Չնայած որոշակի նմանություններին, անկարելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարել նման ղեկավարներ։
Դատելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում նրա բոցավառ, «գժական» եւ մեր երկրի փաստացի ղեկավարի ադեկվատության մասին կասկածներ առաջացնող ուղերձներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնատիրապետումը շարունակ անկառավարելի է դառնում։
Գործակալ լինելու մասին էժանագին հակադարձումներն անթաքույց են դարձնում նրա շնչած թույնը իր քննադատների նկատմամբ։
Այլ բացատրություն ունե՞ն «համբալ», «վեր ընգի տեղդ, նեռվերս չուտես», «Շպիոններ» արտահայտությունները։
Կարդացեք նաև
Եկեք, տեսեք, որ ունեն։
Փաշինյանին հայ ժողովրդի փրկիչ հռչակող, «Հա, շատ սխալներ ունի, բայց հո Քոչարյան չի՞» կարծիքի տեր մեր համաքաղաքացիները շատ հնարամիտ եւ ընդարձակ երեւակայություն են բանեցնում՝ արդարացնելով Փաշինյանին անխտիր ցանկացած հարցով։
Գժության թեզը
Հունվարի 20-ին Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո Փաշինյանին արդարացնող ինձ հանդիպած թեզերից մեկը հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Հո մենակ Նիկո՞լը չի տենց գիժ-գիժ բաներ անում, հլը Թրամփին նայի, մաքուր գիժ ա»։
Որեւէ նպատակ չունեմ արդարացնել Ամերիկայի նախագահին։ Անպարկեշտ են նրա ինքնահավան քայլերը՝ արհեստական բանականությամբ Հռոմի պապի հանդերձանքով, մկանոտ սուպերհերոսի կեցվածքով լուսանկարների հրապարակումը Սպիտակ տան սոցիալական պաշտոնական էջերում։ Պախարակելի է նաեւ նրա անհամեստ ինքնագովազդը եւ ոչ քաղաքական բնույթի վիրավորական արտահայտությունները ԱՄՆ նախկին նախագահների, հատկապես նրա նախորդի՝ Ջո Բայդենի, Թրամփի խոսքով՝ Sleepy Joe-ի (Քնկոտ Ջո) հասցեին։
Այնուամենայնիվ, դժվարանում եմ որսալ բացատրությունը, թե ինչպե՞ս են Դոնալդ Թրամփի, այսպես կոչված՝ «գժություններն» արդարացնում վարչապետ Փաշինյանի «գժությունները»։ Մեկ ղեկվարի ցածրամակարդակ դրսեւորումները, անգամ եթե նրա կարգավիճակը տասնապատիկ ավելին է, քան մյուսինը, չի կարող արդարացնել այլ ղեկավարի նույնատիպ դրսեւորումները։
Բացի դա, թեպետեւ Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը նմանություններ կիսում են, նրանք ունեն մեկ հսկայական տարբերություն, որը կոտրում է հայ փաշինյանական մտքի՝ «Հա, Փաշինյանը գժոտ բաներ ունի, բայց հլը Թրամփին նայի» թեզը։
Խառնվածք եւ պահվածք
Անշուշտ, ՀՀ վարչապետն ու ԱՄՆ նախագահը խառնվածքի ընդհանուր գծեր ունեն. կենտրոնացում սեփական էության վրա, փառասիրություն, պարծենկոտություն, սեփական «աննախադեպության» մոլուցք։
Երկու առաջնորդների պահվածքները նույնպես որոշակիորեն նման են միմյանց. քննադատներին հակապետական շահերի սպասարկման մեղադրանքներ, անհանդուրժողականություն ոչ յուրային լրատվամիջոցների նկատմամբ, անհարգալից բառապաշարի կիրառում, բռնակալներին բնորոշ որոշ դրսեւորումներ։
Իսկ ո՞րն է այն հսկայական տարբերությունը, որտեղ Փաշինյան-Թրամփ նմանության որոնումը անհույս գործի է վերածվում։
Թրամփը նույնն է ամենուր
Դոնալդ Թրամփն ամեն տեղ, յուրաքանչյուր իրավիճակում նույնն է։ Լավ, թե վատ, նա այն է, ինչ կա։ Նիկոլ Փաշինյանը՝ անկայուն է եւ փոփոխական։ Կախված է նրանից, թե նա որտեղ է եւ ում հետ։
Դոնալդ Թրամփը իր ներքին քննադատների նկատմամբ կոպիտ է, այո։ Բայց նա այդ նույն կոպտությունը պահպանում է արտաքին հարաբերություններում նույնպես. ապացույց՝ Թրամփ-Զելենսկի հայտնի դիմակայությունը Սպիտակ տանը։
Նիկոլ Փաշինյանի երկվությունը
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով վերջին երկու այցելությունների ժամանակ ժամանել էր առյուծի կաթ խմած։ Է՛լ մատ թափ տալ, է՛լ մուննաթ գալ, է՛լ անհասկանալի շարժումներ, է՛լ «տղայական» բառապաշար։
Ադրբեջանի, Թուրքիայի պաշտոնյաների հետ շփումներում Փաշինյանը, հավանաբար, չի հասցնում այդ նույն առյուծի կաթից մի երկու կում անել։ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումներում ՀՀ վարչապետը նախընտրում է զսպվածությունը, հնազանդությունը, զիջողականությունը։ Այլ պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս վարչապետն ընդունում է խեղճ մի ժողովրդի, գթասրտություն աղերսող ազգի առաջնորդի կեցվածք։
Ուստի, ինքնին սխալ է Նիկոլ Փաշինյանի՝ երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյային անհարիր պահվածքն արդարացնել մեկ այլ, ավելի ազդեցիկ երկրի ղեկավարի նույնպես տարակուսանք առաջացնող պահվածքով։
Իսկ երկրորդ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի միջեւ առկա է բնավորության ծանրակշիռ մի տարբերություն, որն անտեղի է դարձնում երկու գործիչների դրական համեմատությունը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2025
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով