Քաղաքականապես ակտիվ դեմքերին ներգրավվելով նման քաշքշուկի մեջ, իշխանությունը փորձում է նրանց դուրս մղել քաղաքական գործընթացներից․ այս կարծիքին է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող հերթական դատական գործի մասին։
Իշխանության այս վարքագիծը, ըստ նրա՝ դրսեւորվում է Սերժ Սարգսյանի դեպքում, Արմեն Աշոտյանի եւ այլն։
Նա հիշեցրեց «դիզվառելիքի» հայտնի գործը, որը տարիներ շարունակ ձգվեց, արդյունքում երեւաց, որ ապատեղեկատվություն էր, քանի որ իրավական գործընթաց չկա դրանում։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող հերթական դատական գործը։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրման մասին։
Տիգրան Աբրահամյանը պատասխանեց՝ երկու հայտարարությամբ խորհրդարանական խմբակցությունն արտահայտել է իր կարծիքը․ այն է՝ առանց նախապայմանների համաձայն են քննարկման, ոչ թե քվեարկության․ «Չենք կարող Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, նրա հետ ասոցացվող, նրա արբանյակ հանդիսացող մարդով։ Խնդիրը մեկ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուսի հասնելն է, ոչ թե պտիչկա դնելը եւ ասել՝ չեղավ»։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Քոչարյանի թեկնածությունն աներկբա կընդունի՞ ՀՀԿ-ն, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց՝ իրենց համար կարեւոր է, որ թեկնածուի շուրջ հնարավորինս լայն համախմբում լինի եւ թեկնածուն լինի այնպիսինը, որ ստեղծված իրողություններում ի զորու կլինի առաջնորդություն ստանձնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ