Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին

Ապրիլ 19,2024 15:30

Երեկ Վազգեն Մանուկյանը նամակ էր հղել Կոնստանտին Զատուլինին.

Հարգելի՛ Կոնստանտին Ֆեոդորի,

Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն էր։

Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները, նույնիսկ հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը, իմ կարծիքով, չի համապատասխանում «դաշնակից» հասկացությանը։

Անկախ նրանից, թե ինչով կավարտվի ճակատամարտն Ուկրաինայում, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի կարևոր պատերազմում՝ ցույց տալով աշխարհին Ռուսաստանի հետ դաշնակցության «հուսալիությունը», ճանապարհ է բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժումը, որը կործանարար է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի համար։

Դոմինոյի առաջին քարն արդեն ընկել է։

Գրում եմ Ձեզ սրտի ցավով՝ որպես ձեր երկրի իսկական հայրենասերի և որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի, որը հասկանում է այն ամենի հետևանքները, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։

Հարգանքով՝

Վազգեն Մանուկյան

«Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար

Հայաստանի առաջին վարչապետ (1990-91 թ.թ)

Հայաստանի պաշտպանության նախարար (1992-93 թ.թ.)

  

Կոնստանտին Զատուլինի նամակը «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանին,

 

Հարգելի Վազգեն Միքայելովիչ,

Չեմ կարող չպատասխանել Ձեր նամակին:

Տարբերություն չկա՝ բաց է այն, թե ոչ, ամեն դեպքում Ձեր նամակը վերաբերում է ամենաթանկին՝ ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների հետ կապված իմ հավատին:

Այդ երկու քրիստոնյա ժողովուրդները շատ տառապանքներ են կրել իրենց պատմության ընթացքում: Եվ Քրիստոսի պես շարունակում են տառապել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել և՛ ուրախության, և՛ վշտի պահերին: Բայց այժմ թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ կշիռ են ձեռք բերում մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ:

Դուք կշտամբում եք Ռուսաստանին այն հարցում, որ նրա պահվածքը, սկսած 2020 թվականից, «չի համապատասխանում «դաշնակից» հասկացությանը», համարում եք, որ Ղարաբաղից մեր զինված ուժերի դուրսբերումը «վերջին կետն է դնում i-ի վրա»: Դա օտար տառ է, մեր այբուբեններում դա չկա: Դուք, իհարկե, գիտեք, որ ես և ինձ նման համախոհները Ռուսաստանում առնվազն չենք ցանկացել նման վերջաբան մեր խաղաղապահ գործողությանը Ղարաբաղում: Բայց նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից և հատկապես 2022-2023 թվականներին, կանխորոշված էր:

Սա դառը ճշմարտություն է: Եվ ես չեմ ցանկանում համառոտ նամակում թվարկել պատճառներն ու առիթները՝ կրկնելով Ձեզ և հավելելով իմը: Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում: Ես էլ կարող էի այսօրվա Ռուսաստանին Ձեր հանդիմանությանը հակադարձել՝ հանդիմանելով այսօրվա Հայաստանին, բայց չեմ ուզում։

Ես ուզում եմ փրկել այն, ինչ մնացել է մեր ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի դրանք զոհ չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականությանը:

Ես չէ, որ պիտի ասեմ Ձեզ, թե ինչեր են լինում քաղաքականության մեջ: Բայց մի շտապեք թաղել հույսը, կասկածի տակ մի դրեք իմ և Ձեր հավատը. դա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի գրավականը:

Ակնկալում եմ, ինչպես միշտ, Ձեր ըմբռնումը:

Հարգանքով՝

Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, որ երբեք վարչապետ և պաշտպանության նախարար չի եղել

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930