Լրահոս
Օրվա լրահոսը

Նա ղեկավարում էր երկիրը ելնելով գիտնականի իր պատրաստությունից. Գագիկ Սարգսյան

Հունվար 09,2024 13:11

Իմ առաջին գիտական ծանոթությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ տեղի է ունեցել Լենինգրադում, որտեղ նա, անցնելով ասպիրանտուրան հայտնի ասորագետ Ն.Վ. Պիգուլեվսկայայի ղեկավարության ներքո՝ պիտի դիսերտացիա պաշտպաներ: Լենինգրադի համալսարանը հրավիրել էր ինձ ընդդիմախոսելու: Թեզը սրտիս մոտ էր, պաշտպանողը՝ 26-ամյա հաճելի երիտասարդ, որին ճանաչում էի դեռ հորիցս՝ Խորեն Սարգսյանից, որի՝ Գրականության ինստիտուտում ղեկավարած բաժնից էր գնացել Լեւոնը Լենինգրադի ասպիրանտուրա: Նա դարձել էր հայագետ-ասորագետ, ես էլ հայագետ-ասուրագետ էի: Մի տառի տարբերությունը նշանակում էր, որ Լեւոնը զբաղվում էր Ասորիքի նյութերով (միջնադար), իսկ ես՝ Ասորեստանի սեպագրով (հին շրջան):

Լեւոնը հաջողությամբ էր ընթանում իր բարդ, բանասիրական հանելուկներով լի բնագավառում: Մի քանի նրա գործերի բնորոշ վերնագրեր հանդես են բերում «բանասիրություն» կոչվող գիտությունների փնջի նրան հատուկ ընդարձակ ընկալումը: Այսպես, լեզվի մասնավոր խնդիրներից («Միջին հայերենի հնչյունաբանությունը ըստ ասորական աղբյուրների»), աղբյուրագիտությունից («Գրիգոր Լուսավորչի վարդապետության ասորական աղբյուրները») եւ թարգմանություններից («Անանուն Եդեսացու Ժամանակագրությունը») մինչեւ միջնադարյան գրական գործընթացի պարբերացում («Հայ հին թարգմանական գրականություն»), որն արդեն համարյա պատմագիտական խնդիր է, եւ մինչեւ բուն պատմություն («Ասորիների դերը հայկական Կիլիկիո մշակութային կյանքում»): Այսպիսի ընդարձակ ընդգրկում ունեն Տեր-Պետրոսյանի 70-ից ավելի հրատարակված աշխատությունները:

Մասնագիտությունների նմանության ու տարբերության հանգամանքով ունեցել ենք փոխադարձ գիտական կոնսուլտացիաներ, ըստ որում նրա տված տեղեկությունները միշտ ճշգրիտ ու սպառիչ էին՝ աղբյուրի հղումով եւ մասնագիտական անհրաժեշտ պարզաբանմամբ:

Ամեն ինչ ընթանում էր իր կարգով, 1987-ին Տեր-Պետրոսյանը նույն Լենինգրադում պաշտպանեց դոկտորականը: Նրա ճանապարհը տանում էր դեպի ակադեմիական կոչումներ…

Հինգ տարի է ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է, առաջին նախագահը, եւ թվում է, թե ամբողջ կյանքում նախապատրաստվել է այս գործին: Գաղտնիքն, անշուշտ, նրա հոգեկան կերտվածքի, բնավորության մեջ է: Կարող եմ ասել, որ դրանց երկու կողմը գրեթե անակնկալ էին՝ չէի դիտել մեր շփումների ժամանակ: Երեւի թաքնված էին՝ գիտնականի համար առաջնահերթ նշանակություն չունենալու պատճառով: Դրանցից մեկը հաստատակամությունն է, մյուսը՝ վճռականությունը, դժվարին, ճգնաժամային պահերին, արագ, կտրուկ եւ ոչ ստանդարտ քայլեր անելու ունակությունը:

Սակայն բնավորությունից զատ, գաղտնիքը նաեւ այլ, նույնքան էական, բացատրություն ունի: Խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը որոշ իմաստով, իսկապես, շարունակում է նախորդած շրջանի իր զբաղմունքը՝ գիտական աշխատանքը: Նա ղեկավարում է երկիրը, ելնելով, կամա թե ակամա, կամ երկուսն էլ միասին, գիտնականի իր պատրաստությունից:

Իսկ ո՞րն է այդ՝ գիտնականի պատրաստություն կոչվածը: Գիտնականն առանձնանում է որոշակի հատկությունների ուրույն զուգակցմամբ, հատկություններ, որոնք, այլ կազմով, կարող են լինել եւ ուրիշ բնագավառի մարդկանց մոտ: Դրանցից է դիտողականությունը, առկա փաստերի հորձանքի մեջ ճիշտ կողմնորոշվելու, նրանց զարգացումն ու առանձնահատկությունը տեսնելու եւ հարցերին նրանց պատասխանելու կարողության չափը ստույգ պատկերացնելու ունակությունը: Դրանցից է գիտական, այսինքն անաչառ, ոչ միտումնավոր տրամաբանությունը, առկա տվյալները վերլուծելու կարողությունը՝ գիտական աշխատանքի հաջողության առաջին նախապայմանը: Ի վերջո, փաստարկման, սինթեզելու, եզրակացնելու ունակությունը, որը պսակում է գիտնականի աշխատանքը.

Ահա, գիտական բարձրագույն աստիճանին՝ դոկտորությանը հասնելու իր ճանապարհին, Տեր-Պետրոսյանը հասցրել է կուտակել այդպիսի հատկությունների բավականաչափ պաշար, որը եւ դրսեւորվում է նրա նախագահական գործունեության մեջ, հաղորդելով վերջինիս համաչափ ընթացք, հետեւողականություն, ապագայի կանխատեսում:

Բացի գործունեությունից այն դրսեւորվում է նաեւ Տեր-Պետրոսյանի տարբեր առիթներով ունեցած ելույթների ու արտասանած ճառերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը գիտական աշխատության շատ տարրեր է պարունակում: Դրսում դրանք միշտ հստակ ու ամփոփ են, եւ տալիս են պատմական պահի ցայտուն գնահատականը: Հիշենք նրա ելույթը Մոսկվայում՝ ս/թ. մարտի 15-ին Ռուսաստանյան դումայի ընդունած որոշման առիթով: Այդ ելույթը Մոսկվայի հեռուստատեսությունը մի քանի օր շարունակ ճաշակում էր: Ներսում նրա ելույթները ծրագրային են, համապարփակ եւ ավարտուն, տալիս են երկրի իրավիճակը, առանց մեղմացման եւ անիրականանալի խոստումների:

Եթե անդրադառնանք բուն իրավիճակին, երկրի զարգացմանը հինգ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանի ղեկավարության ներքո, ապա այն օբյեկտիվ գնահատելու համար պետք է դիտարկել անպայման ԱՊՀ մյուս երկրների, մասնավորապես, մեր հարեւանների առկա իրավիճակի հետ համեմատության մեջ: Այլապես գնահատականները քմածին ու վերացական կմնան: Հայաստանը մյուսների մեջ աչքի է ընկնում իր ներքին եւ արտաքին կայունությամբ, ներառելով նույնիսկ Ղարաբաղյան հիմնահարցը: Արտաքին տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը քայլ առ քայլ ամրապնդվում են: Ինչ վերաբերվում է կենսամակարդակի հիմնահարցին, ապա սա, իհարկե, կա եւ մնում է, բայց նրա սրությունը, թեեւ դանդաղորեն, նվազում է: Այստեղ եւս չենք կարող չդիմել համեմատությունների: Համեմատենք, նախ 1996-ը եւ 1992-ը՝ իր անասելի դժվարություններով՝ ցրտով, խավարով ու թերսնմամբ: Մյուս կողմից, դարձյալ անդրադառնանք շրջապատի երկրներին, որոնք, հակառակ իրենց ավելի նպաստավոր պայմաններին (բաց ճանապարհներ, բնական գործոններ), այսօր հազիվ թե ավելի բարգավաճ կյանք են վարում:

Առկա իրավիճակը ԽՍՀՄ-ից ծնունդ առած ԱՊՀ բոլոր երկրների համար պատմության անխուսափելի ընթացքի արգասիք է, խորհրդային տիպի սոցիալիզմից՝ մնացյալ աշխարհին հատուկ հասարակարգ ոտք դնելու ցավագին հատկանիշ՝ հատուկ անցման շրջանին, որից նրանք պետք է հետզհետե դուրս ելնեն աշխատանքի միջոցով:

Քաղաքական գործիչը միշտ էլ քննադատելի տեղեր ունի, բայց, արդյոք ճի՞շտ է նախընտրական շրջանում թեկնածուի ըստ արժանվույն գնահատմանը անպայման նաեւ քննադատություն ավելացնել: Կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ, բայց այսուհանդերձ մի բան կցանկանայի նշել: Մեր հասարակությունը, մասնավորապես՝ մտավորականները, գիտնականները հանրապետության նախագահի հետ շփումների, հաղորդակցվելու, տեղեկանալու, արտահայտվելու պակաս ունեն: Սա եւս, անշուշտ, նախագահի բնավորության գծերից մեկի հետ պիտի կապված լինի: Ի դեպ, այն նշում է վերը, բնաբանում, մեջ բերված հորոսկոպը, որտեղ ասված է նաեւ, թե «Այծեղջյուրը ինքնապարփակ է»: Սակայն Ղարաբաղյան շարժման թեժ պահերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջողությամբ հաղթահարում էր այդ գիծը, միտինգներում իր ունեցած բոցաշունչ ելույթներով: Իհարկե, դրանց ժամն անցավ, բայց շփման անհրաժեշտությունը տակավին կա եւ միշտ էլ կլինի…

Ի եզրափակումն կասեմ, որ թե՛ անցած հնգամյակի համայնապատկերը, եւ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեր հանրապետության քաղաքական երկնակամարում գրաված տեղը լիովին հիմք են տալիս ընտրելու նրան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ հաջորդ հնգամյակի համար եւս:

Ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի 1996թ. գրած հոդվածը (տպագրության հանձնված «Բնօրրան» հանդեսին. օգոստոս, 1996թ.) ժամանակին չի հրատարակվել ՏերՊետրոսյանի խնդրանքով՝ ընտրությունների նախօրյակին հեղինակի բարեկամական վերաբերմունքը չչարաշահելու նկատառումով։ Տե՛ս ՀՀԱՆԱ, թղթ. 13/00.08.1996:

Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, արեւելագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031