Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը
- Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս (տ/տ)։
- Պահանջարկի առումով աճը ապրիլին հիմնականում պայմանավորվել է մասնավոր սպառումով։
- Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների հոսքերի աճն ապրիլին կազմել է 33 տոկոս (տ/տ)։
- Գնաճը շարունակել է գերազանցել 3 տոկոսի թիրախը՝ մայիսին հասնելով 4.3 տոկոսի։
- Ապրիլին շարունակվել է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալների կրճատումը։
- Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի երկնիշ աճը շարունակվել է։
Հավելուրդային բյուջեն ապրիլին պահպանվել է։
Տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4 տոկոսով (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ մարտի 3.7 տոկոսի համեմատ (տ/տ) (պատկեր 1)։ Աճողական կտրվածքով՝ հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում աճը հասավ 4.4 տոկոսի (տ/տ)։ Ապրիլին, մարտի համեմատ, տնտեսական ավելի բարձր ակտիվությունն ապահովվեց շինարարության ավելի արագ աճի (աճը 18 տոկոս, տ/տ) և արդյունաբերության ծավալների ավելի դանդաղ կրճատման ֆոնին (նվազումը 8.7 տոկոս, տ/տ)։ Նշվածը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության ավելի բարձր աճով և մշակող արդյունաբերության աճի տեմպի ավելի դանդաղ նվազմամբ (ապրիլին նվազումը 16 տոկոս՝ մարտի 26 տոկոսի համեմատ, տ/տ)։ Հանքարդյունաբերությունն աճել է 4 տոկոսով (տ/տ)։ Ծառայությունների առումով, առևտուրը և ոչ առևտրային ծառայություններն աճել են համապատասխանաբար 3.2 տոկոսով (տ/տ) և 5.6 տոկոսով (տ/տ)՝ մարտին գրանցված աճի գրեթե կեսի չափով (10.1 տոկոս, տ/տ)։ Բիզնեսի ամսական գրանցումների ցուցանիշը նվազել է 7․1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված անհատ ձեռներեցների գրանցման ցուցանիշի 10․4 տոկոսով նվազմամբ (տ/տ)։
Պահանջարկի առումով, 2025 թ․ առաջին եռամյսակում աճը հիմնականում պայմանավորված էր մասնավոր սպառումով (աճը 15.3 տոկոս, տ/տ)։ Կապիտալի համախառն կուտակումը աճեց 7 տոկոսով (տ/տ)՝ աճին փոքր նպաստում ունենալով, իսկ զուտ արտահանման նպաստումը բացասական էր։
Կարդացեք նաև
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների երկնիշ աճը ապիլին շարունակվեց (աճը 33 տոկոս, տ/տ)։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի կտրուկ՝ 51 տոկոս (տ/տ) աճով և Միացյալ Նահանգներից 26.4 տոկոսով ավելանալով (տ/տ) (պատկեր 2)։
Մայիսին գնաճը հասավ մինչև 4.3 տոկոսի՝ բարձրանալով ապրիլի 3.2 տոկոսից, գերազանցելով 3 տոկոսի թիրախը (պատկեր 3)։ Գնաճը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքով և ոչ ալկոհոլային խմիչքներով (աճը 7.4 տոկոս, տ/տ)։ Բանջարեղենի գների բարձրացումը ամենաշատն է նպաստել սննդամթերքի գնաճին․ աճը հիմնականում պայմանավորված էր ներքին գյուղատնտեսական արտադրանքով։ Առողջապահության (աճը 3.4 տոկոս), տրանսպորտի (աճը 4.2 տոկոս) և ալկոհոլային խմիչքների (աճը 5.8 տոկոս) գնաճը ևս նպաստել է ավելի բարձր սպառողական գներին։ Կրթության գնաճն ամենաբարձրն էր (աճը 7.8 տոկոս, տ/տ), իսկ հագուստի և կոշիկի գնանկումն ամենամեծը (նվազումը 1.5 տոկոս, տ/տ)։
Ապրիլին թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը շարունակեցին նվազել՝ պայմանավորված վերարատահանման ժամանակավոր ալիքի թուլացմամբ (պատկեր 4)։ Արտահանումն ու ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 57.3 տոկոսով (տ/տ) և 43.8 տոկոսով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ նվազմանը զուգահեռ։ Ադամանդի և ոսկու արտահանումը նվազեց համապատասխանաբար 85 (տ/տ) և 74.2 տոկոսով (տ/տ)։ Արտահանման ավանդական ապրանքների թվում՝ արահանման աճին ամենամեծ նպաստումն են ունեցել պատրաստի սննդամթերքը (աճը 33 տոկոս) և կոշկեղենը (հնգապատիկ աճ)։ Առանց 2024 թ․-ին վերարտահանվող հիմնական ապրանքների՝ թանկարժեք մետաղների և քարերի առևտրի, ընդհանուր արտահանման և ներմուծման աճը կազմել է համապատասխանաբար 5 տոկոս (տ/տ) և 9 տոկոս (տ/տ)։ Աճողական կտրվածքով՝ հունվարից ապրիլ ամիսների ժամանակահատվածում արտահանման և ներմուծման նվազումը կազմել է համապատախանաբար 60.4 տոկոս (տ/տ) և 46.5 տոկոս (տ/տ, ընդ որում առևտրային դեֆիցիտն ընդլայնվել է 31․1 տոկոսով (տ/տ)՝ կազմելով 1․4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս ժամանահակատվածում դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը նվազել է՝ կազմելով 35․1 տոկոս ՝ 2024 հունվար-ապրի ամիսների 44․1 տոկոսի համեմատ։ Նվազել է նաև Միավորված Արաբական Էմիրությունների մասնաբաժինը՝ կազմելով 11․6 տոկոս, իսկ ԵՄ-ի և Չինաստանի մասնաբաժինը մեծացել է՝ կազմելով համապատասխանաբար 11.6 և 12.2 տոկոս։
Մայիսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվեց, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց։ ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.5 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և եվրոյի նկատմամբ՝ 1.8 տոկոսով (ա/ա)։ Մյուս կողմից՝ ՀՀ դրամը 1.6 տոկոսով արժեզրկվեց ռուսական ռուբլու նկատմամբ։
Ապրիլին առևտրային բանկերի ավանդները և վարկերն աճեցին համապատասխանաբար 1.5 տոկոսով (ա/ա) և 0.8 տոկոսով (ա/ա)՝ աննշան բարելավելով վարկ/ավանդ հարաբերակցությունը։ Ավանդների աճը պայմանավորված էր արտարժույթով արտահայտված միջոցներով, իսկ վարկերի աճը՝ ՀՀ դրամով վարկերով։ Ընդհանուր ավանդների փոխարժեքով ճշտված տարեկան աճը կազմել է 15.1 տոկոս (տ/տ), վարկերի աճը՝ 28.4 տոկոս (տ/տ) (պատկեր 5)։ Մայիսին ֆինանսական ցուցանիշները կայուն են մնացել․ կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմել է 20 տոկոս, չաշխատող վարկերի ցուցանիշը (NPLs) ցածր է (1.5 տոկոս), իսկ ակտիվների եկամտաբերության ցուցանիշը՝ 3.4 տոկոս։
Ապրիլի ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։ Հարկային եկամուտները (ներառյալ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) ապրիլին անվանական արտահայտությամբ ավելացել են 16․5 տոկոսով (տ/տ)։ Սա հիմնականում պայմանավորված էր շահութահարկի (աճը 16.4 տոկոս, տ/տ) և ԱԱՀ-ի (աճը 33.5 տոկոս, տ/տ) հավաքմամբ։ Ընդհանուր ծախսերն աճեցին 21.9 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի 15.1 տոկոսի (տ/տ) աճով, ավելի բարձր տոկոսավճարներով (աճը 16.6 տոկոս, տ/տ) և սոցիալական ծախսերով (աճը 15.7 տոկոս, տ/տ)։ Կապիտալ ծախսերն ավելի քան կրկնապատկվեցին (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված պաշտպանական ծախսերով։ Ապրիլին արձանագրվեց ՀՆԱ-ի 0․4 տոկոսի չափով հավելուրդ՝ հունվարից ապրիլ ամիսներին հավելուրդն աճողական կտրվածքով հասցնելով ՀՆԱ-ի 0․6 տոկոսին՝ ՀՆԱ-ի 2․4 տոկոսի չափով կանխատեսված պակասուրդի համեմատ։ Տարբերությունը պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և կապիտալ ծախսերի թերակատարմամբ (տարեսկզբից մինչ օրս)։
Պատկեր 1. 2025 թ․ ապրիլին տնտեսական ակտիվությունն աճեց 5․4 տոկոսով (տ/տ) | Պատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին ընդլայնվել | ||
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %) | (հազար ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ | ||
Պատկեր 3. Տարեկան գնաճը 2025 թ․մայիսին հասավ 4.3 տոկոսի | Պատկեր 4. Թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակեց նվազել | ||
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %) | (միլիարդ ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ |
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե |
||
Պատկեր 5. Բանկային ավանդների և վարկերի երկնիշ աճը շարունակվեց | Պատկեր 6. 2025 թ․ հունվարից ապրիլ ամիսներին բյուջեում հավելուրդ գրանցվեց | |
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշտված) | (միլիարդ ՀՀ դրամ) | |
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ |
Աղբյուրը՝ Ֆինանսների նախարարություն |
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ