Իրանի պարտությունը Հայաստանի համար աղետալի կլինի։ «Կռունկ» անգլալեզու փոդքաստի եթերում այս մասին ասել է քաղաքագիտության դոկտոր, ամերիկյան «Լիհայ» համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
«Հայաստանը սահմանակից է չորս երկրի՝ Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին եւ Իրանին։ Դրանցից մեկի հետ Հայաստանն առայժմ պատերազմական իրավիճակում է գտնվում։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Դա Ադրբեջանն է։ Վերջերս պատերազմ է եղել, հարաբերությունները թշնամական են։ Թուրքիան հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանին, չնայած Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նկատվող որոշակի ձնհալին։ Հունիսի 20-ին ՀՀ վարչապետն այցելեց Թուրքիա։ Այնուամենայնիվ, սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ առկա չեն, իսկ Թուրքիան Հայաստանի հետ կապված դիրքորոշումը կապում է Ադրբեջանի հետ։ Վրաստանը բարեկամական երկիր է։ Լուրջ բողոքներ չկան։ Իրանը եւս բարեկամական եւ շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար», – փաստում է Գրիգորյանը։
Նա հիշեցնում է, որ «որոշ հարցերում Իրանը վճռականորեն պաշտպանել է Հայաստանի նախընտրությունները։ Ես, իհարկե, խոսում եմ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից պահանջվող «Սյունիքի միջանցքի» մասին»։
Դոկտորը շեշտում է՝ «Իրանը եղել է այն միակ երկիրը, որը երկաթակամ կեցվածքով ընդդիմացել է ադրբեջանական այս նկրտումներին, ուժով «միջանցք» բացելու պահանջներին՝ հայտարարելով, որ [Հայաստանի հետ սահմանը] կարմիր գիծ է իր համար»։
Կարդացեք նաև
Իրանի պարտության դեպքում Արման Գրիգորյանը չի բացառում Իրանի մասնատումը եւ Իրանի հյուսիսում եւս մեկ ադրբեջանական սուբյեկտի առաջացումը։ Եթե ՀՀ-ն երեք կողմից շրջապատված լինի Թուրքիայով եւ Ադրբեջանով, դա կլինի «ռազմավարական աղետ», նշում է քաղաքագիտության դոկտորը՝ նման սցենարը քիչ հավանական համարելով բայց ավելացնելով՝ այն չի կարելի ամբողջովին բացառել։
Այլ ազդեցություններ ՀՀ-ի վրա
Հայաստանի վրա պատերազմի ազդեցությունների կոնտեքստում Գրիգորյանը հնարավոր է համարում միջուկային վթարների հետքը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի ֆիզիկական մոտակայությունը։ Փախստականների ներհոսքը մեր երկիր եւս հնարավոր է, ըստ դոկտորի։
Իսրայելը ձգտում է Իրանում ռեժիմի փոփոխության
Իրանի դեմ Իսրայելի հարձակման սկզբնական նպատակը տապալվել է, – ընդգծում է պրոֆեսորը։
«Իսրայելի սկզբնական հույսն այն էր, որ անակնկալ հարձակումը կհանգեցնի առավելագույն արդյունքին՝ Իրանում ռեժիմի փոփոխության եւ քաոտիկ իրավիճակի առաջացման։ Այդպես, Իսրայելը կկարողանար իր թելադրած պայմաններով որեւէ նոր իշխանություն ձեւավորել Իրանում», – նշում է Արման Գրիգորյանը, որպես ապացույց ներկայացնում արեւմտյան լրատվական միջոցներին Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի ակտիվ հարցազրույցները։
Ըստ Արման Գրիգորյանի՝ Իսրայելին անգամ չի հաջողվել ջախջախել Իրանի հակահարվածելու կարողությունները՝ մատնանշելով նաեւ ներիսրայելական խոսույթը, ըստ որի՝ հրեական պետությունը թերագնահատել է ԻԻՀ-ի ռազմական կարողությունները։
Զգալով, որ իսրայելական հարձակումներն անբավարար են՝ «որոշվեց, որ Միացյալ Նահանգները պետք է ներգրավվի։ Կարծում եմ՝ հույսն այն էր, որ Միացյալ Նահանգների ներգրավումը կփոխեր բալանսը, իրավիճակը։ Անգամ եթե դա մեկանգամյա հարձակում էր, իրանցիները կարող են․․․բացվել բանակցությունների հնարավորության առջեւ»։
Սակայն, Գրիգորյանը թերահավատ է բանակցությունների արդյունավետության հարցում։ «Իսրայելը ցանկանում է Իրանի միջուկային ենթակառուցվածքների ամբողջական վերացում։ Դա իսրայելական հստակ պահանջ է։ Տպավորություն է նաեւ, որ Իսրայելը ռեժիմի փոփոխություն է ցանկանում տեսնել Իրանում», – կարծում է դոկտորը։
Ցամաքային պատերազմ հնարավո՞ր է
Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ամերիկյան աջակցության երկարաժամկետ կարիք զգացվի, անհնար չէ ցամաքային ներխուժումն Իրանի տարածք։ «Լիհայ» համալսարանի պրոֆեսորը հավանական է համարում ցածր հզորությամբ միջուկային սարքավորումների օգտագործումը, որից խուսափելու համար որպես այլընտրանք կարող է ծառայել հենց ցամաքային հարձակումը։
ԻԻՀ միջուկային ծրագիրը՝ Իսրայելի համար պատրվակ՝ ավելի մեծ նպատակների հասնելու ճանապարհին
Գրիգորյանի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թել Ավիվի մտահոգությունը ընդամենը պատրվակ է, քանի որ 2015 թվականին Իրանի եւ ԱՄՆ-ի համաձայնությամբ հաստատված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը արդեն իսկ վերահսկողություն էր սահմանում իրանական միջուկային ծրագրի վրա՝ երաշխիքներով, որ Թեհրանը միջուկային զենք չի զարգացնի։
Գրիգորյանի կարծիքով՝ Իսրայելի շարժիչ ուժը տարածաշրջանային հզոր գերակայություն հաստատելու մղումն է։ Իսրայելական բնակչության շրջանում, փաստում է պրոֆեսորը, տարիներ շարունակ սերմանվել է փոխզիջումները մերժող, իսրայելական պետության գերակայությանը ձգտող մտածելակերպ։
Հաղթելու դեպքում՝ Իրանը կընդլայնի միջուկային ծրագիրը
Ըստ Արման Գրիգորյանի՝ եթե Իսլամական Հանրապետությունը հաղթի պատերազմում, այն ընդլայնելու է իր միջուկային ծրագիրը։ Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միջուկային զենքի ստեղծմանը, անգամ եթե երկրում հաջողությամբ իշխանափոխություն ընթանա։
Պրոֆեսորը պատմական համեմատական է անցկացնում Իրաքի միջուկային ծրագրի հետ։ 1981 թվականին Իսրայելն իրականացրեց «Օպերա» գործողությունը՝ ոչնչացնելով «Օսիրակ» միջուկային ռեակտորը։ Այս քայլից հետո իրաքյան միջուկային ծրագրի ծավալները զսպվելու փոխարեն ընդարձակվեցին, ներդրումներն ավելացան։ Իրաքը շատ մոտ էր միջուկային զենքի ստեղծմանը, եւ դա կարող էր ի կատար ածվել, եթե Իրաքը չներխուժեր Քուվեյթի Պետություն։
ԱՄՆ հետ բախումից խուսափող ՉԺՀ, զբաղված ՌԴ եւ զգացմունքային ԵՄ
Ռուսաստանի եւ Չինաստանի ներգրավումը իսրայելաիրանական հակամարտությունում քաղաքագիտության դոկտորը հավանական չի համարում, քանզի ՌԴ կարողությունները պետք է ուղղվեն դեպի ուկրաինական ճակատ, ՉԺՀ-ն էլ չի ձգտում հակամարտության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ։
Եվրոպական ուժերի ներգրավման մասին Գրիգորյանը չունի հստակ պատասխան, քանի որ եվրոպական քաղաքականությունը որակում է «զգացմունքային եւ իներցիոն»։ Մատնացույց անելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, արտաքին գործերի եւ անվտանգային քաղաքականության հանձնակատար Կայա Կալասին, Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Անալենա Բերբոքին եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասին՝ Գրիգորյանը եզրահանգում է՝ եվրոպական քաղաքական էլիտան որակազրկվել է եւ, արդյունքում, արտաքին քաղաքականությունը դժվար է կանխատեսել։
Հորդանանի եւ Սիրիայի դիրքորոշումները գնահատելով՝ Գրիգորյանը դրանք համարում է «իսրայելամետ» եւ «ամերիկամետ»՝ ապացույց նշելով նշյալ երկրների օդային տարածքի հասանելիությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի ուժերի համար եւ նախորդ տարի Հորդանանի մասնակցությունը իրանական անօդաչու թռչող սարքերի կործանման գործողություններում։ Իսլամական աշխարհում բարձր հեղինակություն վայելող Սաուդյան Արաբիան նույնպես զերծ կմնա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարման հեռանկարից։
Ինչ տեղի կունենա միջուկային զենքի կիրառման պարագայում
Ըստ քաղաքագիտության դոկտոր, «Լիհայ» համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի՝ եթե աշխարհում կրկին միջուկային զենք կիրառվի, օրինակ՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից, աշխարհն ամբողջապես կվերափոխվի, միջուկային զենքի չտարածման սկզբունքը կփոշիացվի։
Փոդքաստն ամբողջությամբ․
Համատեքստ
Հունիսի 13-ին Իսրայելը օդային հարձակում մեկնարկեց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ պատճառաբանելով, որ Թեհրանի միջուկային նկրտումները գոյութենական վտանգ են ներկայացնում իսրայելական պետության համար։ Հունիսի 22-ին իրանական տարածքին հարվածներ հասցրեց նաեւ ամերիկյան օդուժը։ Իրանն ի պատասխան օդային հարվածներ է հասցնում Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ