2024 թվականին Հայաստանը ԵՄ-ից ստացել է 42 միլիարդ դրամի վարկային միջոցներ, որից 31,2 միլիարդը՝ բյուջեի աջակցության ձեւով․ այս մասին խորհրդարանում, 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Բոլոր եվրոպական կառույցների կողմից, 2024-ին Հայաստանին 8 միլիարդ 476 միլիոն դոլար է տրամադրվել՝ մանրամասնեց նախարարը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին։ Նրան հետաքրքրում էր եվրոպական գումարների ազդեցությունը ՀՀ տնտեսության եւ ՀՆԱ-ի վրա։
Այդ գումարը, Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, ծախսվել է Վեդու ջրամբարի շինարարության վրա, որի աշխատանքները ավարտված են, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգումներ են իրականացվել, նաեւ՝ Հյուսիս-Հարավի տրանշ 3-ի ծախսերն են սպասարկվել։ Հյուսիս-Հարավի չորրորդ տրանշի՝ Սիսիան-Քաջարան հատվածի, թունելների շինարարության համար նախատեսված վարկային գումարները դեռ չեն տրամադրվել․ մրցույթներ պետք է հայտարարվեն, կապալառուները հայտնի դառնան։
Եվրոպական ներդրումների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունների մասին Արմեն Գեւորգյանի հարցերին պատասխանեց նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Արմեն Գեւորգյանը մտահոգվել է՝ վերջին տարիներին Հայաստանում խոշոր եվրոպական ներդրումները նվազել են՝ ի տարբերություն հարեւան երկրների։ Գեւորգ Պապոյանը խնդիրը բացատրում է համապատասխան օրենսդրության անկատարությամբ․ աշնանը կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի՝ նոր, ներդրողներին երաշխիքներ տվող օրենքի նախագիծ։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ անկախությունից ի վեր 1,6 տրիլիոն դրամ է կազմում տարբեր եվրոպական երկրներից ուղղակի ներդրումները Հայաստան։ Խոստովանում է՝ ծավալը կառավարության էլ չի բավարարում, ուստի, տարբեր միջոցներ են ձեռնարկում, օրինակ, մաքսատուրքերի փոխանակության, ինչը ակտիվացրել է արտահանումը ԵՄ երկրներ։
Արմեն Գեւորգյանի հետաքրքրում է նաեւ, կա՞ն երաշխիքներ, որ վաղը Վրաստանը «ստոպ» չի տալու հայկական ապրանքների արտահանումը՝ եվրոպական ուղղությամբ, ինչպես այժմ անում է ԵԱՏՄ-ի պարագայում, ինչն աննախադեպ է։ Խնդիրը Արմեն Գեւորգյանը համարում է ինստիտուցիոնալ, քանի որ այդ ուղղությամբ Հայաստանի արտաքին առեւտուրը դառնում է պայմանավորված ներվրացական հանգամանքներով եւ երաշխիք չկա, որ մեկ այլ հարեւանն էլ նույն բանը չի անի, օրինակ, հարավային ուղղությամբ։
Գեւորգ Պապոյանն ասաց՝ չի ցանկանում կոշտ մեկնաբանություններ տալ, առկա փխրուն իրավիճակն էլ ավելի չվատթարացնելու համար, բայց հավելեց․ «Ըստ էության ստուգում տեղի չի ունեցել, որովհետեւ չէր կարող ունենալ, ըստ ընթացակարգերի։ Այն բոլոր մեքենաները, որոնք թողնվել են, թուղթ չկա, որ ստուգվել են, դրական է, դրա համար ենք թողնում, մյուսները բացասական են, չենք թողնում․ սա բոլոր կողմերը հասկանում են։ Բայց միեւնույն ժամանակ, մենք էլ ենք համաձայն, որ ի վերջո բրենդի արտահանող երկիր պետք է լինենք, ոչ թե մի երկիր, որը ինչ-որ բաներ է խառնում, որ գնային ինչ-որ դիապազոնում ինչ-որ տեղ տեղավորվի։ Ես համաձայն եմ, որ տրանզիտից պետք է ազատորեն օգտվենք, բայց իմ եւ մեր արտադրողների առաջ խնդիր եմ դնում՝ որակյալ արտադրանք ունենալ»։
Գեւորգ Պապոյանն ասաց, որ շուտով Հայաստանում լաբորատորիաներ կգործեն, որտեղ որակի ստանդարտացում կիրականացվի։ Նա կարծում է, որ աշխարհին մաքուր խաղողի սպիրտից արտադրանք պետք է մատակարարենք։
Արման Եղոյանը միջամտեց՝ հավելելով, որ հարցը ավելի քաղաքական էր եւ եթե խնդիր առաջացավ, ի՞նչ պետք է անենք։
«Դե պիտի փորձենք հարցը լուծել, ավելի վատ բաներ էլ կան»,- պատասխանեց Գեւորգ Պապոյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ