Ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել. դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող վերակենդանացված գործին։
«Գիտակցում են, որ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը կարեւորագույն դերակատարներ են ՀՀ ներքաղաքական դաշտում»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս գործն էլ արժանանալու է նույն ճակատագրին, ինչին արժանացավ «դիզելի գործը»։
«Ակնհայտ է, որ լինելու է արդարացուցիչ վերդիկտ։ Առնվազն խայտառակություն է, որ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ հանդգնում են իրենց քաղաքական շահերի համար շրջանառել Եռաբլուրի անունը, որը որեւէ կապ չունի այս գործի հետ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող հերթական դատական գործը։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ