Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

Հուլիս 10,2025 16:32

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը:

Դրանից հետո համայնքի ղեկավարը, օգտագործելով իր նախկին ենթակայի նկատմամբ ունեցած ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինականացնելու և գույքի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, ցուցում է տվել վերջինիս անվամբ գրանցված սեփականության իրավունքը փոխանցել իր հետ փոխկապակցված անձին:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է Իջևան համայնքի Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասի իրական պատկանելությունը, խեղաթյուրվել դրա հանցավոր ծագումը, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

    Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031