Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս գործընկերները ներկայացրին իրենց հարցումների արդյունքները՝ որպես ռազմավարական գործընկեր Հայաստանը գտնվում է Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից հետո՝ 5-րդ տեղում»․ Գևորգ Պողոսյան

Մայիս 25,2023 19:55

«Ակտիվություն նկատվում է, քանի որ ՌԴ-ն էլ է սկսել ավելի շատ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ իրենք այս տարածաշրջանում զիջում են»,- Aravot.am-ի հարցին՝ այս փուլում, երբ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հայ հասարակությունում տարըմբռնումներ կան, այսպիսի գիտաժողովներն ի՞նչ խնդիր են լուծում, այսպես պատասխանեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:

Գևորգ Պողոսյանն ասաց նաև, որ այսպիսի գիտաժողովներ ամեն տարի կազմակերպում են՝ հիմնականում ՌԴ-ում և այլ երկրներում են կազմակերպել, այս տարի՝ արդեն ՀՀ-ում։

Նշենք՝ մայիսի 25-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ռուսաստանը և աշխարհը: Երկխոսություններ 2023: Նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (ՀԶԱՀԻ):

Այն յոթերորդ գիտաժողովն է, որի տարածաշրջանային հարթակ առաջին անգամ դարձել է Երևանի պետական համալսարանը:

Գիտաժողովին մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ ու փորձագետներ Երևանից, Մոսկվայից և Թբիլիսիից:

Գևորգ Պողոսյանն ասաց՝ իրենց կատարած բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություները բարդ, տուրբուլենտ ժամանակաշրջանում են հայտնվել։ Այս մասին Գևորգ Պողոսյանը նաև նշեց իր զեկույցում։

Մեր զրույցում մանրամասնեց․ «Մեր տվյալներով՝ միշտ բարձր է եղել ՌԴ-ի նկատմամբ վստահությունը և ընկերական, բարեկամական հարաբերություններում ամենաբարձրը ՌԴ-ն է եղել բոլոր հարցերում՝ էներգետիկ, անվտանգության հարցերում, ընդ որում, 20-30 տարվա ընթացքում։ Վերջին երեք տարիներին մենք տեսնում ենք, որ նվազում է։ Հատկապես անվտանգության հետ կապված, ինչքան էլ անսպասելի է, Իրանն է առաջին տեղում, Ֆրանսիան, հետո ՌԴ-ն, ինչը երբեք չի եղել։ Պատերազմից հետո որոշակի փոփոխություն եղավ հասարակական կարծիքում, և դա ոչ միայն պատերազմի պատճառով էր, այլև հակառուսական քարոզչության, որն ամբողջ աշխարհում է գնում։ Դա, իհարկե, նաև Հայաստան է մտել, նաև այլ երկրներ՝ Վրաստան, Ուկրաինա առավել ևս, Մոլդովա։ Բայց  ՀՀ-ում մենք տեսնում ենք, որ շատ ուժեղ քարոզչություն է գնում հակառուսական, և դա իր ազդեցությունն ունենում է։ Երևի սա տեսնելով՝ մեր ռուս գործընկերներն էլ հասկացան, որ պետք է ավելի շատ ակտիվանալ այս ուղղությամբ։ Այդ քարոզչությունը բոլոր դեպքերում ազդելու է մեր հարաբերությունների վրա»։

Մեր հարցին՝ ռուս գործընկերնե՞րն էլ նույն անհանգստությունն ունեն, Գևորգ Պողոսյանը պատասխանեց․ «Իրենք իրենց մոտ հարցումներ են անցկացնում և իրենք էլ են նկատել, որ Ռուսաստանում էլ ՀՀ-ի նկատմամբ է վերաբերմունքը մի քիչ փոխվել։ Եթե առաջներում ՀՀ-ն անվերապահորեն ընկալվում էր՝ որպես  ռազմավարական գործընկեր, հիմա նայեցի իրենց վերջին հարցումները, որոնք իրենք ներկայացրին, այդտեղ ՀՀ-ն գտնվում էր Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից հետո՝ 5-րդ տեղում։ Մինչդեռ նախկինում, եթե առաջինը չէինք, անպայման Բելառուսից հետո երկրորդն էր Հայաստանը։ Սառնությունը կամ հարաբերությունների փոփոխությունը իրենց մոտ էլ են նկատել և իրենց մոտ էլ դա անհանգստություն էր առաջացրել։ Իմ ընկալումն այն էր, որ իրենք էլ են մտահոգված, թե դա ինչու է այդպես։ Չնայած ինձ համար պարզ է, որ այդպես պիտի լիներ։ Հիմա ուրախ եմ, որ իրենք էլ են նկատում՝ ահագին բաներ բարձիթողի է եղել նաև իրենց կողմից։ Դրականն այն է, որ իրենք սկսել են ընկալել՝ սա ոչ միայն ՀՀ-ի կողմնորոշումն է, թեկուզ քաղաքական վերնախավի կողմնորոշումն է, այլ ոչ թե ժողովրդի, այլև իրենց բացթողումն է։ Սա, եթե քաղաքական կտրվածքով նայենք, միակ դրականն այն է, որ սկսել են ընկալել՝ իրենք էլ շատ անելիքներ ունեն, որ չեն արել։ Երևի ուշացումով, բայց պետք է անեն»։

Գևորգ Պողոսյանն ասաց՝ փաստել է՝ այսօրվա աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքը Ռուսաստանում է՝ 2,5 միլիոն հայություն, այն դեպքում, երբ ՀՀ-ում 2,9 միլիոն ենք։ Այս առիթով ասաց․ «Համարյա հավասար համալրելի ցուցանիշներ են, և սա եզակի երևույթ է։ Եվ մենք ո՞նց կարող ենք մեզ հավասար հայության հետ, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, մեր հարաբերություններն այս աստիճան վատացնել։ Դա վատ է ոչ միայն մեզ, այլև այնտեղի հայության համար»։

Նրա համար հետաքրքիր էր, որ Վրաստանից երկու ներկայացուցիչ մասնակցում էր գիտաժողովին, մինչդեռ մոտ 3-4 տարի Վրաստանից նման հավաքվերում մասնակից չէին ունեցել․ «Նույնիսկ Վրաստանը հիմա հասկանում է, որ առանց ՌԴ-ի հետ նորմալ հարաբերությունների չեն կարող։ Վրաստանը առանց ՌԴ-ի չի կարող նորմալ զարգանալ՝ էլ չեմ ասում ՀՀ-ի մասին, որը ոչ մի սահման չունի ՌԴ-ի հետ, այլևս մեր միակ ճանապարհը Վրաստանի երկաթգիծն է։ Նշում էին, որ Վրաստանում խոսում են այն մասին, որ երկաթգիծը պետք է վերաբացել։ Իհարկե, սա ավելի տնտեսական շահերից է բխում, բայց չէ՞ որ տնտեսական շահերը նաև մեր բոլորի շահերն են։ Սա կարելի է սառեցման մթնոլորտում դրական թրենդ համարել։ Սկսել են հասկանալ, որ մենք իրենց ենք պետք, իրենք՝ մեզ»։

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան ՀԶԱՀԻ-ի տնօրենի տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան, Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, Ետխորհրդային երկրների հետազոտության կենտրոնի տնօրեն, «Ետխորհրդային հետազոտություններ» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Կուրիլյովը և ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային «Վալդայ» բանավիճային ակումբի փորձագետ, միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերակցության իսկական անդամ Իգոր Մատվեևը:

Վրաստանից գիտաժողովին մասնակցում են Եվրասիայի ինստիտուտի տնօրեն, ճանաչված վրաց հասարակական գործիչ Գուլբաատ Ռցխիլաձեն և Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Էլիզբար Էլիզբարաշվիլին: Տեղի ունեցան նաև կլոր սեղան-քննարկումներ «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում», «Հայաստանը և Ռուսաստանը` ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր» թեմաներով:

Հայկական կողմից գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, Շիրակի պետական համալսարանի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Ասոյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Ժակ Մանուկյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:

Գիտաժողովի շրջանակում պատվոգրեր և գովասանագրեր հանձնվեցին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն, արդի վիճակ և տեսանելի հեռանկարներ» խորագրով երիտասարդ գիտնականի և ասպիրանտի լավագույն հոդվածի ու լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթների մրցանակակիրներին:

Լուսանկարը՝ ԵՊՀ-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031