Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունգարիայի կառավարությունը հայ ժողովրդից, բանակից ներողություն չի խնդրել այդ գործարքի համար, սա խարան էր, որը ՀՀ իշխանությունները մաքրեցին». Էդգար Ղազարյան

Դեկտեմբեր 05,2022 19:49

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ 2012 թվականի օգոստոսին Հունգարիայի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների այս քայլը, սրանով Գուրգեն Մարգարյանի հիշատակն անարգո՞ւմ են, թե՞ միեւնույն է, ժամանակի հետ պետք է հարաբերությունները վերականգնվեին, պատասխանեց. «Առաջին հերթին՝ սա ոչ միայն Գուրգեն Մարգարյանի անձի, այլ նաեւ հայ սպայի, զինվորականի պատվի հարցն է, որովհետեւ դիվանագիտական հարաբերությունների սառեցման որոշումը հենց դրանով էր  պայմանավորված, քանի որ Հունգարիայի կառավարությունը, ըստ էության, խաբեց ՀՀ իշխանություններին, որովհետեւ ՀՀ իշխանությունների հետ կար պայմանավորվածություն, վստահեցրել էին, որ Ռամիլ Սաֆարովն իր պատիժը, ցմահ ազատազրկումը ամբողջ կյանքում կրելու է Հունգարիայի բանտում: Բայց հետո գաղտնի կերպով Ադրբեջանի իշխանության հետ եկել էին համաձայնության եւ փոխանցել էին Ադրբեջանի նախագահին պատկանող օդանավով: Դրանից հետո որոշում կայացվեց սառեցնել հարաբերությունները: Ի՞նչ է փոխվել դրանից հետո՝ փոխվել է միայն իշխանությունը Հայաստանում: Նույն այդ որոշումը կայացնող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շարունակում է մնալ որպես Հունգարիայի վարչապետ, այսինքն, նույնիսկ այնտեղ կառավարության փոփոխություն տեղի չի ունեցել, Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ Իլհամ Ալիեւը, այսինքն գործարքի երկու կողմերը շարունակում են մնալ նույն մարդիկ անձնապես: Նրանցից ոչ մեկը հրապարակայնորեն չի զղջացել իր կատարած արարքի, գործողության համար: Հունգարիայի կառավարությունը Հայաստանի ժողովրդից, բանակից ներողություն չի խնդրել այդ գործարքի համար, եւ սա դիվանագիտական առումով խարան էր Հունգարիայի համար: Այդ կարգավիճակը նրանց համար նսեմացուցիչ էր, եւ նրանք ամեն կերպ փորձում էին հանել դա իրենց վրայից: Եվ դա հաջողվեց անել միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, երբ առանց որեւէ նոր հագամանքի ի հայտ գալու, առանց ներողության, առանց այդ երկրներում իշխանության փոփոխության՝ իրենք գնացին այդ քայլին: Եթե անգամ դա պետք է ինչ-որ մի ժամանակ լիներ, ապա, ես կարծում եմ, դա կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ  Հունգարիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն կխնդրեր Հայաստանից, ենթադրենք՝ Հունգարիայի խորհրդարանը մի դատապարտող բանաձեւ ընդուներ: Այսինքն, պետք է երեւար, որ իրենք իսկապես զղջում են իրենց կատարածի համար, որ իրենք իսկապես հանցանք են համարում այդ գործարքին գնալը: Եթե հիշում եք, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այդ գործարքում նաեւ ֆինանսական բաղադրիչ է եղել: Հունգարիայի կառավարությունը եվրոբոնդեր էր թողարկել, որը գնել էր Ադրբեջանը, եւ խոսքը մի քանի հարյուր մլն դոլարի մասին էր: Այսինքն, խոսքը միայն քաղաքական պայմանավորվածության մասին չէր: Դա նաեւ կոռուպցիոն պայմանավորվածությունների դրսեւորում էր»:

Հարցին՝ ՀՀ իշխանություններրի այդ քայլը կարո՞ղ է արդարացնել այն, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի վերադարձվեց, բացի այդ, անցյալ տարվա փետրվարին Հունգարիայից Հայաստան պատվիրակություն եկավ, գնացին Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, հուշագիր ստորագրեցին, պատվաստանյութ տրամադրեցին համավարակի դեմ պայքարի համար, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Այս տարի Հունգարիայի կառավարությունը նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց հայ կաթոլիկ եկեղեցուն, այս քայլերը ցույց են տալիս, որ Հունգարիան միշտ շահագրգիրռ է եղել վերականգնելու հարաբերությունները, ինքը ցանկացել է առանց քաղաքական որոշումների, նման ձեւերով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Բայց հայկական կողմը միշտ՝ մինչեւ սրանց իշխանության գալը, երբեք չի գնացել որեւէ այդպիսի գործարքի: Օրինակ, գերիների վերադարձը կարող է մեզ համար շատ զգայուն, նուրբ մարդկային բաղադրիչ ունի, բայց դա պետք է լիներ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով: Այսինքն, Հայաստանը չպետք է մնա Հունգարիայի վարչապետի միջնորդության հույսին, ՌԴ խաղաղապահների հույսին, Շառլ Միշելի հույսին, Վրաստանի վարչապետի հույսին: Մինչեւ հիմա մեր գերիները, որոնք եկել են, ո՞ւմ ջանքերով են եկել, հո Հայաստանի կառավարության ջանքերո՞վ չեն եկել: Բոլորի վերադարձի հետ կապված ինչ-որ երրորդ կողմի մասնակցություն կա: Եթե մենք նորմալ պետություն ունենայինք,  մեր գերիների վերադարձը պետք է լիներ առանց նախապայմանների՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Մեր հայրենակցուհին՝ Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանը վերադարձվեց, որովհետեւ Լիբանանի քաղաքացի էր, Լիբանանի դեսպանը գնաց Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպեց, պահանջեց, որ իր քաղաքացուն վերադարձնեն: Այդ աղջկան վերադարձրին, իսկ նրա ամուսինը մինչեւ հիմա մնացել է գերության մեջ, որովհետեւ ՀՀ քաղաքացի է»:

Էդգար Ղազարյանը նաեւ հավելեց. «Ես ինքս Լեհաստանում իմ առաքելության ընթացքում բազմաթիվ անգամներ նկատել եմ Հունգարիայի դեսպանի վարքագծում գործողություններ, որ ցանկացել է մեզ հետ շփումներ ունենալ, բայց ես ոչ մի անգամ Հունգարիայի դեսպանության միջոցառման չեմ մասնակցել ու ոչ մի անգամ չեմ հրավիրել իրենց դեսպանին մեր ազգային տոնի ընդունելությանը, կամ այլ դիվանագիտական միջոցառումներին: Իսկ այս իշխանությունների քայլը նաեւ ադրբեջանաթուրքական պահանջ է իրենց նկատմամբ, որովհետեւ Հունգարիայի կառավարությանն այդ հանցանքի մեջ ներքաշել են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան, եւ հիմա իրենք են նաեւ ստիպում ՀՀ իշխանություններին, ոնց որ մնացած բոլոր հարցերում, օգնել Հունգարիայի կառավարությանը՝ մաքրելու իրենց վրայից այդ խարանը: Եվ դա անում են մեր ժողովրդի, մեր զինվորականների, մեր սպաների պատվի եւ արժանապատվության հաշվին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031