ ազդեցության ընդլայնման գործիք։ Վաշինգտոնի մասնակցությունը կարող է լրացուցիչ քաղաքական նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման տեսանկյունից։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան ներգրավվածությունն ինքնին չի կարող փոխարինել Հայաստանի պետական վերահսկողությանը կամ անվտանգության սեփական երաշխիքներին։

Նախագծի էներգետիկ բաղադրիչը եւս առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Փաշինյանի հայտարարությամբ՝ Հայաստանը նախատեսում է միացնել իր էլեկտրացանցերը Թուրքիայի եւ Ադրբեջանի էլեկտրացանցերին՝ արդեն գոյություն ունեցող Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի էներգետիկ կապերին զուգահեռ։ Սա կարող է նոր հնարավորություններ ստեղծել էլեկտրաէներգիայի փոխանակման, տարանցման, արտահանման եւ ներմուծման համար։ Սակայն էներգետիկ փոխկապակցվածությունը միաժամանակ ենթադրում է փոխադարձ կախվածության նոր ձեւեր, որոնց պայմաններում անհրաժեշտ են հստակ պայմանագրային, տեխնիկական եւ անվտանգության երաշխիքներ։

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական առումով շահավետ լինել Հայաստանի համար, եթե այն դառնա ոչ թե միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի կապն ապահովող տարանցիկ տարածք, այլեւ Հայաստանի սեփական կապուղիների, արտահանման եւ միջազգային շուկաներ հասանելիության զարգացման հնարավորություն։ Այդ առումով կարեւոր է, որ TRIPP-ը դիտարկվի ավելի լայն տրամաբանության շրջանակում, որտեղ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է լինի փոխադարձ, համաչափ եւ բոլոր կողմերի ինքնիշխանությունը հարգող գործընթաց։

«Խաղաղության» գործի՞ք, թե՞ նոր բանակցային լծակ

TRIPP-ի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը կանգնած է միաժամանակ տնտեսական հնարավորության եւ քաղաքական պատասխանատվության առաջ։ Նախագիծը կարող է փոխել տարածաշրջանային հաղորդակցությունների աշխարհագրությունը, Հայաստանի համար բացել նոր շուկաներ, նպաստել էներգետիկ համագործակցությանը եւ նվազեցնել տրանսպորտային մեկուսացման հետեւանքները։

Սակայն այդ հնարավորությունները ինքնաբերաբար չեն վերածվելու ռազմավարական առավելությունների։ Դրա համար անհրաժեշտ է, որ նախագծի բոլոր բաղադրիչները կառուցվեն հստակ իրավական հիմքերի, փոխադարձության եւ Հայաստանի ինքնիշխան վերահսկողության սկզբունքներով։

Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ, միաժամանակ բացահայտում է նախագծի քաղաքական զգայունությունը։ Տեխնիկական համաձայնեցումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն չպետք է վերածվի Հայաստանի տարածքում իրականացվող ծրագրի նկատմամբ Ադրբեջանի որոշիչ ազդեցության մեխանիզմի։ Հայաստանի վարչապետի դիրքորոշումն այդ հարցում ցույց է տալիս, որ Երեւանը նույնպես ընդունում է երկաթուղային եւ էներգետիկ համակարգերի միացման համար փոխադարձ համաձայնեցման անհրաժեշտությունը։ Հետեւաբար, հիմնական հարցը ոչ թե համագործակցությունից հրաժարվելն է, այլ դրա սահմանների, իրավական կարգավիճակի եւ լիազորությունների հստակ ամրագրումը։

Մյուս կողմից՝ TRIPP-ի առաջմղումը խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ ստեղծում է մի իրավիճակ, երբ տնտեսական համագործակցությունը կարող է զարգանալ առանց քաղաքական հակասությունների վերջնական կարգավորման։ Սա կարող է նպաստել վստահության ձեւավորմանը, բայց կարող է նաեւ հակառակ ազդեցություն էլ ունենալ, եթե հաղորդակցային պարտավորությունները դառնան նոր պահանջների ներկայացման հիմք։ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ կապելը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է կարգավորման գործընթացում առաջ քաշել պայմաններ, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին իրավական համակարգին։ Այդ պատճառով Հայաստանի համար կարեւոր է տարանջատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սեփական սահմանադրական գործընթացներից եւ թույլ չտալ, որ դրանց միջեւ ձեւավորվի արտաքին պարտադրանքի տրամաբանություն։

Հատկանշական է նաեւ, որ TRIPP-ի շրջանակային համաձայնագրով ամրագրված ինքնիշխանության երաշխիքները պետք է ստանան գործնական բովանդակություն։ Պետական վերահսկողությունը, մաքսային եւ սահմանային ծառայությունների լիազորությունները, անվտանգության ապահովումը, տվյալների կառավարումը եւ արտակարգ իրավիճակներում արձագանքման իրավասությունը պետք է ոչ միայն արձանագրված լինեն փաստաթղթերում, այլեւ ամբողջությամբ կիրառվեն նախագծի իրականացման բոլոր փուլերում։ Նույնքան կարեւոր է Հայաստանի տնտեսական շահերի հստակեցումը՝ ներդրումների, եկամուտների, տարանցիկ հնարավորությունների եւ Ադրբեջանի տարածքով համարժեք հաղորդակցության տեսանկյունից։

Այսպիսով, TRIPP-ի ապագան որոշվելու է ոչ միայն նրանով, թե որքան արագ կսկսվեն շինարարական աշխատանքները, այլեւ նրանով, թե ինչ պայմաններով եւ ինչ իրավական ու քաղաքական վերահսկողության ներքո է գործելու ամբողջ համակարգը։ Հայաստանի համար խնդիրը տարածաշրջանային հաղորդակցություններից դուրս մնալը չէ, այլ դրանց բացման գործընթացում սեփական պետական շահերի լիարժեք ապահովումը։ Եթե նախագիծը հիմնվի ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա, այն կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության իրական գործիք։ Իսկ եթե տնտեսական շահերի եւ քաղաքական պայմանների միջեւ անհամաչափություն առաջանա, TRIPP-ը կդառնա ոչ թե հակասությունների հաղթահարման, այլ դրանց նոր դրսեւորումների հարթակ։

Հետեւաբար, իրական հաջողությունը չափվելու է Հայաստանի՝ սեփական տարածքում լիարժեք վերահսկողություն պահպանելու, համարժեք տնտեսական օգուտներ ստանալու եւ տարածաշրջանային խաղաղության գործընթացում իրավահավասար կողմ մնալու կարողությամբ։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել