«Երևանի քաղաքապետարանում մարդիկ լուսնից չեն իջել։ Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է աշխատեն օրենքով ու թափանցիկ, կաշառակերությամբ կզբաղվեն Երևանի քաղաքապետարանում և այլ տեղերում, պետք է պատժվեն»,- Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան լրագրողների փաստմանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել, այսպես պատասխանեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց՝ ՔՊ-ն կամ իրենց իշխանությունը որևէ մեկին չի թաքցնում, կոռուպցիան չի խրախուսում․ «Բոլոր այն մարդիկ, որոնք կոռուպցիայով են զբաղվում, պատժվում են»։
Լևոն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։ Հարցին՝ համակարգային կոռուպցիան ո՞րն է, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այն է, որ մարդիկ վերևից ներքև գումար են փոխանցում և բոլորն էլ թաթախված են»։ Լրագրողները հարցրին՝ ԱՆԻՖ-ի գործը կոռուպցիոն բուրգ չէ՞, փոխքաղաքապետը պատասխանեց․ «ԱՆԻՖ-ի գործը կոռուպցիոն բուրգ չէ։ Համապատասխան մարմինները տեղյակ են և զբաղվում են»։
Լևոն Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ 2018-ից հետո իրավապահ համակարգը բարելավվել է, իսկ լրագրողները նկատեցին՝ յոթ տարի այս իշխանությունը հնարավորություն ուներ նախկինների խախտումները բացահայտել, ինչը չեն արել, փոխքաղաքապետն արձագանքեց․ «Հարց եք տալիս, որի շուրջ երկար խոսել է պետք։ Իրավական համակարգը միգուցե բացարձակ ճիշտ ուղու վրա դրված չէ, բայց մի բան կարող եմ ասել, որ կոռուպցիայի դեմ այսպիսի պայքար նախկինում չի տարվել։ Աննախադեպ պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Եթե ստեղ կա մի մարդ, որը չի ընդունում, որ ընտրությունները 2018-ից հետո չեն կեղծվել, ես չեմ ուզում խոսակցությունը շարունակել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ