ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր:
Միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։
Ֆիդելիսի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանի (լուսանկարում) ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։
Կարդացեք նաև
Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։
Խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը:
Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյան
Հ.Գ.- Քննչական կոմիտեից ի պատասխան այս հայտարարության՝ տվեցին հետեւյալ մեկնաբանությունը.
Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ձեր կողմից տարածվող ապատեղեկատվության վրա:
Մասնավորապես՝ քննիչը անօրինական կերպով չի առգրավել Ռ.Ս.-ի անձնական իրերը:
Անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, կատարվել է անձնական խուզարկություն, որի ժամանակ վերցվել են վերջինիս անձնական իրերը:
Քննիչը կապնվել է Ռ.Ս.-ի հետ՝ խնդրել ներկայանալ և վերցնել անձնագիրը, սակայն վերջինս հրաժարվել է անձնագիրը վերցնելուց և առանց քրեադատավարական ընթացակարգի՝ պահանջել իր անձնական իրերը, ինչը, բնականաբար, քննիչը մերժել է՝ հավելելով, որ միայն դիմում գրելու դեպքում կարող է քննարկվել անձնական իրերի վերադարձի հարցը: