Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը նմանվում է մեղվափեթակի, որը մայր չունի․ երբ մեղվափեթակում մայր չի լինում, այլասերվում է»․ ներդրումներ Սյունիքում՝ չնայած անվտանգային խնդիրներին

Հոկտեմբեր 23,2023 10:53

Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Իշխանյանը, չնայած դժվարություններին, փորձում է զարգացնել մեղվաբուծության իր բիզնեսը։ Արտադրության ընդլայնում, լաբորատոր փորձաքննությունից հետո հետագայում նաեւ արտահանում, այս նպատակներն է սահմանել իր համար։ «Մեղվաբուծությունը մեզ մոտ ընտանեկան է եղել, ես փոքր եմ եղել, այն ժամանակներից հիշում եմ, որ մենք միշտ մեղու ենք ունեցել։ Հայրս ասում էր՝ մեղուն մարդուն չի հարստացնում, բայց անընդհատ գրպանդ փող է լինում։ 2000 թվականին հորս մահից հետո հիմնականում ես եմ զբաղվել մեղուների խնամքով»,- լրագրողների հետ զրուցում ասում է Արմեն Իշխանյանը։ Այսօր նա 40 փեթակ ունի, ասում է՝ եթե ուզում ես արդյունքի հասնել, գոնե 60-70 փեթակ պետք է ունենաս։ Նա Սյունիքի բնակիչներին խորհուրդ է տալիս, որ ամեն ընտանիք գոնե 2-3 մեղվափեթակ ունենա, ինչը թույլ կտա այսօր հոգալ սոցիալական խնդիրները, քանի որ անվտանգային խնդիրների հետեւանքով անասնապահության ծավալները Սյունիքի գյուղերում 2020 թվականի պատերազմից հետո էապես կրճատվել են։ Իսկ այս տարածաշրջանի գյուղերում բնակչության հիմնական եկամտի աղբյուրը հենց անասնապահությունն էր։

Իշխանյանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «EU4IMPACT Armenia/ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շահառու է։ Ծրագրի շրջանակներում ստացած դրամաշնորհով նախատեսում է ավելացնել մեղվափեթակների թիվը։

Սյունիքի մարզում գործունեություն ծավալող ձեռներեցներին այսօր առաջին հերթին մտահոգում են անվտանգային հարցերը, բայցեւ չեն ընկճվում։ «Սյունեցիները միշտ ուժեղ են եղել եւ ուժեղ լինելու են, ուղղակի մեզ մի քիչ պետք է օգնեն։ Ես անձամբ այստեղից չեմ պատրաստվում հեռանալ, բայց դժվար է, մեղուն դնում եմ դաշտում, 3 կիլոմետրի վրա դիրքեր են, իմ տանից 10 կմ հեռավորության վրա դիրքեր են»,- ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հաջողության հասնելու համար համախմբվել է պետք։ Նա Հայաստանը համեմատում է մայր չունեցող մեղվափեթակի հետ։ «Մեր երկիրը նմանվում է մեղվափեթակի, երբ մեղվափեթակում մայր չի լինում, ինքը այլասերվում է։ Դրա համար ուրիշ տեղից ձու են բերում դնում, օգնում են, որ մայր հանի, որպեսզի փեթակը գա նորմալ հունի։ Հիմա մենք այդ վիճակում ենք, մարդկանց ինչ հարց տալիս ենք, նախկինների մասին են խոսում։ Նախկին-ներկա չպետք է անել, բոլորս էլ հայ ենք, լավ եք աշխատում, աշխատեք, ի՞նչ կապ ունի, թե ինչ կուսակցության անդամ եք։ Մենք ներսում չունենք այդ ուժը, համախմբվածությունը, որ կարողանանք դրսի թշնամու դեմ պայքարել»,- նշեց նա։

Այնուհետեւ Իշխանյանը հավելում է, որ հայ ազգը ներուժ ունի, հնարավոր է ոտքի կանգնել։ «Մենք միշտ իրենցից ուժեղ ենք եղել, երբեք իրենց առաջ չենք խեղճացել։ Հիմա, եթե մեկը աքլորի նման քայլում է, չի մտածում, թե հետո իր գլխին ինչ է գալու։ Մարդիկ սա չեն մոռանալու, ինքը թող չմտածի, որ դա անցնելու ու գնալու է։ Մենք ուժեղանալու ենք, պատրաստվելու ենք հաղթանակի»,- ասում է նա։

Գորիս քաղաքի բնակիչ Կարեն Ջավահիրյանը, որը տուրիզմի ոլորտում է գործունեություն սկսել, նույնպես Սյունիքի անվտանգային հարցերը առաջնային է համարում, բայց եւ ասում է, որ դա չի խոչընդոտելու, որպեսզի ինքը հրաժարվի ներդրումներ կատարել հայրենիքում։ Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ անվտանգային խնդիրների պատճառով Սյունիքի մարզում զբոսաշրջային հոսքերը կնվազեն, իր բիզնեսը չի աշխատի, Կարեն Ջավահիրյանը պատասխանում է․«Մտավախություն ընդհանրապես չունեմ, չի կարող այդպիսի բան լինել, որ Սյունիքը հայկական չլինի, Հայաստանի մաս չլինի։ Գուցե այս գործընթացները տուրիզմի վրա ազդում են, բայց տուրիզմը համարվում է այն ոլորտը, որ հենց անվտանգային հարցերը կարգավորվեն, տուրիստները նորից կգան։ Ես նկատում եմ, որ Գորիսում շատ զբոսաշրջիկներ կան, վերջին շրջանում նաեւ էկոտուրիզմն է զարգանում։ Վստահ եմ, որ մենք այստեղ ապրելու ու արարելու ենք։ Գորիսը որպես տուրիստական կենտրոն է, Համաշխարհային բանկի միջոցներով այսօր պատմական Գորիսը վերանորոգվում է»,- հավելում է նա։

Կարեն Ջավահիրյանը Գորիսից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին, Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության եւ ծովի մակերեւույթից 1650 մետր բարձրության վրա, եղեւնիների անտառի մոտ էկոտուրիզի գոտի է կառուցում։ Արցախի հանձնումից հետո դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհն այլեւս մարդաշատ չէ, բայց չի ընկճվում։ «Իմ երազանքը տուրիստական հանգրվան կառուցելն է, որտեղ մարդիկ կարող են գալ, հանգստանալ։ Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն կգործի նաեւ, Գորիսի տեսարժան վայրերին կծանոթացնենք մարդկանց։ Նախատեսում եմ գոնե ապրիլ ամսին սկսել գործունեությունը՝ հաշվի առնելով, որ տուրիզմի սեզոնը մոտ 6 ամիս է տեւում»,- ասաց նա։ Հավելում է, որ 28 մլն դրամ գումար է ծախսել մինչ օրս իր բիզնեսի ստեղծման համար, եւս 5 մլն դրամ ներդրում անելուց հետո հնարավոր կլինի սկսել գործունեությունը։ Մասնակցելով վերոնշյալ ծրագրին՝ շահել է 3,5 մլն դրամ դրամաշնորհ։

Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու բնակավայրում Գարեգին Միրզոյանը 2,7 հեկտար տարածքի վրա տանձի եւ սալորի ինտենսիվ այգի է հիմնել՝ կաթիլային ոռոգման համակարգով։ Նա Ռուսաստանի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ 2020 թվականի պատերազմի օրերին, եւ որոշել է հաստատվել հայրենիքում։ Տուն է գնել Աղիտու համայնքում, հիմնել է այգին եւ նախատեսում է նաեւ «խելացի» անասնագոմ կառուցել։

Այգու հիմնման աշխատանքները ժամանակավոր դադարեցրել էր 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում էր գործել։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հրետակոծության հետեւանքով վնասվել էր նաեւ Սիսիանի Աղիտու բնակավայրի գազատարը, որն անցնում է Նորավան գյուղի տարածքով։ Այսինքն՝ Աղիտուն եւս ադրբեջանական թիրախում գտնվող գյուղերից է։ «Առաջին բերքը մենք սպասում ենք հաջորդ տարի, իսկ 2025 թվականից արդեն կունենանք արտադրական նշանակության բերք։ Կանխատեսում եմ, որ 2025 թվականին մեկ հեկտարից 15-20 տոննա բերք կարող ենք ունենալ։ Ներդրումը մեկ հեկտարի համար մոտ 30 մլն դրամ են կազմել՝ ներառյալ հակակարկտային ցանցը։ Ծրագրի շրջանակներում 4 մլն դրամ դրամաշնորհ եմ ստացել, որն ուղղվել է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը»,- ասում է նա։

Ռիսկային գոտում ինչպե՞ս է համարձակվում ներդրում անել, հարցին Գարեգին Միրզոյանը պատասխանում է․ «Այդ հարցերն ինձ 2020 թվականից տալիս են։ Ես Կրասնոդարում բիզնեսս վաճառում էի, որ տեղափոխվեի Հայաստան, շատերն ասում էին՝ սպասիր, տեսնենք ինչ է լինում։ Երբ ուզում էի այստեղ ներդրում անել, ոմանք ասում էին, սպասիր, կարող է Սյունիքն էլ են տալիս։ Մենք մեր երկրում ենք ապրում, ո՞վ պետք է տա, ի՞նչ պետք է տա։ Ես իմ գալով ու ներդրումներով իմ լուման եմ փորձում ներդնել, որ Սյունիքը չենք տալու։ Մենք պետք է մեր հայրենիքը պահելու մասին մտածենք, ես այստեղ ներդրում եմ անում եւ դրանով ուղերձ եմ հղում, որ նաեւ պաշտպանելու եմ իմ հայրենիքը»։

«EU4IMPACT Armenia/ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվում միգրանտներին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով։ 2021 թվականից առ այսօր իրականացվել է ծրագրի երեք փուլ, մասնակցության հայտ է ներկայացրել 300 դիմորդ: Առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Շահառուները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը, բիզնես գաղափարները բազմազան են, ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Ծրագրին կարող են մասնակցել նաեւ Արցախից բռնի տեղահանված անձինք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031