Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձում է հերքել, որ Հայ առաքելական եկեղեցու հասցեին իր քննադատությամբ ձայնակցում է Ալահշուքյուր Փաշազադեին

Հունիս 12,2025 10:28

Հաղորդել ենք, որ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»: Մասնավորապես քննադատել էր մայիսի 27-28-ին Բեռնում կայացած համաժողովում Ամենայն Հայոց կաթողիկոսի ելույթը՝ նշելով. «Ադրբեջանի տարածքում՝ համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, չկա Արցախ անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված էր ճանաչել այս պատմական իրականությունը․․․»:

Ալահշուքյուր Փաշազադեի այս հերթական քննադատությունը Հայ առաքելական եկեղեցու հասցեին ադրբեջանական կայքերից մեկը, ինչպես հաղորդում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ հրապարակել էր այս նկարով. «Ալլահշուքյուրը Փաշինյանին աջակցում է…»։

Ի դեպ, հենց Ալահշուքյուր Փաշազադեի ավելի վաղ արած հայտարարությունից հետո սկիզբ առավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրոհը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Եվ չնայած այս ամենին՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է արել, որում նշել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։

Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։

Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է»:

Իր այս գրառման մեջ Նիկոլ Փաշինյանն, ինչպես դեռ 2020-ի ապրիլի 15-ին Ալեն Սիմոնյանն էր արել՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել է ավազանի անունով. «Հայաստանի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արեւշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը եւ նրա նման վեղարավորները։

Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում պնդումներ էին հրապարակվել, որ Կաթողիկոսի իշխանական թեկնածուն Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է: Նիկոլ Փաշինյանն այս գրառման մեջ հերքել է. «Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետեւորդ է եւ ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգեւորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ եւ աստվածավախ Կաթողիկոս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30