Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները խնդիրը միտումնավոր տանում են փակուղի, որպեսզի հայտարարեն, թե ՀԱՊԿ-ն ոչնչի ընդունակ չէ, Ռուսաստանը ոչնչի հասնել չի կարող, այդ իսկ պատճառով մենք դիմում ենք Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին․ Կ. Զատուլին

Հոկտեմբեր 28,2022 23:40

«Լազարյան ակումբի» հինգերորդ նիստը, Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան արգելելու պատճառով, անցկացվեց օնլայն հեռուստակամրջի ֆորմատով: «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» անվանումը կրող քննարկման ընթացքում, մասնակիցների կողմից վեր հանվեցին երկու երկրների միջև առկա խնդիրներն ու դիտարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի բազմամյա փոխհարաբերությունները տարբեր անկյուններից:

Նիստը հեռարձակվում էր ուղիղ եթերում և լայնորեն լուսաբանվել է հայկական մամուլում, այդ իսկ պատճառով՝ առանց կանգ առնելու նիստի բովանդակության վրա, միանգամից ներկայացնում ենք Կոնստանտին Զատուլինի հետ հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ «Լազարյան ակումբի» նիստի ընդմիջման ժամանակ:

-Պարոն Զատուլին, «Առավոտին» օրեր առաջ տված Ձեր հարցազրույցին հետևեցին մի շարք արձագանքներ ընթերցողների կողմից, այդ թվում՝ հնչեց նաև հետևյալ հարցադրումը, թե ինչո՞ւ եք Դուք ձեր հանրային ելույթներում օգտագործում ադրբեջանահաճո «միջանցք» տերմինը:

-Եթե առյուծի վանդակին փակցրված է ցուցանակ «ճագար» մակագրությամբ, դա չի նշանակում, որ վանդակի ներսում ճագար է նստած: Իսկ ի՞նչ կասեք դուք փաստաթղթի մասին, որը կոչվում է Վաշինգտոնյան դեկլարացիա: Այստեղ (կարդում է դիմացը դրված տեքստը – Ն.Բ.) ահա ասված է. «Կողմերը պարտավորվել են շարունակել մասնակցությունը քննարկման մեջ, որը վերաբերում է Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի ապահովմանը վերգետնյա երթուղու միջոցով, ներառյալ հնարավորություն տալով Հայաստանին՝ ունենալ փոխադարձ կապ Ադրբեջանի տարածքով»: Ահա այս ձևակերպումը՝ «վերգետնյա երթուղու ապահովում», միջանցք համարել կարելի՞ է, թե՞ ոչ: Պետք չի ոչ մեկին հիմարացնել:

Փաշինյանի ընտանեկան թերթը ինձ մեղադրում է նրանում, որ վերագրել եմ այդ միջանցքի նախագծի ստեղծումը պարոն Փաշինյանին, իսկ նա կապ չունի դրա հետ: Եվ դա է պատճառներից մեկը, որ արգելել են իմ մուտքը Հայաստան: Առաջինը՝ ես պատասխանել եմ լրագրողի հարցին: Ինձ հարցրեցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանը ուզում անցկացնել միջանցք: Ես պատասխանել եմ՝ այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են միջանցքին, հասցեագրեք Հայաստանի վարչապետին, քանի որ միջանցքի լինել-չլինելու վերջնական որոշումը կախված է նրանից: Մեր՝ Ռուսաստանի տարածքով չէ, որ անցկացնելու են միջանցք, կամ ինչպես էլեգանտ կերպով ձևակերպված է այդ փաստաթղթում՝ «վերգետնյա երթուղի»:

-Պարոն Զատուլին, այսօրվա «Լազարյան ակումբի» նիստում բավականին բաց կերպով վեր հանվեցին խնդիրները, որոնք առկա են Հայաստանի և Ռուսաստանի միջև: Եթե Ձեզ տրվեր իրավասություն լուծելու այդ խնդիրները, որո՞նք կլինեին այն առաջին երեքը, որոնց կանդրադառնայիք:

-Ես կարծում եմ, որ այս ամբողջ իրավիճակի նյարդը գտնվում է Ղարաբաղի ճակատագրի ու կարգավիճակի մեջ, որպես այդ տարածաշրջանի ազգաբնակչության անվտանգության երաշխիք: Հաշվի առնելով այն իրականությունը, որը ստեղծվել է 2020 թվականից հետո, խելամիտ է չսրել իրավիճակը, մի կողմ դնել այդ հարցը և արձանագրել այդ խնդրի չլուծված լինելը այս պահին, այնպես, որպեսզի չլուծված լինելու այդ փաստը չխանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

-Իսկ Ադրբեջանը համաձա՞յն է այդ մոտեցմանը:

-Ադրբեջանը, ինչպես մենք հասկանում ենք, համաձայն չէ, չի ուզում դա: Նշանակում է՝ անհրաժեշտ է նրա վրա ճնշում գործադրել բոլոր կողմերից, որպեսզի նա համաձայնի: Մենք հիշում ենք, որ երեսուն տարի գնում էին բանակցություններ և Ադրբեջանը խոստանում էր ինքնավարություն՝ «աննախադեպ լայն իրավասություններով», ինչպես հայտարարում էին նրանք՝ նպատակ ունենալով հասնել Ղարաբաղը իրենց կազմում ներառելուն: Այսօր էլ ասում են, թե ոչ մի ինքնավարություն լինել անգամ չի կարող, և ընդհանրապես՝ ոչ մի Լեռնային Ղարաբաղ էլ գոյություն չունի: Այսինքն՝ մեր քթի տակից տանում են աղջկան, ինչպես ասացվածքում է ասվում (Ну это нам на голубом глазу просто уводят девушку, вот что происходит): Այս իսկ պատճառով՝ պետք է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ և, նախագահ Պուտինը հենց այդպես էլ դրեց հարցը երեկվա իր ելույթում:

-Իսկ հայ-ռուսական հարաբերություններում որո՞նք են առաջնային խնդիրները այս պահին, ըստ Ձեզ:

-Այստեղ հարցը փոխադարձ վստահության մեջ է, ըստ իս: Գիտեք, կարելի է ցանկացած նախագիծ իրականացնել, մարտահրավերներ դիմագրավել, հրաժարվել ինչ-որ բանից, համաձայնել ինչ-որ բանի, եթե միայն կա փոխադարձ վստահություն: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի իշխանության գործելաոճում, տեղի էր ունենում ավելի վաղ, սակայն, քողարկվում էր տարատեսակ հաճոյախոսությունների քողի տակ՝ անձնական հանդիպումների ֆոնին: Նախագահ Պուտինը դա անում էր քաղաքավարությունից դրդված՝ հասկանալով, որ Հայաստանը փխրուն է: Նա ոչ մի կերպ առիթ չի տվել կասկածի, թե խառնվում է Հայաստանի ներքին գործերին, չնայած այն փաստին, որ նա ունի անձնական կապեր և ընկերներ, դուք դա գիտեք: Չնայած այդ ամենին, նա հարաբերությունների անկյունաքար է համարում պաշտոնական շփման ոճը՝ ի ցույց դնելով, որ մենք աշխատում ենք երկրի այն իշխանության հետ, որն ընտրված է ժողովրդի կողմից: Փաշինյանը ընտրված է իր ժողովրդի կողմից: Սակայն, ստացվեց այնպես, որ այդ մոտեցումից Հայաստանի իշխանությունը հավեսի ընկավ: Տեսնելով, որ Ռուսաստանը այսօր բարդ վիճակում է, որոշեց բացել խաղաքարտերը՝ ապաուղղորդելով հանրային տրամադրությունները Ռուսաստանի դեմ, մեղադրելով նրան այն բոլոր խնդիրների մեջ, որոնք թափվում են Հայաստանի գլխին: Այսինքն, իրենց վրայից հանել պատասխանատվությունը և դնել Ռուսաստանի վրա:

-Այսինքն` գլխավոր խնդիրը տեղեկատվական – քարոզչական քաղաքականությու՞նն է:

-Խնդիրը միայն դա չէ, իհարկե: Այն ավելի խորքային է: Չի կարելի փոխել ձիերին ընթացքի ժամանակ, հայտնի ճշմարտություն է: Այսօր Հայաստանը նպատակադրված է վարվել հենց այդպես՝ այսինքն` Ռուսաստանից իջնել ու նստել Արևմուտքի վրա:

-Գիտեք, երևի այն բանից հետո, երբ հայտնի դեպքերից հետո ՀԱՊԿ-ը օգնության չշտապեց․․․

-Ինչքա՞ն ժամանակ տևեց այդ իրավիճակը:

-Վերջին միջադեպը՝ մի քանի օր:

-Իսկ ինչքա՞ն ժամանակ է շարունակվում Ռուսաստանի հատուկ օպերացիան Ուկրաինայում:

-Մոտ ինը ամիս:

-Դուք լսե՞լ եք Հայաստանի կառավարություն կողմից գոնե մեկ հայտարարություն, որը թեկուզ ակնարկով աջակցություն կհայտներ Ռուսաստանին: Դուք պահանջում եք, որ Ռուսաստանը անմիջապես մտնի ռազմական ընդհարման մեջ և միայն այդ պարագայում, հայերը կհամարեն, որ Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները:

-Կարող է հնչել պատասխան, որ Ռուսաստանը չի դիմել օգնության համար, իսկ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ:

-Լսեցեք, մեզ ի ցույց է դրվել բացարձակ անտարբերություն, եթե ոչ դավաճանություն, քանի որ մենք տեղյակ ենք, որ բրյուսելյան հարթակներում, որոշ անձինք, ես կարող եմ անուններ տալ, հայտարարել են, թե իրենք Ռուսաստանի պարտության կողմից են, քանի որ հաղթանակի դեպքում կվերականգնվի Սովետական Միությունը, իսկ Հայաստանին դա պետք չի:

-Բայց դրանք ետնաբեմի խոսակցություններ են և չեն կարող դիտվել, որպես պաշտոնական տեսակետ:

-Եվ դա ի՞նչ է, հի՞մք է, որ մենք հավատանք Հայաստանի հետ միությանը: Ձեր մոտ ի՞նչ է, տեղ է ունենում Ռուսաստանին օգնության հասնելու շարժո՞ւմ, ձևավորվո՞ւմ են կամավորական ջոկատներ՝ ռուսների հետ կռիվ գնալու, ինչպես ասենք, Ուկրաինա են գնում ֆրանսիացիները, գերմանացիները, լեհերը՝ Ռուսաստանի դեմ կռվելու: Եվ դուք ի՞նչ եք պահանջում մեզանից: Հասարակությունը կարծում է, որ դաշնակցությունը շվեդական սուփրա է՝ այս պահին մենք ուզում ենք, որ դուք մեզ օգնեք, բայց մեզանից ոչինչ մի պահանջեք:

Ահա, Հայաստանը դիմել է, ինչպես ասում եք դուք, և դրա հիման վրա այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ նիստ: Դուք պետք է ի նկատի ունենաք, որ ՀԱՊԿ-ը, այո, Ռուսաստանի կողմից ստեղծված կառույց է, սակայն, Ռուսաստանը ֆորմալ այդ կազմակերպության անդամներից մեկն է:

Ես ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչումն է խնդիրը հիմա: ՀԱՊԿ-ի ներսում ադրբեջանական լոբբի կա՝ Ղազախստանն է, Ղրղըզստանը: Մենք փորձում ենք կարգավորել այնպես, որպեսզի կարողանանք, այնուամենայնիվ, ուղարկել վերահսկող խումբ Հայաստան, սակայն, ինչքան ես տեղյակ եմ, պաշտոնական հայկական կողմը պահանջում է դեկլարացիա, որով կդատապարտեն Ադրբեջանին իր արարքի համար: Դա արդեն հիմք է, որպեսզի Ղազախստանը ասի՝ ոչ: Մենք առաջարկում ենք՝ եկեք հարցը լուծենք առանց դեկլարացիա, ուղարկենք առաքելություն, հայկական կողմը պատասխանում է՝ ոչ, առանց դեկլարացիայի չենք ուզում: Ստացվում է, միտումնավոր խնդիրը տանում են դեպի փակուղի, որպեսզի հայտարարեն, թե ՀԱՊԿ-ը ոչնչի ընդունակ չէ, Ռուսաստանը ոչնչի հասնել չի կարող, այդ իսկ պատճառով մենք դիմում ենք Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և այլն:

-Եվ ո՞րն է տրամաբանությունը:

-Քանի որ, իմ կասկածներով, ի սկզբանե նրանք նպատակ էին դրել ազատվելու Ղարաբաղից, նպատակ էին դրել ազատվելու Ռուսաստանից, ուղղակի դա հնարավոր չէր անել միանգամից: Հիմա, նրանց թվում է, որ հասել է հարմար պահը դա անելու, ահա և վերջ:

 

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hovo says:

    Վերջին 5000 տարում ռազմական դաշինք նշանակում է դաշնակցի վրա հարձակվելու դեպքում ռազմական ու քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Հիմա ինչ ուզեք կարող եք ասել ռուսների ոչինչ չանելն ու Ադրբեջանին սատարելը արդարացնելու համար, բայց մարդիկ լավ ամեն ինչ հասկանում են։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31