Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան․ «Ադրբեջանը կարծում է, որ ՌԴ-ի հետ սակարկությունների միջոցով կարող է հասնել իր ուզածին»

Փետրվար 28,2023 22:44

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանին հաճո հայտարարություններ է արել։ Այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լավրով-Բայրամով ասուլիսին, ասաց, որ տպավորությունն այնպիսին է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում են նախորդ տարի ստորագրած այս երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի հիման վրա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանին ապակառուցողական լինելու մեղադրանքին, ապա քաղաքագետն ասաց՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության պայմանագրի տարբերակով Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախի հիմնախնդրից եւ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից, իրականացվի սահմանազատում եւ սահմանագծում, ապա ստորագրվի խաղաղության պայմանագիրը․«Հայկական կողմը, բնականաբար, դեմ է դրան, չի հրաժարվում Արցախի հիմնախնդրից։ Ադրբեջանն ասում է՝ դա իմ ներքին գործն է, Հայաստանը չպետք է խառնվի։ Այստեղ կան տարաձայնություններ։ Բայրամովի ասածն այն է՝ որ իրենք կորոշեն երբ եւ ինչպես  կլուծեն կամ կխոսենք Արցախի ժողովրդի հետ, կամ  ընդհանրապես կարող է չխոսեն»։

Ասուլիսում Լավրովն անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին,  ասել է՝  Լաչինի միջանցքի  գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի ամենաառաջին եռակողմ հայտարարությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների,  քաղաքացիական անձանց համար, այնտեղ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ։

Այս առնչությամբ Վարդանյանը նշեց՝  Ադրբեջանը պնդում է, որ միջանցքում մաքսակետ տեղադրվի, իրենք էլ վերահսկեն անցուդարձը, ու ստիպեն Հայաստանին, որ հայկական բեռները ստուգվեն․«Ռուսական կողմը, դատելով իրենց հայտարարություններից, կողմ է, որպեսզի ինչ-որ ռենտգեն սարքավորումներ տեղադրվեն,  բայց ոչ մաքսակետ։ Մեքենաները ստուգեն ռուսներն այդ ռենտգեն սարքավորումով։  Եւ կարծես թե  այս  հարցով բանակցությունները շարունակվում են»։

Լավրովը նաեւ անդրադարձել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերին եւ ներգրավվածությանը։ Բաքվում արված այս հայտարարությունների վերաբերյալ Վարդանյանն իր տեսակետն ունի, ասաց, որ Ռուսաստանի նպատակն է միշտ եղել իր ձեռքը վերցնել  գործընթացը, արեւմուտքին դուրս մղել այս գործընթացից․«Ընդ որում, դա նաեւ բխում է Ադրբեջանի շահերից։  Իրենք կարծում են, որ Ռուսաստանի հետ ավելի հեշտ լեզու կգտնեն, քան արեւմուտքի։ Ադրբեջանը կարծում է, որ ՌԴ-ի հետ սակարկությունների միջոցով  կարող է հասնել  իր ուզածին։  Դրա համար էլ այս երկու երկրների   դիրքորոշումները համընկնում են եւ պատահական չեն Լավրովի եւ Բայրամովի  ջղագրգիռ հայտարարությունները դիտորդների հետ կապված։ Դրանք ցույց են տալիս, որ իրենց ծրագրերն այս առումով պահպանվել են՝ իրենք չեն ուզում այստեղ լինեն դիտորդներ։ Այս առումով կարող ենք համարել, որ հայկական դիվանագիտությունը կարող է խափանել նրանց մտադրությունը։ Նրանք ուզում են խոցելի Հայաստան ունենալ, որպեսզի զիջումներ կորզեն Հայաստանից»։

Լավրովը, ի պատասխան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի հարցին,  ըստ որի  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ երբ Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»,  ասել է՝  հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին։

Սա, ըստ Վարդանյանի, դիվանագիտական պատասխան էր, իսկ Փաշինյանի հայտարարությունն, ըստ քաղաքագետի, ուշագրավ էր այն առումով, որ ավանդական այն պատկերացումները, որ ՌԴ-ն այստեղ ռազմական ներկայություն ունի, հարցեր է լուծում, այնքան էլ այդպես չէ․«Նա ասում է՝ դուք այստեղ եք, պետք է զսպող գործոն լինեք Ադրբեջանի համար, եթե այդ զսպող գործոնը չկա, ես պետք է  այլ քայլեր դիմեմ, դիտորդներ բերեմ։ Կարողանում եք, դուք զսպեք, ոչ, բերում եմ դիտորդներին, իրենք այդ գործը կանեն։ Սա  Փաշինյանի ձիով քայլն էր, որը անհարմար  դրության մեջ է գցել ՌԴ-ին եւ Ադրբեջանին, որովհետեւ ռուսներն ուզում էին այստեղ լինեն, ու կրկնեմ՝ Հայաստանը ունենա խոցելի սահմաններ եւ ամեն  վայրկյան կարողանա սահմանային բախումներ հրահրել Ադրբեջանի միջոցով, որպեսզի Հայաստանից ինչ-որ բաներ կորզի»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728