Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի ազատագրման եւ հաջողության ֆենոմենը այն էր, որ հայ ժողովուրդը կարողացավ ժամանակակից ռազմական արվեստի համաձայն պլանավորել ու իրականացնել օպերացիան»․ Սեյրան Օհանյան

Մայիս 09,2025 15:11

«Որքան էլ դժվար իրավիճակում լինենք, պետք է շնորհավորենք Հաղթանակի տոնի կապակցությամբ, որովհետեւ այս տոնը Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն է միասնական։ Հայաստանն ու Արցախը մեծ ներդրում են ունեցել այդ հաղթանակում։ Եվ պետք է արձանագրենք, որ մեր պապերը մեզ նվիրել են հաղթանակի օր, իսկ մեր սերնդակիցներով այն դարձրել ենք եռատոն։ Տարիներ առաջ Շուշիի ազատագրմամբ այս տոնը նաեւ եռակի նշանակություն ունեցավ։ Եվ դրանով նաեւ հիմք դրվեց Արցախի Պաշտպանության բանակի ձեւավորմանը»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ Արցախը կորցնելուց հետո որոշակի նեղացել է այս տոնի նշանակությունը, բայց մենք չպետք է նսեմացնենք հաղթանակը։ «Եվ, գտնվելով այսօր Եռաբլուրում, մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր պատերազմների հերոսներին։ Եվ այդ հարգանքի տուրքով կարծես պարտավորվում ենք, որ նրանց գործը մենք պետք է շարունակենք։ Դժվար իրավիճակում ենք, չափազանց աղետալի հետեւանք է ունեցել այդ պատերազմը՝ Ադրբեջանի հանցագործությունների եւ մեր իշխանության անգործության պատճառով, բայց սա դաս պետք է լինի բոլորիս համար, հետեւություններ պետք է անենք՝ մեր ապագան ավելի լավ տեսնելու եւ հետագա հաջողություններ անելու համար»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Նա դրվագներ հիշեց Արցախյան առաջին պատերազմից։ Նշեց, որ Խորհրդային միության կողմնակալ քաղաքականության պայմաններում Ադրբեջանն Արցախի շրջաններն իրար կապող բոլոր ճանապարհներին ադրբեջանական բնակավայրեր էր կառուցել Արցախյան առաջին ազատամարտի տարիներին։ Որտեղ չկային այդ բնակավայրերը, կառուցվեցին, որտեղ էլ կային, հզորացման, եւ այնուհետեւ դրանք վերածվեցին հզոր ռազմական հենակետերի, որտեղից անընդհատ ճնշում էր գործադրվում հայկական բնակավայրերի վրա, հրթիռակոծություն էր տեղի ունենում։ Շուշիից ամեն օր հրթիռակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, ժողովուրդը գտնվում էին նկուղներում, եւ չափազանց դժվար էր իրականացնել ժողովրդի կենսագործունեությունը, պետականաշինությունը եւ պետության կառավարումը։ Դրա համար որոշում ընդունվեց ներքին այդ ճակատներից՝ ռազմական հենակետերից ձերբազատվել։ Եվ այդպիսի մի բնակավայր Շուշին էր։

«Եվ կարող եմ ասել, որ Շուշիի ազատագրման եւ հաջողության ֆենոմենը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը, չափազանց մոտ լինելով պայքարի ոգուն, գաղափարական պատրաստակամությամբ ու հայրենասիրությամբ, գումարած դրան, նաեւ ռազմական արվեստին տիրապետելով, կարողացավ ժամանակակից ռազմական արվեստի համաձայն պլանավորել ու իրականացնել Շուշիի օպերացիան։ Այն մեծ նշանակություն ունի, նախ եւ առաջ պատմական առումով վերականգնվեց արդարությունը, եւ հայ ժողովուրդը տիրացավ Շուշիի բարձրավանդակին։

Երկրորդ, ռազմական առումով ով տիրապետում է Շուշիի բարձունքին և, ընդհանուր առմամբ, Արցախի բարձունքներին, նրանց համար մեծ հնարավորություն ու հեռանկար է բացվում՝ ռազմական հաջողության հասնելու համար։ Շուշիի ազատագրումը նաեւ ճանապարհ բացեց մայր Հայաստանին միավորվելու եւ այնուհետեւ Հայաստանի հետ միասին ինտեգրված իր զարգացումն ու անվտանգությունն ապահովելու համար։ Կոնկրետ մարտավարական առումով հրամանատարներն ու ստորաբաժանումների, ջոկատների զինվորները պարզապես իրենց քաջագործությունների շնորհիվ, մագլցելով այդ բարձունքները, այդ ժայռերն ի վեր, կարողացան հաղթանակ տոնել հենց Շուշիում։ Դա հպարտություն էր ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայ ժողովրդի համար, որովհետեւ մենք մեր հաջողությունները միշտ ունեցել են միասնության շնորհիվ։ Այդ միասնությունը եռամիասնություն դարձավ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, եւ այդ եռամիասնության շնորհիվ մենք ունեցանք հաղթանակներ»,- ասաց Օհանյանը։

Նա հիշեց, որ 1992 թվականի մայիսի 9-ին մեծ ոգեւորություն էր տիրում Շուշիում ու ամբողջ Արցախում։ Պայքարի արդյունքը հաջողությունն էր, այդ հաջողությունը հետագայում հիմք հանդիսացավ բանակի ձեւավորման եւ նաեւ ազատագրված ամբողջ Արցախի անվտանգության ու կայուն զարգացման համար։ Հայ ժողովուրդն իրեն տեր էր զգում իր տարածքում, իր երկրամասում եւ իրավունք ուներ ինքնորոշված ապրել, այնպես, ինչպես ԽՍՀՄ մյուս բոլոր պետություններն էին ինքնորոշվել։

«Արցախի ինքնորոշումն այնպես է տեղի ունեցել ԽՍՀՄ օրենքներով, ինչպես Հայաստանի, Ադրբեջանի եւ մնացածների։ Եվ Արցախի ինքնորոշումը, Արցախի ազատությունը որեւիցե կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Այդ ոգեւորությունը կար, եւ այդ ոգեւորությունն էր, որ հիմք տվեց, որպեսզի մենք կշռադատված, սառնասիրտ որոշումներ ընդունենք, պլանավորենք ողջ պետության բոլոր ոլորտները, հատկապես պաշտպանական ոլորտում եւ միավորված ուժերով ունենանք հաջողություններ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031