ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը գրում է.
Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը։
Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։
Օրինակ, արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջս հարազատներին՝ համարելով նրանց անցյալ և կենսագրություն չունեցող անձինք։
Կարդացեք նաև
Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում։
Միամտություն կլինի կարծել, թե այս պայքարում քննիչներն ու դատախազները ղեկավարվել են իրենց իդեալներով ու երազանքներով, կամ չեն իմացել վերը նշված հանգամանքների մասին։ Համոզված եմ, որ մերօրյա Դոն Կիխոտը Սանչոյին անպայման կասեր. պարտավոր ես գիտակցել, որ անձնական և խորապես բարոյական պատասխանատվություն ես կրում, անգամ՝ «այլոց կողմից ընդունված» քո որոշումների համար։
Առայժմ այսքանը:
ԱԺ պատգամավոր՝ Արմեն Գևորգյան