Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին իրավապահները «Տիկ Տոկ» հավելվածում Արմեն Մկրտչյան օգտատիրոջ էջում հայտնված տեսանյութի հետքերով հոգեկան ներգործության հոդվածով քրեական վարույթ են նախաձեռնել:
Տեսանյութում Մերձավանի դպրոցի աղմկահարույց պատմության ուսուցչուհին է՝ Ռոզա Դավթյանը, ումից դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը ներողություն է խնդրում ու պատասխանում Արմեն Մկրտչյան անունով անձի հարցերին: Վերջինս էլ հենց նկարահանում է աշակերտին:
Տեսանյութի ուսումնասիրմամբ՝ իրավապահները նախնական տվյալներով արձանագրել են, որ աշակերտը ներողություն է խնդրում՝ գտնվելով այլ անձի կողմից ենթադրաբար գործադրված հոգեբանական ճնշման ներքո։ Մեզ հաջողվեց պարզել միայն, որ աշակերտը, որը ներողություն էր խնդրում ուսուցչուհուց, բնավ ուսուցչուհու դեմ սկսված արշավի հայտնի դեմքերից չէ: Թե ով էր աշակերտին հարկադրել ներողություն խնդրել ու այդ ամենը նկարել ու գցել «Տիկ Տոկ», մեզ չհաջողվեց պարզել:
Սակայն մեր տեղեկություններով՝ ներողություն խնդրող աշակերտն ու այդ ամենը տեսանկարահանած 43-ամյա տղամարդը բնակվում են հարեւանությամբ:
Դպրոցի տնօրեն տիկին Մկրտումյանը դեպքի առնչությամբ հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ