Լրահոս
Օրվա լրահոսը

Իվլիան Խաինդրավա․ «Հակամարտության լուծումից հետո գործի մեջ է մտնում բիզնեսը, որը դառնում է խաղաղության գործոն»

Ապրիլ 11,2024 18:40

«Անկախացումից հետո Հարավային Կովկասում սկսեցինք հարաբերություններ պարզել, հայերն՝ ադրբեջանցիների հետ, վրացիներն՝ օսեթների հետ, հետո՝ աբխազների։ Այս ամենը արժեցավ մարդկային մեծ կորուստներ, խեղաթյուրված ճակատագրեր, հսկայական ռեսուսրներ։ Հայ-ադրբեջանական սպառազինությունների մրցավազքը, պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ ռեսուրսներն ուղղվեին այդ երկրների եւ ընդհանրապես տարածաշրջանի զարգացմանը, դա ամբողջովին կփոխեր պատկերը»,-այս մասին այսօր Երեւանում կայացած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում հայտարարեց վրացի փորձագետ Իվլիան Խաինդրավան։

Նա նշեց, որ մեր անկախությունների այս 30-ից ավելի տարիները մենք պրագմատիկ ձեւով չենք օգտագործել, ասաց՝ օրինակ բալթյան երկրներն արդեն ՆԱՏՕ-ի անդամ են։

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, նա նշեց՝ երկու երկրներում որքան էլ փոխվել են իշխանությունները, բարիդրացիական հարաբերությունների կարեւորությունը երկու կողմերում միշտ եղել է։

Ապա Խաինդրավան արձագանքելով ՀՀ ԱԳ փոխնախարար Կոստանյանի այսօր համաժողովում արած հայտարարությանը, թե նախկինում հայ-վրացական հարաբերությունները առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա, ասաց՝ ես կարծում եմ՝ դա ավելին էր, քան չվնասելու սկզբունքը, իմ կարծիքով՝ «ինչով կարող ենք, կօգնենք» սկզբունքով էր։

Հիմա, ըստ փորձագետի, հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի վրա պետք է դնել, քանի որ երկրների միջեւ հուշագիր է ստորագրվել, եւ հատկապես, որ երկու երկրների արտաքին քաղաքականության վեկտորը համընկնում է։

«Հակամարտությունները սովորաբար լուծվում են կամ ռազմական կամ քաղաքական ճանապարհով, հաճախ՝ ռազմական։ Բայց այդ հակամարտության լուծումից հետո գործի մեջ է մտնում բիզնեսը, տնտեսությունը, ֆինանսները եւ այլն, եւ բիզնեսը հետո սկսում է լուրջ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա, եւ որպես կանոն, դառնում է խաղաղության գործոն»,-ասաց Խաինդրավան։

Նա օրինակ բերեց, ասաց՝ փետրվարին Գերմանիան կես տոկոսով ավելացրել է ՌԴ արտահանումը, սա փոքր թիվ է, բայց սա ռուս-ուկրաինական պատերազմի ու ԵՄ-ՌԴ հարաբերությունների դեպքում կարեւոր թիվ է։

«Ժամանակն է Հարավային Կովկասը դարձնենք աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տարածաշրջան»,-ասաց Իվլիան Խաինդրավան։

Նա նկատեց, որ տարածաշրջանի պետությունները՝ Հայաստան,Վրաստանն առանձին վերցրած, եւ փորձագետի խոսքով՝ նույնիսկ Ադրբեջանը ավելացրած, որի բնակչությունը գերազանցում է այս երկու երկրների բնակչությանը միասին վերցրած, առանձին -առանձին չեն ձգում, չեն կարող հավակնել լուրջ ու խոշոր նախագծեր ներգրավել, իսկ եթե այդ տարածաշրջանը գտնվում է կարեւոր ենթակառուցվածքային, տրանսպորտային հանգույցներում, ապա դա այլ հարց է եւ դա մի բան է, որի հետ պետք է հաշվի նստել, որտեղ պետք է ներդրումներ անել․ «Պետք է գտնել ձեւաչափեր տնտեսական եւ քաղաքական հետաքրքրությունների համընկման համար, որոնք կլինեն ձեռնտու նաեւ ուրիշներին»։

Խաինդրավան նշեց՝ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները Հնդկաստանի հետ, դա շատ լավ է․ «Հնդկաստան, բարի գալուստ Հարավային Կովկաս Հայաստանի միջոցով։ Վրաստանն էլ ԵՄ-ի եւ Չինաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմ ունի, արդյոք այստեղ հնարավոր օգուտներ չկա՞ն Հայաստանի համար, նաեւ՝ Ադրբեջանի։ Այո, դժվար է դա անել, հեշտ չէ գտնել ուղիներ լավ ու անվտանգ ապրելու համար եւ հատկապես դժվար է այսօր, երբ շատ բան անկանխատեսելի է, բայց սա պետք է փոքր երկրներին դրդի սերտ հարաբերություններին ու միմյանց օգնելուն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930