«ՀՀ-ն հիմնականում իրականացրել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները, իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը խախտել են այն։ Իրավական տեսանկյունից` այդ համաձայնագիրն այլևս ուժ չունի, և կարելի է ասել, որ կորցրել է իր իրավական ուժն ու արժեքը։ Երեք կողմերից երկուսը խախտել են համաձայնագիրը»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Քրիստիան Մխիթարյանը (Աշաֆենբուրգ, Գերմանիա)։
Ըստ նրա՝ ԼՂ-ում Էթնիկ զտումից հետո կարող ենք հստակ ասել, որ համաձայնագիրն իր ուժը կորցրել է։
Խոսելով «Զանգեզուրի միջանցքի»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների մասին՝ Քրիստիան Մխիթարյանն ասաց․ «Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը լուրջ խնդիր է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Այն լոգիստիկ և աշխարհաքաղաքական կապ է ապահովելու թյուրքական աշխարհի համար։ ՀՀ հարավային տարածքը Ադրբեջանը որպես ադրբեջանական տարածք է ներկայացնում՝ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարը առաջ տանելու նպատակով։ Թուրքիան և Ադրբեջանը պատմականորեն ցանկացել են կապ հաստատել երկու պետությունների միջև, և Սյունիքի մարզը՝ որպես ռազմավարական օղակ է դիտարկվում իրենց կողմից»։
Կարդացեք նաև
Քրիստիան Մխիթարյանը փաստեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում հղում չկա որևէ միջանցքի, միակ հղումը Լաչինի միջանցքին է, որը սահմանված է 6-րդ հոդվածով, և որ այդ միջանցքը ՀՀ-ի և ԼՂ միջև կապ պետք է ապահովեր ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո․ «Այն՝ որպես Զանգեզուրի միջանցք դիտարկելը դեմ է ինչպես համաձայնագրի տեքստին, այնպես էլ պաշտոնական ռուսական մեկնաբանությանը։ Ռուսական կողմից էլ մի քանի անգամ մերժել են միջանցքի գաղափարը։ Իրանը մերժում է միջանցքի գաղափարը, որը Սյունիքի մարզով կանցնի և կձևափոխի տարածաշրջանային սահմանները։ Ցանկացած միջանցքի ստեղծման փորձ կդիտվի որպես Իրանի տարածքային ամբողջականության սպառնալիք։ Իրանը մտավախություն ունի, որ այդ միջանցքը կկտրի Իրանը Հարավային Կովկասից»։
Ըստ Քրիստիան Մխիթարյանի՝ Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է իրականացնում «Զանգեզուրի միջանցքի»՝ իր գաղափարախոսությունն արդարացնելու համար․ «Հիբրիդային այդ պատերազմը ներառում է սահմանային սադրանքներ, ռազմական ճնշում, պրովոկացիաներ, նաև բնակչության վրա ճնշում գործադրելու պարտավորություն, ինչի նպատակն է փոքր քայլերով առաջխաղացում դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։ Էրդողանը հաճախ մոտիվացնում է Ալիևին, որ իրականացնի այս ծրագիրը և խնդիր չունի այս համատեքստում ՀՀ ներխուժման հետ։ Տեսնում ենք ագրեսիվ հռետորաբանություն ամեն օր Ալիևի և Էրդողանի կողմից, ուստի ՀՀ-ի վրա հարձակման վտանգ ամեն օր կա»։
Քրիստիան Մխիթարյանը վստահեցրեց՝ այլ երկրի տարածքում միջանցքի բռնի բացումը կարող է հանդիսանալ ագրեսիայի գործողություն, եթե այն սպառնալիք է հանդիսանում երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ «Եթե Ադրբեջանը բռնի փորձի ստանալ Զանգեզուրի միջանցք Սյունիքով՝ առանց ՀՀ-ի համաձայնության, հավանական է, որ այն դասակարգվի որպես ագրեսիա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ