Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ գիշերով մի գինովցած երիտասարդ ընկնի ռադիոդիտակի մեջ». «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար

Օգոստոս 26,2022 15:57

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը, որ Պարիս Հերունու զարմուհին է, մտահոգված է Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում սեպտեմբերի 10-12-ը անցկացվելիք SENSOR երաժշտության եւ ժամանակակից արվեստի փառատոնով:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանը նշեց, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի նախաձեռնող խումբն արդեն հայտարարություն է տարածել այդ մասին:

Արեւիկ Սարգսյան

«Արմատներ քոմյունիթի» ՀԿ-ն, որը պատրաստվում է անցկացնել փառատոնը, թույլտվությունը ստացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից եւ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունից, սակայն, Արեւիկ Սարգսյանի խոսքով, Արագածի գիտական կենտրոնի տարածքն ի սկզբանե նախատեսված չի եղել զանգվածային միջոցառումների համար։ «Մասնակիցների, այցելուների, մարդկային կյանքերի առողջության համար կարող են վտանգներ ստեղծվել, քանի որ բացակայում են տարրական անվտանգային նորմերն ու կարգավորումները, այդ տարածքում չի կարելի հազարավոր մարդկանց երեք օրով, գիշերակացով, վրաններով պահել ու զվարճանք կազմակերպել:

Դա գիտական կենտրոն է, եւ այնտեղ գտնվող սարքավորումները, գործարանը, ռադիոդիտակը, արեգականային կայանը եւ այլն, իրենցից արժեք են ներկայացնում: Կարող է մասնակիցների կողմից ոչ միտումնավոր ձեւով դրանց վնաս հասցվել, որը գիտական կենտրոնի հետագա աշխատանքների համար կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ:

Պատկերացրեք նաեւ, որ գիշերվա կեսին մի գինովցած երիտասարդ հանկարծ ընկնի ռադիոդիտակի մեջ, իսկ պաշտպանական գոտի չկա: Իհարկե, «Արմատ քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ-ի ղեկավարների խոսքով, 70 հոգի անվտանգության աշխատակից է այնտեղ շրջելու, բայց տարածքը 83 ՀԱ է, եւ հազարավոր մարդկանց պարագայում հնարավոր չէ ամեն ինչ վերահսկել»,-ընդգծեց տիկին Սարգսյանը։

Նրա ձեւակերպմամբ, իրենց հաջորդ ուղերձն այն է, որ Արագածի գիտական կենտրոնը լքված չէ` այն տեր ունի. «Այն իմ ցեղի, իմ ժողովրդի հարստությունն է, եւ մեր կենտրոնը վաղուց կառավարության հետ աշխատում է, որպեսզի տարբեր ճանապարհներով թույլտվություն ստանա ապակոնսերվացնելու ու գործարկելու։ Մեծ դժվարությամբ պատերազմից առաջ չորս օրով թույլտվություն ստացանք չափագետներից, որ փորձարկումներ կատարենք ու իրականացրինք դրանք»:

Տեղեկացրեց, որ իրենց երկու տարվա աշխատանքի հիման վրա եվրոպական հզոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություններ ունեն, կազմվել է մասնագետների խումբ, որ նախնական եւ ավարտական փորձաքննություն է ներկայացրել: Այդ եզրակացության հիման վրա եվրոպական հայտնի կազմակերպության գլխամասից երկու անգամ Նիկոլ Փաշինյանի անունով նամակներ են ուղարկվել, որոնք մնացել են արձագանք:

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2020թ դեկտեմբերին մեզ ասաց, որ տիեզերքն իր տարերքն է, եւ ինքը մեր թիմի անդամն է, պատրաստ է ամեն ինչ անել: 2021թ այդ նախարարությունում հայտնվեց փոխնախարար Նարեկ Տերյանը, որին տարբեր միջնորդություններով հաջողվեց մեր ծրագիրը ներկայացնել: Նա փորձեց ինչ-որ ձեւով խնդիրը առաջ տանել: Ինձ տեղավորեցին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ում որպես տնօրենի խորհրդական: Առաջարկել էին սկսել ռադիոդիտակի ապակոնսերվացման գործընթաց, ենթակառուցվածքի բարելավում: Մենք սկսեցինք աշխատանքը, մեր թիմից չորս հոգով եկանք հիմնարկ, եւ երբ տարին սկսվեց՝ մեր ռազմավարական ծրագրերը եւ առաջարկները ներկայացրինք, մեզ ասացին՝ ցույց տվեք որեւէ գրավոր հրահանգ, հրաման նախարարությունից, որ սկսվել է գործընթացը: Իսկ նման բան չկար, քանի որ մեզ բանավոր ցանկությամբ էին ուղարկել այնտեղ:

Երբ հոկտեմբերին սկսեցինք տարածքի ծառերի սանիտարական էտումներն ու հատումները, Չափագիտության հիմնարկի տնօրենը դիմեց ոստիկանություն, թե իբր ապօրինի ծառահատում է կատարվում, այնինչ, իր համաձայնությամբ էր արվել աշխատանքը: Այս պահին գործը կասեցված է՝ մեղավորներին գտնելու անհնարինությամբ, բայց դա պատճառ հանդիսացավ, որ մեր ծրագիրը սառեցվի:

Մենք դիմում գրեցինք, դուրս եկանք աշխատանքից, որովհետեւ մեզ ոչ թե հետաքրքրում էր պաշտոնը եւ պետությունից գումար ստանալը, այլ գործ անելը: Այդ ժամանակվանից ես պերսոնա նոն գրատա եմ: Մայիսից սկսած մի քանի պաշտոնական դիմումներ են ուղղվել: Դրանցից մեկը Պոլիտեխնիկի պրոռեկտորն ուղղել է այն նպատակով, որ ուսանողների խումբը անտենաների ուսումնասիրման ուսումնական ծրագրի շրջանակներում պետք է բաց դաս անցկացնի տարածքում: Պատասխան է եկել, որ ուսանողներին կարելի է, իսկ Արեւիկ Սարգսյանին՝ ոչ»,-հավելեց տիկին Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ հուլիսին Discovery Channel-ի համար նկարահանող խմբի հետ մտել է տարածք ու ապշել այնտեղ իրականացված փոփոխություններից. «Երբ ներս մտա, հասկացա, թե ինչու չէին թողնում ներս մտնել: Ռադիոդիտակի կառավարման շենքի տանիքն ամբողջությամբ փոխված էր, շենքի ներսում մաքրությունն ավարտված էր, վերեւի գեղեցիկ պուլտերի հարկը տեղաշարժված էր, ինչ-որ բաներ են կտրել ու փոփոխել, տարածքում ավտոտնակներ են սարքում, բարեկարգում, շուտով սրճարան է գործելու: Կարճ ասած՝ ամբողջ տարածքը վերջին երկու-երեք ամսում «Արմատ քոմյունիթիի» տրամադրության տակ է:

Երբ մեդիայից տեղեկացանք, որ միջոցառում է կազմակերպվում, աղմուկ բարձրացավ, ստորագրահավաք եղավ, ինչին ի պատասխան տարածում էին, թե վարձակալությամբ հինգ տարով վերցրել են, ամեն տարի այդ փառատոն պետք է կայանա, հյուրանոցն է վերանորոգվելու 350 հազար դոլար է ծախսելու: Արդեն տուրիստական խմբերը 25 000 դրամով տուր են անում, եւ այդ մասին տիկտոկ էր նկարել մի ռուս աղջիկ; Անհասկանալի է՝ ում թույլտվությամբ են ներս մտել՝ ոչ չափագետները գիտեն դրա մասին, ոչ «Արմատներ քոմյունիթին», բայց մարդիկ փողով տուրեր են կազմակերպում տարածքում:

Արեւիկ Սարգսյանն ասում է, որ Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոդիտակը համարվում է աշխարհում ամենահզորներից մեկը։ Նրա խոսքով, Հերունու ազգային տիեզերական կենտրոնի թիմը, որը կազմված է տեղական և միջազգային բարձր որակավորում ունեցող մասնագետներից, առաջարկում է ապակոնսերվացնել, վերականգնել եւ գործարկել ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակը։

Հերունու ազգային տիեզերական կենտրոնը նաեւ ակնկալում է պատկան մարմիններից ստանալ սպառիչ պատասխան եւ պատրաստ է անառարկելի փաստերով հիմնավորել իր մասնագիտական տեսակետը։

«Մենք դեմ չենք որևէ մշակութային կամ զբոսաշրջային միջոցառման իրականացմանը, պարզապես համոզված ենք, յուրաքանչյուր միջոցառում պետք է տեղի ունենա իրեն համապատասխանեցված վայրում… Եթե թույլ եք տալիս նման միջոցառում, ինչու չեք թույլատրում գիտական հետազոտությունները »,-վստահ է մեր զրուցակիցը։

Տեղեկացրեց, որ երկու անգամ գրավոր դիմել են կառավարությանը եւ խնդրել առանձնացնել կենտրոնը եւ Պոլիտեխնիկական համալսարանի ներքո ստեղծել առանձնացված հիմնարկ. « Պետությունից ավել գումար չենք ուզում, մնացածը միջազգային գիտական դրամաշնորհներով ինքներս կբերենք»: Նա վստահ է, որ երբ կենտրոնը ապակոնսերվացվի ու գործարկվի, Հայաստանը կընդգրկի տիեզերքի ուսումնասիրման, տիեզերքի գաղութացման ծրագրերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Օրգովի ռադիօպտիկական աստղադիտակի տեսքը՝ գիտահետազոտական ինստիտուտի շենքի հետ. Wikipedia.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031