Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ղեկավարը սուրճ առաջարկողի կարգավիճակում. Անաստաս Իսրայելյանը՝ Ալիեւին սուրճի հրավիրելու մասին

Մայիս 22,2025 22:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանի տպավորությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի ընդմիջման ժամանակ Ալիեւին սուրճ խմելու հրավիրող Նիկոլ Փաշինյանը կարծես լիներ բարմենի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահին ուղղված սուրճի հրավերի վերաբերյալ սոցցանցերում մայիսի 16-ին կադրեր էին հայտնվել Տիրանայից, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին ։

Տեսանյութում լսվում էր, թե ինչպես է Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում սուրճի, ինչին ի պատասխան Ալիեւն ասում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։

«Ես ուզում եմ, որ մեր ամբողջ ազգը տեսնի ու հասկանա, թե մեր երկրի ղեկավարն այսօրվա իրավիճակում ով է: Խայտառակ պարտություններից, Արցախի կործանումից հետո գնում են, հայտնվում դավաճան թշնամիների մեջ, քննարկումների ու ինչ-որ բաների մասնակցում: 30 տարի, երբ Արցախը ազատ էր, Հայաստանը՝ ուժեղ, այդ ժամանակահատվածում այդ նույն Էրդողանը, այդ նույն Ալիեւը նմանատիպ հանդիպումներ մեր ղեկավարների հետ չեն ունեցել: Ոչ թե, որ չեն ուզել, այլ չեն կարողացել: Երազել են նման հանդիպումների մասին: Այդ հանդիպումների ժամանակ մենք էինք այն կարգավիճակում, որ հիմա իրենք են ներկայացնում իրենց, իրենք էլ՝ գլուխները կախ, ման գալով մտածում էին, թե ինչ թեմայով խոսակցություն տանեն, որ այդ ղեկավարների դուրը գա, կամ այդ ղեկավարները ինչ-որ ձեւի իրենց ուշադրություն դարձնեն»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Անաստաս Իսրայելյանը:

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը սուրճ հրավիրելիս բարմենի կարգավիճակում էր. «Երկրի ղեկավարը ինչ-որ բարմենի դերում, սուրճ առաջարկողի կարգավիճակում: Հասկանալի է, որ այս իրավիճակում հայտնվել ենք նման ղեկավարի մեղքով ու հետագայում էլ նույն կերպարով ու նույն ձեւաչափով ենք լինելու: Այսօր, որ ասում եք՝ Ալիեւը պահանջում է Սահմանադրության փոփոխություն կամ Արեւմտյան Հայաստան, այս ամենը ՀՀ ներկա իշխանությունների բացթողումն է, անպիտան, դավաճան գործողությունների արդյունքն է»:

Բանախոսը նաեւ ժողովրդին կոչ արեց խելքները գլուխները հավաքել, աչքերը բացել. «Եթե իրոք հայ ազգի ներկայացուցիչներ ենք, չպետք է թույլ տանք, որ հետագայում նման մարդիկ պատմական որոշումներ կայացնեն մեր ազգի հետ կապված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031