2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից շուրջ 5 տարի անց իրավապահները մասկի շոուներով ներխուժում են քաղաքացիների տներն ու ձերբակալում նրանց։ Փաշինյանը որոշել է հանրությանը վախի մեջ պահել, անպաշտպանության զգացում սերմանել բոլորի մեջ։ Պատահական չէ, որ վերջին բոլոր խուզարկություններին մասնակցում են ԱԱԾ «Ալֆայի» հատուկ ջոկատայինները՝ դիմակավորված, զինված: Թե ինչու են այդ պարապած տղերքին ուղարկում անզեն կանանց ու երիտասարդների վրա, պարզ է` սարսափ տարածելու։
Երեկ 2 մեքենա՝ ԱԱԾ-ականներով լցված, գնացել է 2 անչափահաս երեխաների մայր Հասմիկ Թադեւոսյանի տուն։ Նա նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում է եղել։ Հասմիկի քույրը՝ Սուսաննա Թադեւոսյանը մեզ պատմեց, որ քրոջը բերման ենթարկելիս մի խայտառակ շոու են սարքել աշխատավայրում` գործընկերների աչքի առաջ։ «Սկզբում տուն են մտել քաղաքացիական հագուստով ուժայինները։ Այդ ժամանակ Հասմիկն աշխատավայրում էր, ուղեկցել եմ նրանց այնտեղ։ Երբ Հասմիկն ասաց, որ չի կարող իրենց հետ գնալ, քանի որ աշխատում է, ագրեսիվ դրսեւորումով նստեցրին ԱԱԾ մեքենան ու տարան։ Զանգել եմ փաստաբան Ռուբեն Մելիքյանին, ասել է, որ չի կարող օգնել` նիստեր ունի, խորհուրդ է տվել այլ փաստաբան գտնել։ Դիմել եմ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբին, օգնության է հասել Արման Ալիխանյանը։ Աջափնյակի քննչականից քույրս զանգեց, ասաց, որ ձերբակալման որոշում են կայացրել։ Քննչական գործողությունները տեւել են մոտ 6 ժամ, որից հետո գիշերը ժամը 11-ին տարել են դատարան»։ Զրուցակիցս ԲՀԿ անդամ է, 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել։ Ասաց, որ սա քաղաքական հետապնդում է, քանի որ ե՛ւ ինքը, ե՛ւ քույրը ակտիվ մասնակցել են բոլոր ընդդիմադիր ցույցերին։ Բայց դատավոր Էդուարդ Մկրտչյանը չի բավարարել քննիչի միջնորդությունը:
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում