Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի հանկարծակի կանգից մեկ օր առաջ․ նոր հետազոտությունն առանձնացրել է մոտալուտ վտանգի մասին հուշող ախտանշանները

Սեպտեմբեր 08,2023 09:30

Իրականում սրտի հանկարծակի կանգն այնքան էլ հանկարծակի չէ։ Նոր հետազոտությունում նշվում է, որ սրտի հանկարծակի կանգ ունեցած մարդկանց 50 տոկոսի մոտ դեպքից 24 ժամ առաջ բնորոշ ախտանշաններ են նկատվել, ընդ որում կանանց ու տղամարդկանց մոտ այդ ախտանշանները տարբերվել են։

Սրտի հանկարծակի կանգից առաջ կանանց մոտ արտահայտված հևոց է նկատվել, տղամարդկանց դեպքում ավելի բնորոշ է եղել կրծքավանդակի ցավն ու ճնշման զգացումը։ «Այս տագնապալի ախտանշանները կապված են սրտի հանկարծակի կանգի հետ, և կախված են սեռից»,- նշել է Լոս Անջելեսի Սրտի ինստիտուտի կենտրոնի բժշկական գծով տնօրեն Սումիտ Չուն, որը հետազոտության հեղինակն է։

Հետազոտությունը հրապարակվել է օգոստոսի 26-ին The Lancet Digital Health ամսագրում։

Սովորաբար մարդկանց մեծամասնությունը մահանում է սրտի հանկարծակի կանգից, եթե այն տեղի է ունենում հիվանդանոցային պայմաններից դուրս։ Իսկ նախանշանների տարբերակումը մարդկանց պայքարելու հնարավորություն կտա։

ԱՄՆ սրտի, թոքերի ու արյան ազգային ինստիտուտի տվյալներով, ամեն տարի մոտ 450 000 ամերիկացիներ են մահանում սրտի հանկարծակի կանգից։

Հետազոտողները պարզել են, որ սրտի կանգից առաջ մարդկանց ավելի փոքր խմբում նկատվել են սրտի ռիթմի արագացում, նոպայանման ակտիվություն և գրիպի ախտանշաններ։

Չուն, իհարկե, նշում է, որ կրծքավանդակի շրջանում ցավն ու հևոցը ոչ միշտ են նշանակում, որ մարդը կանգնած է սրտի կանգի եզրին։ Սակայն եթե այդ ախտանշաններն առաջանում են մարդու մոտ, որը զարկերակային բարձր ճնշում, դիաբետ կամ սրտի հիվանդություն ունի, ապա դրանք ամենևին էլ պետք չէ անուշադրության մատնել։

Բժշկի խոսքով, ապագայում հավելվածներն ու խելացի ժամացույցները ավելի կպարզեցնեն խնդիրը՝ թույլ տալով հայտնաբերել մարդկանց, որոնք սրտի հանկարծակի կանգի ռիսկի գոտում են գտնվում։ Իսկ մինչ դրանք կմշակվեն, Չուն խորհուրդ է տալիս կրծքավանդակի ցավի ու հևոցի դեպքում կանչել շտապ օգնություն, հատկապես եթե առկա են հիշյալ ռիսկի գործոնները։

Սրտի հանկարծակի կանգը բժշկական անհետաձգելի միջամտություն պահանջող ամենածանր իրավիճակներից մեկն է։ Դա տեղի է ունենում, երբ սրտի էլեկտրական համակարգը շարքից դուրս է գալիս՝ հանգեցնելով սրտային դիսֆունկցիայի, երբ սիրտը չի կարողանում արյուն մատակարարել կենսականորեն կարևոր օրգաններին։

Սրտի կանգից հետո առաջին 2-3 րոպեի ընթացքում իրականացված սիրտ-թոքային վերակենդանացումը թույլ կտա հետաձգել հյուսվածքների մահն ու հնարավորինս երկարացնել ժամանակը հաջող վերակենդանացում կատարելու համար ՝ առանց ուղեղի մշտական վնասվածքների։

Սրտի հանկարծակի կանգ կարող են առաջացնել հետևյալ հիվանդություններն ու վիճակները՝

  • Սիրտ-անոթային հիվանդությունները, երբ արյունատար անոթները նեղանում և խցանվում են։
  • Կանգային սրտային անբավարարությունն ու սրտի փականների հետ կապված խնդիրները, ինչպիսին աորտալ ստենոզն է։
  • Կարդիոմիոպաթիաները, որոնց դեպքում ինչ-ինչ պատճառներով սրտամկանը պատշաճ ձևով չի կծկվում։
  • Միոկարդիտը, որը սրտամկանի բորբոքումն է։
  • Բնածին արատները
  • Թոքային էմբոլիան․ զարկերակի մակարդուկով խցանումը, որը ձևավորվելով ձեռքերի կամ ոտքերի հատվածում, արյան շրջանառության միջոցով տեղափոխվում է դեպի թոքեր։
  • Կրծքավանդակի վնասվածքը, որը կարող է տեղի ունենալ, օրինակ, ավտովթարի ժամանակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ The Lancet Digital Health, Aug 26, 2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930