Լրահոս
Օրվա լրահոսը

Սին հույսեր

Օգոստոս 27,2022 21:44

ԱՄՆ-ն Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել։ Բրյուսելում կայանալու է Հայաստանի վարչապետ կոչեցյալի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԵՄ ղեկավարի միջնորդությամբ։ Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները մերժել են  Շուշի այցելելու Բաքվի հրավերը։ Այս և նման նորությունները Հայաստանի տարբեր գործիչների կողմից բազմաբնույթ վերլուծությունների տեղիք են տալիս։ Նրանցից շատերը, քննադատելով, նաև հայհոյելով Ռուսաստանին, լուրջ հույսեր են փայփայում, որ Մինսկի խումբը, ԵՄ-ն, իրենց հաստատակամությամբ Արցախի հարցում հայամետ դիրքորոշում կընդունեն։ Սին հույսեր․․․

Զարմանալի է, թե որքան պարզունակ մտածողության տեր են Հայաստանի փորձագետ կոչվածները։

Այսպես, Հայաստանի «ժողովրդավարական» իշխանությունն իր կամ  ապիկար, ավելի հավանական է դավադիր քաղաքականությամբ պատերազմ հրահրի, պարտվի և շարունակի մնալ իշխանության ղեկին, աղաչի «խաղաղություն», համաձայնի հակառակորդի բոլոր պահանջներին, հայկական տեղանուններն անվանի ադրբեջանական, կամավոր հանձնի Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Բերձորն ու Աղավնոն, հայկական զավթած տարածքներն անվանի «ամայի և ձյունածածկ» և․․․

Եվ ի՞նչ եք կարծում, այս պայմաններում, որևէ պետություն, այդ պետության ղեկավար, ելնելով իր երկրի շահերից,  Արցախի հարցում ու՞մ կողմն է լինելու։

Իսկ այդ ամենը, որից ոմանք հորթի պես ոգևորվում են, ընդամենը հզորների միջև քաղաքական խաղեր են, Ռուսաստանի կողմից հաղթող կողմին սիրաշահել, իր ազդեցությունը տարածաշրջանում պահելու, արևմուտքի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար։ Երկու կողմերն էլ հաշվի են նստում, մի կողմից Ադրբեջանի հետևողական, ոչ մի թիզ չզիջելու և ավելին զավթելու քաղաքականության և մյուս կողմից Հայաստանի ամեն ինչ զիջելու և  ամեն գնով «խաղաղության» մուրալու ողորմելի քաղաքականության հետ։

Այո՛, համոզված եմ, այս պայմաններում, դա լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, թե Մինսկի խումբը, հայ-ադրբեջանական հակամարտության միջև միջնորդի դեր ստանձնելուց, առաջարկությունները բխելու են միայն Ադրբեջանի շահերից ելնելով։

Այսպիսին է եղել և կա աշխարհի կարգը։ Եվ մեր, եթե այդպես կարելի է ասել՝ քաղաքական միտքը այդպես էլ այս պարզ ճշմարտությունը չհասկացավ, հույսը դնելով ժամանակին Սևրի դաշնագրի, այսօր էլ՝ Մինսկի խմբի վրա, և ինչպես 1920թ․ հետո ինքնաարդարացան՝ «ռուսական մուրճի և թուրքական սալի միջև» խեղճի բանաձևով, նման ինքնաարդարացման սպասենք մոտ ապագայում։ Թե՞ կարծում եք, որ աշխարհի հզորները շարժվում են մարդասիրական, ավելին՝ հայասիրական շարժառիթներով։

Հնարավո՞ր է այսօր փոխել անխուսափելի թվացող իրադարձությունների ընթացքը։ Տեսականորեն՝ այո, քանի որ իմ համոզմամբ անելանելի իրավիճակներ չեն լինում։

Առաջին հերթին միջազգային հանրություն կոչվածը, այն լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԻնսկի խումբը, թե Իրանը, պետք է տեսնեն հայ ժողովրդի միասնական կամքը, եթե կուզեք՝ ուժը՝ դիմակայելու մեզ համար ճակատագրական որոշումներին։Եվ միայն այդ պարագայում հույսեր կառաջանան անխուսափելի թվացող իրադարձությունների ընթացքը փոխելու համար և միջազգային հանրություն կոչվածը հաշվի կառնի մեր դիրքորոշումը։ Եվ իհարկե, դրա առաջին քայլը պետք է լինի պարտվողական, «խաղաղասեր» իշխանության հեռացումը ամեն գնով։ Հեռացումից հետո, նույնպես տեսականորեն՝ ուժեղ, կամային իշխանության ձևավորում, երեք առանցքային դեմքերով՝ վարչապետ, պաշտպանության նախարար, արտգործնախարար։ Նոր կառավարությունը չպետք է ընկնի մյուս՝ Ռուսաստանի առջև սողալու քաղաքականության գիրկը, այլ լինի վստահելի, արժանապատիվ գործընկեր Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար,արագորեն հայկական բանակը դարձնի մարտունակ, ճկուն, հաստատակամ քաղաքականությամբ դիմագրավի մարտահրավերներին, պաշտպանելով հայկական շահը։ Իսկ ինչպե՞ս հասնել դրան։

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտում, մեծ հույսեր չի առաջացնում։ Որքան էլ ընդդիմադիրները խոսեն այն մասին, որ իրենց նպատակը իշխանությունը չի, վստահություն չի ներշնչում։ Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիր տարբեր կառույցներ խանդով են միմյանց վերաբերվում։ Մյուս կողմից բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, այդ թվում վերը նշված Մինսկի խմբով և ԵՄ-ով ոգևորվածները, ելնելով անձնական շահերից, ուղղակի կամ անուղղակի պաշտպանում են «խաղաղասեր» իշխանությանը։ Միայն 2021թ․ ընտրություն կոչված ֆարսը, որպես արդար համարելը բավարար է։

Ժամանակը սպառվում է։ Կգիտակցե՞նք արդյոք այս ամենը և կհամախմբվե՞նք, թե՞ ինչպես անհաջողակ, ծույլ, ապիկար մարդն է իր դժբախտությունների մեջ մեղադրում այլոց, այնպես էլ մենք՝ հայ ժողովուրդը ինչպես միշտ, իրենից դուրս այլ մեղավորներ կփնտրի։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այո, իրավիճակը տխուր է, 100 տարի առաջվա ողբերգական պատմությունից դասեր չենք քաղել, վերլուծաբաններից յուրաքանչյուրը վերլուծում է միակողմանի (կախված նրանից՝ ռուսամետ է, թե՝ արևմտամետ), ընդդիմությունը քնած է և անմիաբան (Էդգար Ղազարյանի կողքին ինչու՞ չկանգնեցին), հասարակությունն էլ հույսը դրել է արտաքին կամ ներքին փրկիչների, բայց ոչ իր վրա: Այս պայմաններում, ակտիվիստների փոքրաքանակ շերտին մեկուսացնելով, կալանավորելով կամ եռամսյա վարժահավաքների ուղարկելով, այս իշխանությունը մտածում է միայն իշխանափոխությունը կանխելու մասին, թքած ունենալով բանակի հզորացման, սահմանների ամրացման և երկրի ինքնիշխանության ամրապնդման հարցերի վրա: Երկրի փողերը մսխվում են վերին օղակներին հարստացնող պարգևավճարների վրա, իսկ թոշակառուները ընդամենը 2-3 հազար դրամի թոշակի ավելացումով պետք է դիմանան կտրուկ գնաճին:
    Պարոն Իշխանյան, շատ արդյունավետ կլինի, որ Դուք և Ձեր նման ազնիվ մարդիկ կուսակցություն հիմնեք և Ձեր շուրջը համախմբեք հայրենասեր, ազնիվ ու սակավապետ մարդկանց, որպեսզի հասարակությանը հանեք հուսահատությունից ու այս անորոշության թմբիրից: Այն ինչ Դուք ասում և գրում եք, փորձեք դարձնել Ձեր կուսակցության ծրագիրը: Թե չէ՝ ժամանակը գնում է, իսկ երկրի պրոբլեմները ծանրանում: Մեզ խելացի նվիրյալներ են պետք, որոնք կկարողանան իրենց օրինակով ժողովրդին ոգևորել և տեր դարձնել իրենց երկրին: Գուցե փորձե՞ք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031